Մեր մանկության տոնածառը

Մեր մանկության տոնածառը
Անտառը եղեւնի չուներ, խանութը՝ խաղալիքներ: Մեր տոնածառը ցրդնի էր, որ կտրում էինք ձորալանջի թփուտներից: Հայրս տախտակի երկու կտոր խաչաձեւ մեխում էր, ցրդնու արմատը սուր տաշում, խրում տախտակաճեղքի մեջ, եւ ստացվում էր ոտնակներով տոնածառ, որ զարդարում էինք գույնզգույն ներկած բամբակափաթիլներով, կոնֆետի, դամբլաչրի եւ ընկույզի միջուկի շարանուկներով: Եւ երգում էինք. «Տոնածառ ջան, տոնածառ/ Կողքովդ պատ տամ, կոնֆետդ կուլ տամ»,- այդ «դպրոցական» կոչվող շոկոլադի համը մինչեւ հիմա զգում եմ եւ հիշում, որ նոր տարին սկսվում էր երեք կարեւոր իրադարձությամբ:



Տատս հոկտեմբերի վերջին առանձնացնում էր հնդկահավի մորթի ենթակա որձակներին եւ ամեն մեկին օրական կերցնում հինգ չմաքրած ընկույզ: Որձակները նաեւ ցորեն էին կտցում: Եւ գիրանում էին: Դեկտեմբերի կեսերին քաղաքի բարեկամներից ծանրոցներ էինք ստանում՝ կոնֆետներ, երշիկեղեն, մանդարին, չամիչ, բոված նուշ: Երբեմն նաեւ տոնածառի խաղալիքներ էին ուղարկում: Հետո գալիս էին փախլավա, գաթա եւ կաթնահունց թխելու օրերը: Թխում, դարսում էին խոր ամաններում, տաք ծածկում, եւ փախլավաները փափկում, բերանում ուղղակի հալվում էին:



Տարեմուտին տատս նաեւ կրկենի էր թխում: Խորիզի մեջ հոնի կորիզ էր դնում: Բայց որովհետեւ կորիզով թխվածքակտորը միշտ հյուր եկած մեկին էր բաժին ընկնում, մի տարի տատս կրկենի չթխեց: Եւ կրկենին մոռացվեց: Մնաց կրկենու «մուժմահին»՝ կլայեկած կլոր պղնձե տապակը, որտեղ ձմռան երեկոներին տատս հետո սկսեց մեզ համար հատիկ եգիպտացորեն կամ սիսեռ բովել: Տոնածառը տան բաց նախասրահում էինք դնում: Եւ երբ նոր տարվա առաջին օրը սենյակից դուրս էինք գալիս, մեզ պարուրում էր փշատերեւի եւ թեթեւ սառնամանիքի հոտը: Անմիջապես դուրս էինք վազում, որովհետեւ գիշերը ձյուն եկած էր լինում: Գնում էինք ձյուներում թավալվելու, տոփանած տեղերում սահնակ քշելու՝ մինչեւ վերջին թելը թրջվելով: Եւ երբ տունք էինք գալիս, մայրերը տնաքաշ օղու եւ տաք ջրի խառնուրդով տրորում, շփում էին մեր սառած ոտքերը: Այդպես էլ քնում էինք վառարանի մոտ՝ ջերմության մեջ չզանազանելով հյուր եկածներին եւ հեռուստացույցի ձայները հազիվ լսելով: Մեր մանկության տոնածառը հանդից բերած ցրդնին էր, որ տասը-տասներկու օր կանաչ չէր մնում: Փշատերեւն արագորեն դեղնում, սկսում էր թափվել, աղտոտել նախասրահը, որի հատակը յուղի պես մաքրությունից փայլում էր:



Եւ մայրս տոնածառը քանդում, կոնֆետները բաժանում էր մեզ: Իսկ դեղնած ցրդնին շպրտում էր ցախի կապուկների վրա՝ մինչեւ տատս կվառեր թոնիրը, եւ մեր տոնածառը կդառնար դյուրավառ կպչան: Մեր մանկության նոր տարին ավարտվում էր դպրոցական արձակուրդների հետ: Մնում էր մանդարինի բույրի զգացողությունը, եւ սպասումը, թե հորաքույրը Մինգեչաուրից, մորաքույրերը՝ Երեւանից էլ երբ են ծանրոց ուղարկելու: Մեր մանկության խանութներում արաբական խուրմա երբեմն պատահում էր կամ՝ քացր «գոզինախ», բայց մանդարին՝ երբեք...



**Վահրամ Աթանեսյան**