Ո՞վ է ԱՄՆ-ում որոշումներ կայացնողը

Ո՞վ է ԱՄՆ-ում որոշումներ կայացնողը
Երբ ԱՄՆ նախկին պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդին հարցրի, թե ինչ կարծիքի է նախագահ Թրամփի թիմի մասին, տվեց շատ հստակ պատասխան․ «Թրամփի թիմը պրոֆեսիոնալիզմի առումով ոչնչով չի զիջում ԱՄՆ որեւէ այլ նախագահի թիմի»։ Եվ դա ասում է մի գործիչ, ով աշխատել է առնվազն 11 նախագահների հետ, երկու անգամ զբաղեցրել է պաշտպանության քարտուղարի պաշտոնը, եղել է ԱՄՆ դեսպանը ՆԱՏՕ-ում եւ նախագահ Ֆորդի օրոք Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։



Ընդհանրապես, բանակն ու զինվորականների ընտանիքների անդամները սովորաբար ընտրում են հանրապետականներին։ Այս առումով բացառություն չէ նաեւ Թրամփը։ Ըստ տարբեր հարցումների՝ Թրամփի օգտին քվեարկել է զինվորականների եւ նրանց ընտանիքների անդամների 63-67%-ը: Սա բավականին լուրջ աջակցության ցուցանիշ էր, եւ, հավանաբար, դրա վրա ազդել էին Թրամփի խոստումները՝ օտար ափերում ծառայող զինվորականներին հետ վերադարձնելու, ԱՄՆ բանակը հզորացնելու, այն նոր զինատեսակներով, զինծառայողներով համալրելու, ինչպես նաեւ բանակի բյուջետային միջոցներն ավելացնելու մասին։



Ի հեճուկս ընդունված կարծիքի, Թրամփը միայնակ չի ընդունում արտաքին քաղաքական որոշումները։ Որոշումների կայացման վրա շոշափելի ազդեցություն ունեն Թրամփի թիմն ու շրջապատը։ Ազգային անվտանգության հարցերով արտաքին քաղաքականության ոլորտում կարեւորագույն որոշումներ կայացնելիս Թրամփի վրա լուրջ ազդեցություն ունեն նրա երեք գեներալները՝ պաշտպանության քարտուղար գեներալ Մատիսը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, գեներալ Քեյլին եւ անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, գեներալ Մըքմաստերը։ Հենց այս եռյակն է, որ լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա։ Հենց գեներալների եռյակն է համոզել Թրամփին, ի հեճուկս իր նախընտրական խոստման, մնալ Աֆղանստանում եւ ավարտել ԱՄՆ պատմության ամենաերկարատեւ պատերազմը, վերջնականապես ջախջախելով Ալ Ղաիդանին։ Հենց գեներալների կողմից Թրամփի համար մշակվել եւ ներկայացվել է Աֆղանստանի ռազմավարությունը։ Նույն գեներալների միջոցով է մշակվել ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Այս գեներալներն են ձեւավորում ԱՄՆ քաղաքականությունը Կորեական ճգնաժամի շուրջ, չնայած Թրամփը մեկ-մեկ այն համեմում է իր թվիթերյան գրառումներով։ Նույն գեներալներն էլ իմպլեմենտացիայի են ենթարկում իրենց կողմից ներկայացված ռազմավարությունները, մարտավարություններն ու ռազմաքաղաքական գործընթացները։



Թրամփի արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ունեն նաեւ նրա ընտանիքի անդամները, մասնավորապես՝ նրա փեսան՝ Ջարեդ Քուշները։ Վերջինս ծագումով հրեա է եւ մերձավորարեւելյան քաղաքականության հարցերով Թրամփի կարեւորագույն խորհրդականն է։ Երուսաղեմի ճանաչման գաղափարը հենց Քուշներն է լոբբինգ արել աներոջ մոտ։ Միաժամանակ Քուշները բանակցել եւ իրականացրել է աշխարհի պատմության ամենամեծ զենքի վաճառքի գործարքը, որով 360 միլիարդ դոլարի զենք ԱՄՆ-ն վաճառեց Սաուդյան Արաբիային։ Բնականաբար, Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը եւս Քուշների խորհուրդների ոլորտն է, սակայն այստեղ էլ այլ խորհրդականների պակաս չի զգացվում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ Թրամփի որոշումների վրա ազդում են առավելապես օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, մասնավորապես՝ դեմոկրատները։ Հակառուսական սանկցիաներին օրենքի ուժ տվող Կոնգրեսի նպատակն այն էր, որ արգելի Թրամփին ինքնուրույն վերացնել հակառուսական պատժամիջոցները։ Ի հեճուկս Թրամփի՝ Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ ունենալու ցանկության, ԱՄՆ-Ռուսաստան երկրորդ սառը պատերազմը դեռեւս երկար է տեւելու։



Բնականաբար, Թրամփի որոշումների վրա ազդում է նաեւ պետքարտուղար Թիլերսոնը, ում հետ Թրամփի հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, սակայն պետքարտուղարը, չնայած շրջանառվող լուրերին, դեռեւս հրաժարական չի տալիս։ Պետքարտուղարը փորձառու բանակցող է, քանի որ ամբողջ կյանքում աշխատել է նավթային ոլորտում եւ բավականին հաջող գործարքներ կնքել։ Պետքարտուղարը նույնպես նախագահի որոշումների կայացման վրա ազդեցություն ունի, մանավանդ, որ ներկայացնում է արտաքին գործերի գերատեսչության տեսակետը։ ԱՄՆ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության վրա, բնականաբար, ազդեցություն ունեն Պենտագոնն ու պետքարտուղարությունը, հետախուզական 16 գործակալություններն ու գիտական կենտրոնները, տարբեր անձինք եւ այլն կառույցներ։ Այնպես որ՝ Թրամփը չի կարող միանձնյա, չհաշվարկված, չմտածված կամ ինքնուրույն արտաքին քաղաքական որոշումներ կայացնել։ Ստացվում է, որ Թրամփը ո՛չ անկառավարելի է, ո՛չ էլ անկանխատեսելի։





**Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ**