Առաջնայինը բնապահպանակա՞ն շահը, թե՞ տնտեսական

Առաջնայինը բնապահպանակա՞ն շահը, թե՞ տնտեսական
Արծվիկ Մինասյանի մոտ երկփեղկված վիճակ է։ Նրա մեջ խոսում է ե՛ւ երբեմնի էկոնոմիկայի, ե՛ւ այժմյան բնապահպանության նախարարը։ Դրա համար էլ դժվարանում է բնապահպանական առանցքային հարցերի շուրջ, որոնք ունեն նաեւ տնտեսական բաղադրիչ, առաջնայնությունը տալ բնության պահպանությանը։ Մինչդեռ տրամաբանական էր, որ բնապահպանության նախարարի առաջնային խնդիրը նախ պետք է լիներ բնության պահպանումը, ոչ թե, օրինակ, բնության հերն անիծելով՝ հանք ու ՀԷԿ շահագործողների դրության մեջ մտնելը։ Երեկ նա իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց․ «Չի կարող լինել տնտեսական որոշում՝ անտեսելով բնապահպանականը, եւ չի կարող լինել բացարձակապես բնապահպանական որոշում՝ առանց նկատի առնելով տնտեսական կամ սոցիալական հատվածը»։ **Արծվիկ** **Մինասյանից** հետաքրքրվեցինք, թե այս տարի քանի ՀԷԿ-ի են ջրօգտագործման թույլտվություն տվել։ Պարզվեց՝ 7, որից չորսը՝ Սյունիքի մարզում։



-**Գաղտնիք չէ, որ ՀԷԿ-երը տնտեսվարողներին մեծ շահույթներ են ապահովում, բնությանը մեծ վնաս հասցնում։ Չե՞ք կարծում, որ ՀԷԿ-երի շահագործմամբ մասնավոր անձանց բիզնես շահն է առաջ մղվում**։



-Հարցադրումը ճիշտ է, տեղին է, դրա համար մենք 2017-ին մի քանի մշակումներ ենք իրականացրել, որը վերաբերում է ՀԷԿ-երի եւ դրանց էկոլոգիական թողքի հարաբերակցությանը։ Երկրորդը՝ մենք քանակական սահմանափակումներ ենք դնում գետերի վրա՝ ասելով, որ եթե գետի 40 տոկոսն արդեն խողովակաշարի մեջ է, այլեւս էդտեղ ՀԷԿ-ի թույլտվություն չի տրվելու։ Երրորդը՝ ՀԷԿ-ն ինքնին չի կարող բացասական ազդեցություն ունենալ, եթե պահի, օրինակ, ձկնուղիների համակարգը, որ ձկները կարողանան հանգիստ անցում կատարել։ Ու դրա համար կառավարության որոշման նախագիծ է մշակվել։



-**Կա՞ն ՀԷԿ-եր, որոնք նորմերի չպահպանմամբ կամ ապօրինի են ստացել այդ թույլտվությունները**։



-Ապօրինության մասով՝ առանց ջրօգտագործման թույլտվության ՀԾԿՀ-ն այդ ՀԷԿ-երին լիցենզիա չի կարող տալ։



-**Դե, այդ ապօրինության շղթան կարող էր շարունակվել մինչեւ ՀԾԿՀ**։



-Չէ, չէ, էդպիսի դեպքեր չկան… գրեթե չկան։ Այլ բան, որ շատ ավելի խորը ուսումնասիրություններ պետք է իրականացվեին, որոնք ժամանակին չեն արվել։ Եվ, ելնելով տնտեսվարող սուբյեկտի իրավունքներն առաջ մղելու մոտեցումից, արագ տրվել են թույլտվություններ։ Բայց մենք ունեցել ենք, ամենակարեւորը՝ էստեղ, օրենսդրական շատ լուրջ բաց, որովհետեւ երբ որ հայտարարվեց՝ փոքր ՀԷԿ-երի քաղաքականությունն առաջնահերթ է երկրում, ինքն ամբողջությամբ նկատի չառավ բնապահպանական կանոնները պահելը, կամ գոնե չէին ենթադրում, որ բնապահպանական հետեւանքներ կարող է ունենալ։



-**Հիմա Ձեզ համար ո՞րն է գերակա՝ տնտեսակա՞ն շահը, թե՞ բնապահպանական**։



-Հավասարակշռված որոշումը։ Չի կարող լինել բնապահպանական նպատակ՝ առանց նկատի առնելու տնտեսական ու սոցիալական ճնշումը, եւ հակառակը՝ չի կարող տնտեսական շահը եւ սոցիալական բավարարվածությունն անտեսի բնապահպանական նվազագույն կանոնը։ Եթե դու ասում ես, որ՝ չէ, բնությունն անաղարտ պիտի պահեմ, որեւէ մեկը չպիտի մասնակցի դրա օգտագործմանը, ակնհայտ է, որ քո ասածն ընդամենը դեմագոգիա է, որովհետեւ դու ապագան չես կարող երաշխավորել դրանով։



-**Այսօր ՀԷԿ-եր ունեն բազմաթիվ ազդեցիկ դեմքեր՝ պատգամավորներ, կառավարության անդամներ, այդ թվում՝ նաեւ ՀՅԴ-ական, ասում են, թե Դուք եւ Ձեր ազգականները Սիսիանում ՀԷԿ ունեք։ Եթե այդ ՀԷԿ-երում խախտումներ հայտնաբերվեն, Դուք կարո՞ղ եք դեմ դուրս գալ ու կտրուկ քայլերի գնալ**։



-Սկսեմ հետեւյալից՝ որեւէ մեկը չի ասում, որ դու չպետք է ունենաս սեփականություն, այլ հարց է, թե դա ինչ ճանապարհով ես ձեռք բերել։ Իմ անձնականի մասով՝ ցավոք, ես չունեմ որեւէ բան, չնայած՝ նորից եմ ասում, որ դա դատապարտելի չէ։ Հիմա իմ էությունն էլ էնպիսին է եղել, որ 23 տարի ես պետական ծառայության մեջ եմ, ու իմ սկզբունքն է եղել հետեւյալը․ եթե ես հանրային ծառայող եմ, որեւէ մասնավոր բիզնես-հետաքրքրություն չպետք է ունենամ։ Մյուսը, որեւէ բան չի կարող կաշկանդել քեզ՝ կայացնելու մի որոշում, որը որ բոլորի համար պիտի կիրառելի լինի։ Եթե կարող եք անգամ մի օրինակ բերել, որ՝ այ էս դեպքում, քանի որ ձեր մերձավորների կամ ձեր շրջապատից մեկի հետ կապված այլ որոշում է կայացվել, քան համանման այլ դեպքերում, ես ներողություն կխնդրեմ, հրաժարական կտամ։ Նման դեպք չի եղել ու չի էլ կարող լինել։



-**Ամեն տարի Սեւանի մաքրման համար հսկայական գումար է հատկացվում, այս տարի՝ 125 մլն․ դրամ։ Մաքրվե՞ց Սեւանը, թե՞ ավելի շատ բյուջեի փողերը մաքրվեցին**։



-Չէ, մաքրվեց, 64 հա, ըստ հանձնաժողովի գնահատականի, ամբողջությամբ մաքրված է, շուրջ 15 հա քաղաքացիներն են մաքրել, որոնց հետ «Սեւան ազգային պարկը» կնքել էր պայմանագիր։ Ընդհանուր՝ շուրջ 79 հա տարածք է այս տարի մաքրվել։ 2 անգամ մրցույթ արեցինք, չեղան մասնակիցներ, ստիպված վարչապետի հանձնարարությամբ դա տրվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, որ նա իրականացնի մաքրման աշխատանքները։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**