Տարեվերջյան կենաց

Տարեվերջյան կենաց
Երեկ մեր լավ ընթերցողներից մեկն ամանորյա հոդված-կենաց էր գրել, որտեղ առաջարկում էր խմել բոլոր լավ ու վատ իրողությունների, չար ու բարի մարդկանց, մեզ ապրել օգնող ու խանգարողների կենացը։ Բարի, մարդասիրական մոտեցում՝ հարգանքի արժանի, բայց, ցավոք, դժվար ընդօրինակելի։ Եթե վատն ու չարը գովենք եւ դրանց արեւշատության համար բաժակ բարձրացնենք, ինչպե՞ս կազատվենք դրանցից։ Ես ոչ այդքան մարդասեր եմ, ոչ այդքան հանդուրժող եւ ուզում եմ առաջարկել, որ մենք 2018 թվականին ավելի գիտակցված եւ ընտրողաբար մոտենանք մեր շրջապատին։ Վատից փորձենք ձերբազատվել, չարը մերժենք, հետամնացին ու խավարամիտին ասենք՝ ցտեսություն։ Ուզում եմ լավը գնահատել կարողանանք եւ օգտակար լինենք մեր շրջապատին։



Կարողանանք ազնիվն անազնիվից տարբերակել, իրական հերոսին կեղծ հերոսներից տարանջատել։ Ընդհանրապես՝ իրական արժեքներով սկսենք ապրել, ոչ թե ապագայի հույսերով ու երազներով, անցյալի հուշերով։ Ապրել այսօր եւ հիմա, ոչ թե հուսալ, որ մի օր գալու է այդ լուսավոր օրը։ Կարողանանք «ոչ» ասել, երբ մերժելու ժամանակն է, եւ չվախենանք «այո» ասելուց, եթե շրջապատը պատրաստ չէ հասկանալ ու ընկալել դա։



Ընդհանրապես՝ փորձենք 2018-ը կարծրատիպեր կոտրելու, տաբուներ հաղթահարելու տարի հայտարարել։ Փորձենք չմիանալ կոլեկտիվ դատապարտումներին եւ չմասնակցել հանրային կյանքում հայտնվող փոքրիկ ու առողջ ծիլերն արմատախիլ անելու անշնորհակալ գործին։ Չլինենք նյութապաշտ եւ մորթապաշտ, երբեմն վտանգենք մեր ապահով կյանքն ու խաղաղ առօրյան՝ հանուն պայքարի, հանուն վաղվա օրվա, հանուն մեր երեխաների ապագայի։ Շա՞տ բարձրագոչ ստացվեց։ Գուցե։ Բայց օրն է նման տրամադրություն ստեղծում։ 2017-ի տարեվերջյան զգացումներ են։ Ներողամիտ եղեք։ Կհանդիպենք 2018-ի հունվարի 16-ին։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**