Պակիստանը վերսկսում է միջազգային օդային ուղեւորափոխադրումները

Պակիստանը վերսկսում է միջազգային օդային ուղեւորափոխադրումները

Պակիստանը մտադիր է մայիսի 30-ից վերսկսել միջազգային ուղեւորատար ավիաթռիչքները։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության քարտուղար Աբդուլ Սատար Հոհարը։ «Դաշնային կառավարության որոշման համաձայն, ելքային միջազգային թռիչքները կվերսկսվեն այսօր 23,59-ից»,- ասել է պակիստանցի պաշտոնյան, հավելելով, որ թռիչքները կվերսկսվեն Պակիստանի բոլոր միջազգային օդանավակայաններից, բացառությամբ Գվադարի եւ Թուրբաթի օդանավակայաններից։

Նշենք, որ Պակիստանի օդային տարածքը փակվել էր կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Նշենք, նաեւ, որ վերջին տվյալների համաձայն, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 64 հազարի սահմանը։ Մահացության ընդհանուր թիվը գերազանցում է 1300-ը, իսկ բուժումը շարունակում է 40 հազար մարդ։