Ինչպես ընտրել ամանորյա նվերներ երեխաների համար

Ինչպես ընտրել ամանորյա նվերներ երեխաների համար
Ամանորին երեխաների համար նվերներ ընտրելիս ծնողները հաճախ կանգնում են բարդ ընտրության առաջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս նախ ուշադրություն դարձնել նվերի որակին և նորոգման հնարավորությանը։ Նվեր ընտրելիս ցանկալի է հաշվի առնել, թե ինչ տարիքի երեխայի համար է նախատեսված այս կամ այն խաղալիքը, որը հիմնականում մատնշված է լինում խաղալիքի վրա։ Ցանկացած նվեր պետք է համապատասխանի երեխայի տարիքին և հնարավորություն տա  ինքնուրույն ստեղծագործելու համար։



Մինչև մեկ տարեկան երեխաներին օգտակար կլինեն այն խաղերը և խաղալիքները, որոնք հարստացնում են երեխայի զգայական փորձը՝ շոշափելիքը, լսողական և տեսողական ընկալումը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ նվերը փոքր, անջատվող մասեր չունենա, որոնք  կարող են ընկնել երեխայի շնչուղիները։



Մեկից երկու տարեկան երեխաների համար՝ ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից, հետաքրքիր կլինեն երաժշտական խաղալիքները, զարգացնող գրքերը,  խոշոր մասերից բաղկացած կոնստրուկտները, խորանարդիկները, տարբեր խաղային զարգացնող փաթեթները, ավազի խաղալիքները, այն ամենը, ինչի հետ երեխան կարող է գործ անել, փորձարկել, բացահայտել նյութերին բնորոշ հատկությունները, որի արդյունքում էլ զարգանում է երեխայի ակնառու գործնական մտածողությունը։



Երեքից հինգ տարեկան երեխաների մոտ ակտիվորեն զարգանում են ճանաչողական գործընթացները, առաջատար գործնեությունը խաղն է, մասնավորապես ձևավորվում է դերասյուժետային խաղը։ Այս տարիքում լավագույն նվերներ կարող են լինել խաղալիքները, որոնց միջոցով կարելի է ստեղծել տարբեր իրավիճակներ և կերպարներ՝ խաղային խոհանոցը, սպասքի հավաքածուն, բժշկական գործիքների հավաքածուն։ Տղաներին կուրախացնի ավտոմեքենաների, զինվորների, երկաթգծի հավաքածուները, աղջիկներին՝ կոսմետիկ, խնամքի, զարդարանքի համար նախատեսված հավաքածուները։



Հինգից յոթ տարեկան երեխաների համար, ովքեր արդեն պատրաստվում են ուսումնական գործնեությանը, օգտակար կլինեն զարգացնող խաղերը, սեղանի տրամաբանական խաղերը, մանկական հանրագիտարանները։ Կարելի է նվիրել նաև ուսման հետ կապ չունեցող նվերներ՝ առաջնորդվելով երեխայի հետաքրքրություններով՝ հեծանիվ, փազլ, կոնստրուկտներ, նկարչական հավաքածուներ և այլն։



Յոթից տաս տարեկան երեխաների համար նվեր ընտրելիս պետք է առաջնորդվել երեխայի նախընտրություններով։ Այս տարիքում առաջանում են նոր հոբիներ, հետաքրքություններ՝ համակարգչային խաղեր, սպորտ, պար, սիրելի խմբի երաժշտությունը, նկարչությունը։ Կարելի է նվիրել բարդ կոնստրուկտներ, գլոբուս, սեղանի խաղեր, տարբեր փորձերի, հետազոտությունների համար նախատեսված հավաքածուներ։



Տասից տասնչորս տարեկան դեռահասները  պահանջկոտ և քմահաճ են վերաբերում նվերներին։ Այս տարիքում տղաներին դուր կգան համակարգչային աքսեսուարները, սկեյտբորդը, ըստ նախասիրությունների սպորտային աքսեսուարներ, ֆուտբոլի գնդակ, բռնցքամարտի ձեռնոցներ, մանրադիտակ, շապիկ սիրելի խմբի կամ դերասանի կամ ծիծաղաշարժ նկարներով։ Աղջիկներին դուր կգան խնամքի պարագաներ, օծանելիք, զարդեր, ժամացույց, անձնական գրառումների օրագիր և այլն։