Ավտորիտար երկրներում իշխանությունների ռոտացիան անգամ վտանգավոր է

Ավտորիտար երկրներում իշխանությունների ռոտացիան անգամ վտանգավոր է
Որոշ մարդիկ մտահոգություն են հայտնում, որ Ս.Սարգսյանը 2018-ին կարող է չհրաժարվել իշխանությունից, ու որպես իշխող կուսակցության առաջնորդ, կամ որպես վաչապետ կշարունակի ղեկավարել ՀՀ-ն:



Այդ մարդիկ կարծում են, որ դրանով ավելի կվատանա մեր երկրում ժողովրդավարության վիճակը, քանի որ մեր իշխանական բուրգի գագաթին ռոտացիա տեղի չի ունենա: Այսպես մտածողներին նախ ասեմ, որ ժողովրդավարության համար մտահոգվել պետք չի, քանի որ Հայաստանում այն ուղղակի գոյություն չունի (ինչպես որ կինը կամ հղի է լինում կամ էլ ոչ, այնպես էլ պետությունը կամ ժողովրդավարական է լինում, կամ էլ ոչ, միջանկյալ տարբերակներ չեն լինում): Եվ քանի որ ՀՀ-ն նույն օլիգարխիկ ավտորիտար երկիրն է մնալու, ինչ տարբերություն Ս.Սարգսյանն է շարունակելու լինել ղեկին, թէ ասենք Կ.Կարապետյանը կփոխարինի նրան:



Այդ երկուսն էլ մոսկովյան դրածոներ են ու մեր ազգային իղձերի իրականացման գաղափարների հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն: Ընդհանրապես իշխանությունների ռեգուլյար ռոտացիան լավ է միայն ժողովրդավարական համակարգերի դեպքում (օրինակ Գերմանիայի պարագայում Մերկելի երկարակյացությունը այնքան էլ լավ չի, այն կարող է կառավարման համակարգում լճացման պատճառ դառնալ), իսկ ահա ավտորիտար համակարգերի համար ընդհակառակը, իշխանությունների ռեգուլյար ռոտացիան, մասնավորապես երկրի ղեկավարի փոփոխությունը, լավ չի և իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ, ի տարբերություն ժողովրդավարությունների, ավտորիտար երկրներում պետական կառավարման համակարգը պայմանավորված է ղեկավարի անձով, այն ինստիտուցիոնալ առումով ինքնաբավ չի և նրա համար երկրի ղեկավարի անձը կրող կոնստրուկցիայի դերակատարություն ունի, ու հենց դա է պատճառը, որ ավտորիտար երկրներում հենց ղեկավարին հեռացնում են իշխանությունից, կամ նա ուղղակի մեռնում է, ապա երկիրը մտնում է անկայունության ու խժդժությունների փուլ, որի ընթացքում անպայման տեղի է ունենում սեփականության վերաբախշում, որը իր հերթին հաճախ կարող է ընթանալ արյունահեղություններով ու դա շարունակվում է մինչև մի նոր դիկտատորի ի հայտ գալը:



Ավտորիտար երկրների մեջ ամենախոցելիներն են այն երկրները, որոնք ժողովրդավարության իմիտացիա են անում, այդպիսին են օրինակ ՀՀ-ն կամ Ղրղստանը (պատահական չի, որ սրանք աշխարհաքաղաքական առումով հետսովետական ամենաթույլ և խոցելի երկրներն են), իսկ այն ավտորիտար երկրները, որոնք այդպիսի հիմարությունների հետևից չեն ընկնում, սովորաբար ավելի հաջողակ են լինում, ու հենց այդպիսի ավտորիտար երկրներն են ձգտում ավտոկրատիայի, այսինքն երկրի ղեկավարը սկսում է ինչ որ իմաստով վեր կանգնել օլիգարխիայից ու իր միանձնյա իշխանությունն է հաստատում երկրում` ապահովելով կայունություն և երկրի զարգանալու համար շատ թէ քիչ բարենպաստ պայմաններ։



**Թորոս Ալեքսանյան**