Դուք այդ նեյնիմները բանի տեղ մի դրեք՝ ընդամենը մի հարց տվեք․․․

Դուք այդ նեյնիմները բանի տեղ մի դրեք՝ ընդամենը մի հարց տվեք․․․
Նախկինում, երբ բռնազավթում էին մի երկիր, առաջին բանը որ անում էին զավթիչներն այն էր, որ զրկում էին այդ երկրի ժողովրդին զենք կրելու իրավունքից: Օրինակ Օսմանյան Կայսրությունում հայ տղամարդկանց զրկեցին զենք կրելու իրավունքից, որը նշանակում էր, որ Օսմանյան Կայսրությունում հայը անազատ էր:



Ու ընդհանրապես մարդու ազատ լինելու ամենագլխավոր կրիտերիան զենք կրելու իրավունքն էր համարվում, եթե տղամարդը զենք չէր կրում, ուրեմն նա հպատակ էր ու ծառա, նա հարգանքի արժանի մարդ չէր համարվում: Եթե կարծում եք, թե ինչ որ բան է փոխվել այդ տեսանկյունից ժամանակակից աշխարհում համեմատած անցիալի հետ, ապա չարաչար սխալվում եք:



Տեսեք՝ այն երկրներում, որտեղ մարդիկ ազատ զենք կրելու իրավունք ունեն, հենց այդ երկրներում են առավելագույնս հարգվում մարդկանց իրավունքներն ու ազատությունները, հենց այդ երկրներում է, որ դատարանները անկախ են քաղաքական իշխանություններից ու հենց այդ երկրներում է, որ մարդիկ ապրում են ավելի բարեկեցիկ ու ապահով կյանքով: Կհարցնեք ինչու՞, պատասխանը շատ պարզ է, իշխանություն ունեցողները վախենում են իրենց ժողովրդից, որովհետև այդ ժողովուրդը զինված է: Ինչու՞ է ԱՄՆ-ը դարձել աշխարհի համար առաջին գերտերությունը, որովհետև ԱՄՆ-ն ազատ քաղաքացիների երկիր է, որովհետև ամեն արժանապատվություն ունեցող ամերիկացի տղամարդ իր Winchester-ը ունի:



Պատկերացրեք, որ հանկարծ Հայաստանում ժողովուրդը ոչ թե դեկլարատիվ, այլ իսկապես ազատ լիներ, ու զենք կրելու իրավունք ունենար, և հանկարծ, օրինակ ասենք Նաիրիտի աշխատողներին հերթական անգամ խաբեին ու աշխատավարձ չտային, կամ ասենք այն մարդկանց, որոնց տները ձեռքներից խլել են, խոստանալով նորակառույցներում նոր բնակարաններ տալ ու չեն տվել, ու այդ մարդիկ ոտքի են կանգնում, բոլորն իրենց զենքերը իրենց հետ վերցրած հավաքվում են կառավարության շենքի առջև, այդ ի՞նչ առյուծի սիրտ կուլ տված վարչապետ պիտի լիներ, որ հանդգներ հերթական անգամ խաբել ու ծաղրել այդ մարդկանց: Կամ պատկերացրեք մեր պատգամավոր կոչվածները հերթական դավաճանությունն անեին մեր պետության դեմ, ու Ազգային Ժողովի դիմաց, շատ չէ, մի երկու հազարանոց միտինգ հավաքվեր. այդ Ազգային Ժողովից միայն դատարկ կարկասը կմնար, կամ ասենք նախագահը փորձեր հող հանձնել թուրքին, այդ նախագահից կմնար թերևս վատ հիշատակ միայն և ոչ ավելին:



Այնպես որ, լավ իմացեք հարգելիներս, քանի դեռ ձեզ թույլ չեն տվել զենք կրել, դուք ընդամենը ստրուկ եք, ու այն բոլոր լոլոները, որ իբր դուք բոլորդ ՀՀ ազատ քաղաքացիներ եք, մի գռոշ անգամ չարժեն: Ընտրությունից ընտրություն սնկի պես բազմացած կուսակցությունները ձեր դուռն են գալիս հերթական անգամ ձեզ ոսկի սարեր խոստանալու, դուք իրենց նեյնիմներին բանի տեղ մի դրեք, ընդամենը մի հարց տվեք դրանց, ասեք, - Եթե դուք գաք իշխանության, մեզ ազատ զենք կրելու իրավունք կտա՞ք, թէ ոչ ...



**Թորոս Ալեքսանյան**