Որքան պետք է վճարել չծառայելու դիմաց

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության մայիսի 22-ի նիստի ընթացքում ներկայացրեց նոր օրենսդրական նախագիծ, որը վերաբերում է զինվորական ծառայության պայմանների փոփոխությանը։ Նախագծի նպատակն է սահմանել նոր մոդելներ զինվորական պարտականությունները կատարելու համար՝ առաջարկելով կարճաժամկետ ծառայության հնարավորություններ՝ վճարովի տարբերակներով։
Ըստ նախարարի, նոր օրինագծով առաջարկվում է հնարավորություն տալ անցնել կարճաժամկետ պարտադիր զինվորական ծառայություն՝
• 1 ամսով, եթե քաղաքացին վճարի 20 միլիոն դրամ պետական բյուջե,
• 6 ամսով, եթե վճարի 15 միլիոն դրամ։
Բացի այդ, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքային սահմանը բարձրացնել 27-ից մինչև 37 տարեկան։
Նախագիծը նաև անդրադառնում է այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստացել 18 տարին լրացնելուց հետո և չեն ծառայել որևէ այլ պետությունում կամ ծառայել են մեկ տարուց պակաս։ Նրանց համար նախատեսվում է 24 ամսվա պարտադիր ծառայությունը փոխարինել 12 ամսով, սակայն այդ ծառայությունից հրաժարվելու դեպքում կսահմանվի 2.5 միլիոն դրամի վճարման պարտականություն։
Մեկ այլ դրույթով առաջարկվում է, որ մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալ ցանկացող արական սեռի քաղաքացիները վճարեն 15 միլիոն դրամի պետական տուրք։
Նախարար Պապիկյանը նաև նշեց, որ օրինագծի հեղինակն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Վերջնական տարբերակը կառավարությունը նախատեսում է ներկայացնել խորհրդարան՝ ներառելով մի քանի լրացուցիչ առաջարկություններ, այդ թվում՝
• մեկամսյա ծառայության համար վճարի չափը բարձրացնել մինչև 24 միլիոն դրամ,
• չորսամսյա ծառայության համար՝ 18 միլիոն դրամ,
• սահմանել դիմումների առավելագույն քանակն ու սահմանափակումներ ըստ տարիքի՝ մինչև 32 տարեկան։
Նախագիծը, ըստ կառավարության, միտված է ստեղծել ճկուն մեխանիզմներ, որոնք կլրացնեն ավանդական զինծառայության ձևերը և կբարձրացնեն պետական բյուջեի եկամուտները։
Կարծիքներ