Հայաստանում դեռ շատ ոստիկաններ պետք է սպանվեն

Հայաստանում դեռ շատ ոստիկաններ պետք է սպանվեն

Խոշոր ավտովթարի պատճառով զոհվել են երկու ոստիկաններ՝ Խաչիկ Գասպարյանն ու Արեգ Դավթյանը: Երկու երիտասարդներ, որոնք, երևի թե, մտածում էին հերթապահությունը շուտ ավարտել ու հասնել տուն: Բայց ո՛չ, ի՞նչ տուն, քաղաքում մարդակեր է շրջում, որը թքած ունի իրեն շրջապատող միջավայրի, օրենքի ու պետության վրա, նա տրորում ու անցնում է բոլորի վրայով՝ հողին հավասարեցնելով ճանապարհին հանդիպող ամեն ինչ:

Իհարկե ցավալի է, ի վերջո մարդիկ են զոհվել, այն էլ՝ անհեթեթ ու անարդար պայմաններում: Ինչ-որ անձեռնմխելի ու բարձրաշխարհիկ վիժվածք որոշել է, որ Երևանի կենտրոնում կարող է մեքենայով տրորել բոլորին և այդպես էլ արել է: Զոհված ոստիկանների փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը:

Բայց, անկախ ամեն ինչից, չենք կարող նաև չփաստել, որ Հայաստանում դեռ շատ ոստիկաններ պետք է սպանվեն, քանի որ ոստիկանական համակարգը մատնված է անգործության, իսկ արդարադատությունը սահմանվում է ընտրովի: Այսինքն՝ սպանված երիտասարդները առաջին հերթին համակարգի զոհն են, քանի որ քաղաքի կենտրոնում երթևեկության ու առհասարակ համակեցության կանոնները խախտողը արտոնություններ է ստացել հենց ոստիկանությունից: Դեռ քանի՞ այդպիսի արտոնյալներ կան Հայաստանում, գրեթե բոլոր պաշտոնյաններն ու պատգամավորները, նրանց ընտանիքի անդամներն ու բարեկամները, իշխանությունների համար ձայներ հավաքող քրեական տարրերը և այսպես շարունակ, ցանկն անվերջ կարելի է շարունակել: Դեռ քանի՞ հոգու գլուխ պետք է ուտեն այդ արտոնյալները, քանի՞ ոստիկանի վրայով պետք է տրորելով անցնեն:

Ի՞նչ էր լինելու, եթե ոստիկանները կանգնեցնեին «Ճվճվ Արոյի» որդու մեքենան: Ենթադրում եմ առանձնապես ոչինչ, արտոնյալ վիժվածքը ոստիկանների դեմքին էր շպրտելու կլորիկ կաշառքը՝ նույն ոգևորվածությամբ շարունակելով խրախճանքը: Չի բացառվում, որ ողբերգությունից առաջ այլ տեղում արդեն կանգնեցրել էին ու, փայլփլուն աչքերով օրվա հացի փող վերցնելով՝ չէին էլ պատկերացրել, որ րոպեներ անց այդ վճարողունակ մարդակերը տրորելու է իրենց գործընկերներին:

Տեսնես ՃՈ աշխատակիցները կաշառք վերցնելիս երբեմն մտածում են, որ կաշառք տվող օրինախախտը հաջորդ վայրկյանին կարող է նորից օրենք խախտել՝ սպանելով անմեղ մարդկանց: Վստահ եմ այս ակնարկը կարդալու են նաև ոստիկաններն ու ոստիկանապետ Վլադիմիրի Գասպարյանը: Թո՛ղ մտածեն այս հարցի շուրջ, չէ՞ որ տեղեկություններ են շրջանառվում, որ ՃՈ աշխատակիցների վերցրած կաշառքներից փայ ունի հենց ինքը՝ ոստիկանապետը:

Ինչու՞ ժամանակին չէին մեկուսացրել այդ հանցագործին, չէ՞ որ արդեն տարիներ շարունակ լրագրողները ահազանգում են նրա հերոսությունների մասին: Բայց ինչու՞ մեկուսացնեն, հնարավոր է մարդակեր երիտասարդը լավ ընտրակեղծարար է, շրջապատ ու ընկերություն ունի և ՀՀԿ-ի համար ընտրություններին ձայներ է հավաքել: Եվ վերջապես, ինչու՞ պետք է նրան մեկուսացնեին, եթե աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանում քրեական հեղինակություններ ու ոստիկանների թողտվությամբ «սխոդկաներ» անցկացնում:

Ո՞վ չգիտի, որ ոստիկանությունը իշխանությունների պատժիչ մահակն է՝ ժողովրդին ճնշելու և հնազանդեցնելու համար: Հիմա թող սգան իրենց ընկերների մահը և հասկանան, որ իրենք էլ կարող են դառնալ իրենց կողմից պաշպանվող ու փայփայվող անարդար միջավայրի զոհը:

Հավերժ խաղաղություն զոհվածներին: