Գուշակում ենք Սերժ Սարգսյանի մտքինը

Գուշակում ենք Սերժ Սարգսյանի մտքինը
Հայ քաղաքական մտքի գիգանտներն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է գուշակել Սերժ Սարգսյանի մտքինը և չեն կարողանում: Չեն կարողանում ստեղծել քաղաքական այնպիսի կարկաս` կմախք, որի մասերը միացնող գծերից հնարավոր լինի մոտ ապագայի քաղաքական համակարգի շատ թե քիչ տրամաբանական պատկեր ստանալ: Խարխափում են բոլորը. Թերևս հենց այսպես ճիշտ կլիներ բնութագրել իրավիճակը, որը կար սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու` Սերժ Սարգսյանի առաջին հայտարարությունից հետո և ավելի խորացավ, երբ նա Կարեն Կարապետյանին վարչապետ, իսկ Վիգեն Սարգսյանին պնախարար և ապա` Սուրբ Ծննդյան խաչքավոր նշանակեց:



Ես կարող եմ կոնկրետ օրինակով ցույց տալ, թե ինչպես է հայ հայտնի քաղաքական մեկնաբանը նույն լրատվամիջոցում 3 օրում 3 հոդված գրել և ապագա վարչապետի 3 տարբեր անուն նշել: Հիմա ես չգիտեմ որն է ճիշտ` կամ այդ վերլուծաբանը քաղաքականությունից բան չի հասկանում, կամ Սերժ Սարգսյանն է մի վիճակ ստեղծել, որ բոլորը խարխափեն ու մինչև վերջ էլ գլխի չընկնեն, թե ինչ է ուզում անել:



Մեղքս ինչ թաքցնեմ, ինքս էլ, ոգևորված, մի քանի փորձ արեցի այդ ուղղությամբ, բայց, բարեբախտաբար, շուտ հասկացա, որ անիմաստ է պարզել մի բան որ գիտի միայն մեկ մարդ, և այդ մարդը լավագույնս է տիրապետում գաղտնապահության կանոններին: Իմ հոդվածներով ընդհուպ սադրել եմ Սերժ Սարգսյանին, որ նա վերջապես խոսի և հիշի իր խոստումները , որ չի ցանկանում դառնալ ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, իսկ ավելի ուշ նաև` ՀՀ ԱԺ նախագահ: Ապարդյուն: Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց և 2017թ. ԱԺ ընտություններից հետո, ճիշտ է, ապագա քաղաքական համակարգ հիշեցնող ինչ-որ բան ուրվագծվեց, սակայն դա էլ մշուշի պես անհետացավ, երբ, այսպես կոչված «հեռացող նախագահը» սիրավեպ սկսեց Եվրամիության հետ և հիրավի հաջողված այց կատարեց Վրաստան` այդ երկրի իշխանություններից ստանալով արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանի համար աբխազական երկաթգիծը բացելու աննախադեպ խոստում: Թե ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը և թե Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռանկյունում Հայաստանի ստանձնած առաքելությունը հետաքրքիր պտուղներ են տալու: Կհամաձայնի՞ Սերժ Սարգսյանը դրանք թողնել մեկ ուրիշի: Խոստովանեմ` չգիտեմ:



Կան մարդիկ, սակայն, որ գիտեն կամ համարյա գիտեն, թե ապրիլից ով է լինելու Հայաստանի նախագահը, վարչապետը, և նույնիսկ արտգործնախարարը: Այդ մարդիկ համառորեն չեն հանձնվում և շարունակում են խաղալ մի խաղ, որից շատ ուժեղ է Սերժ Սարգսյանը` քաղաքական շախմատ: Եվ պատկերացրեք, շատ քչերի մտքով է անցնում, որ Սերժ Սարգսյանը պարզապես հաճույք է ստանում Հայաստանի և անձամբ իր ապագան գուշակելու այս համընդհանուր տվայտանքից:



Հիմա կասեք` այդ մարդիկ մի բան չասե՞ն, չխոսե՞ն, որ օրներս մթնի: Չէ, ինչո՞ւ, թող ասեն էլ խոսեն էլ, միայն թե զավեշտի չվերածեն վերլուծաբանի, հրապարակախոսի, քաղաքագետի զբաղմունքը: Այլ թեմաներ չկա՞ն:



Խորհրդային միության տարիներին ապագա ղեկավարի անունը զանազան հմայություններով գուշակելու անհրաժեշտություն չկար: Նախ` թույլ չէին տալիս գուշակել, թե ով է լինելու ապագա գենսեկը, եթե գործողը դեռ կենդանի էր: Իսկ երբ վերջինս մահանում էր, հենց նույն օրը հայտարարում էին թաղման կառավարական հանձնաժողովի կազմը և ամեն ինչ իսկույն պարզ էր դառնում. Նա, ով նշանակվում էր այդ հանձնաժողովի նախագահ, նա էլ դառնում էր հաջորդ գենսեկ և պետության առաջին դեմք: Այսպես` Բրեժնևին «թաղեց» Անդրոպովը, Անդրոպովին` Չեռնենկոն, Չեռնենկոյին` Գորբաչովը: Հիմա, իհարկե, ուրիշ ժամանակներ են, և մենք, ասացեք խնդրեմ, չենք կարող սպասել մինչև ապրիլ, որ իմանանք, թե ով կդառնա Հայաստանի հաջորդ ղեկավարը: Քաղաքական դաշտում տեղի ունեցող ամեն մի թրթիռ մեզ համար մեծ իրադարձության է վերածվում և մենք փորձում ենք այդ թրթիռները կապել իրար, պայմանավորել մեկը մյուսով ու այդկերպ գուշակել ապագան: Եվ այդ պրոցեսում զանազան տարբերակներ են ծնվում, մեջտեղ են գալիս ամենատարբեր մեխանիզմներ: Դեռ կա՞ որևէ պաշտոն, որին Սերժ Սարգսյանին չենք նշանակել. ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, Պնախարար, Անվտանգության խորհրդի նախագահ… Մեր գուշակություններից չէ՞ այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը կդառնա գենսեկ և ՀՀԿ շենքից կղեկավարի Հայաստանը: Հետո եկավ Կարեն Կարապետյանը, և բոլորը գրեցին` ահա, խնդրեմ, ծանոթացեք, մեր ապագա վարչապետն է` Մոսկվայից նշանակված: Իսկ ո՞վ է Վիգեն Սարգսյանին նշանակել ապագա արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանին` ՀՀ նախագահ… Սերժ Սարգսյանը երբևէ խոսե՞լ է այս փոփոխությունների մասին: Ոչ: Խոսողը մենք ենք, կասեի` մենախոսողը, տվայտվողը, երազողը, երևակայողը:



Օրերս Սերժ Սարգսյանը մեզ հերթական առիթն ընձեռեց մենախոսելու, տվայտվելու, երազելու, երևակայելու` Վիգեն Սարգսյանին տերտերի շոր հագցնելով և խաչքավոր դարձնելով Սուրբծննդյան տոնին: «Արա՛ա՛ա՛, վսյո, ամեն ինչ պարզ է, Վիգենին բերում են վարչապետ»: Ասում ես` եղբայր, դեռ երեկ գրել էիր, որ վարչապետը Սերժն է լինելու, ինչ փոխվեց մեկ օրում: Փորձում է տակից դուրս գալ. «Էլի Սերժն է լինելու ղեկավար, բայց այնպես է անելու, որ վարչապետն էլ իրեն ենթարկվի»: Այսի՞նքն: «Իր ձեռքն է հավաքելու ուժային կառույցները, պատերազմի ժամանակ դառնալու է գերագույն գլխավոր հրամանատար, ազդելու է տնտեսության վրա, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջոցով ներկայացված է լինելու արտաքին քաղաքականության մեջ…»: Եթե հավատաս այս վերջին «հայտնագործությանը», ապա կստացվի, որ ապրիլից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի կամ Իրանի պես մի պետություն, որտեղ զինվորականությունը կամ ուժային առանձին կառույցներ գրեթե պետություն են պետության մեջ: Սա արդեն զավեշտալի է:



**Էդիկ Անդրեասյան**