«Տոսկան» սպասված էր թե իմ եւ թե հանդիսատեսի կողմից

«Տոսկան» սպասված էր թե իմ եւ թե հանդիսատեսի կողմից
ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի, սոպրանո Մագդա Մկրտչյանի համար տարին հագեցած է եղել հատկապես ստեղծագործական առումով։ 2017-ին նա երգել է իր համար շատ սպասված ու սիրված մի դերերգ՝ Ֆլորիա Տոսկային՝ Պուչինիի «Տոսկա» օպերայից ․ «Շատ գեղեցիկ ու լավ բեմադրված մի օպերա, որը նաեւ հանդիսատեսը սիրեց, իսկ Տոսկայի դերին բոլոր սոպրանոներն են ձգտում։ Այս տարի ունեցա նաեւ շատ համերգներ, երգել եմ տարբեր գալա համերգներում, հանդես եկել մենահամերգներով, ինչը շատ կարեւոր է երգչի համար։ Քանի որ դասավանդում եմ նաեւ Կոնսերվատորիայում, ապա իմ ուսանողներ՝ Կարինե Մինասյանի, Սեւակ Հովհաննիսյանի հաջողությունները նաեւ իմ հաջողություններն եմ համարում, նրանք այս տարի մասնակցելով մի շարք միջազգային փառատոնների արժանացան 1-ին տեղի մրցանակների»։ 



Ինչ վերաբերում է Օպերային թատրոնին, ապա այս տարի ստեղծագորածական կազմն անցել է ատեստացիա, ունեցել բազմաթիվ մաստեր կլասներ աշխարհահռչակ մեծ վարպետների հետ, ինչն արվել է թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի կապերի եւ ջանքերի շնորհիվ․ «Հեշտ չէ նման վարպետների մաստեր կլասներին մասնակցելը, կոնտակտներ գտնելը, բացի այդ, դա կապված է մեծ ֆինանսների հետ ու ամեն անգամ չէ, որ արտիստը պատրաստ է գնալ դրան, իսկ Կոնստանտին Օրբելյանը մեզ տվեց այդ հնարավորությունը եւ հենց մեր երկրում ու մեր թատրոնում։ Այս տարի մեր օպերային թատրոնում համերգներով հանդես եկան նաեւ այնպիսի համաշխարհային մեծություններ, ինչպիսիք են՝ Բարբարա Ֆրիտոլին, Ռենե Ֆլեմինգը։ Վերականգնվեց «Պողիկտոս» օպերան, որը մեծ հաջողությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ 2017-ին ունեցանք նաեւ նոր բալետային ներկայացումներ, որոնք սիրվեցին թե իմ կողմից եւ թե հանդիսատեսի»։



2018թ-ին պատրաստ կլինի երգչուհու նոր տեսահոլովակը, որտեղ Մագդա Մկրտչյանը երգչուհի Էլիզա Դարյանի հետ կկատարի Մարիետա Բադալյանի կողմից գրված «Ավե Մարիան»։ Բացի այդ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք համերգներով, մենահամերգներով, որոնք նախատեսված են մայիս-հունիս ամիսներին եւ կձայնագրի 15 միջնադարյան արիաներ։