Սա տղամարդկանց նկատմամբ ընտանեկան բռնության փայլուն օրինակ է

Սա տղամարդկանց նկատմամբ ընտանեկան բռնության փայլուն օրինակ է
Երբ դուք բարձրաձայնում ու պայքարում եք մեր հասարակության ներսում ձևավորված այն ավանդույթների դեմ, որոնք ոտնահարում են կանանց իրավունքները (որը իհարկե շատ ողջունելի է), այդ դեպքում ինչու՞ նույն ոգևորությամբ չեք պայքարում այն ավանդույթների դեմ, որոնք ոտնահարում են տղամարդկանց իրավունքները: Չե՞ք կարծում, որ մի տեսակ սեռային դիսկրիմինացիայի հոտ է գալիս ձեր այդ գործունեությունից ու դրա հետ կապված ձեր բոցաշունչ ճառերից: Ոնց որ անցյալի կղերական խավարամտությունն էր հայտարարում, որ կինը միշտ ստոր է ու մեղավոր, հիմա էլ ֆեմինիստական խավարամտությունն է փաստորեն նույն բանը հայտարարում, միայն այն տարբերությամբ, որ կնոջն ու տղամարդուն է տեղերով փոխել:



Ուրեմն հարգելի խավարասերներ, մարդկանց իրավունքների և պարտավորությունների միջև դիզբալանս չպիտի լինի, այդ բալանսի խախտումը հենց մարդու իրավունքների ոտնահարում է: Եթե մարդը իրավունքներից զուրկ է բայց լիքը պարտավորություններ ունի, ուրեմն այդ մարդը փաստացի հալածվում է: Ինչու՞ եմ սա ասում, բանն այն է, որ հայկական ամենահզոր ավանդույթներից մեկը տղամարդուն պարտավորեցնում է ֆինանսապես ապահովել ընտանիքը, եթե տղամարդը չի ապահովում ընտանիքի տնտեսական կարիքները, ապա հասարակությունը ուղղակի դատափետում է նրան, իսկ կանայք այդ իմաստով բոլորովին արտոնյալ դիրքերում են, նրանք կարող են նստել տանը, չաշխատել ու պահանջել իրենց ամուսնուց դրամ ու բարեկեցություն: Հիմա շատերդ կասեք, որ դա այդպես էլ պիտի լինի, իսկ ես կասեմ, որ ոչ, դա արդար չի, և այդ ավանդական կարծրատիպային մոտեցումը տղամարդկանց նկատմամբ ընտանեկան բռնության փայլուն օրինակ է, ու եթե դուք համաձայն չեք ինձ հետ, ուրեմն դեռ միջնադարից դուրս չեք եկել:



Միջնադարում կանայք իրավազուրկ էին, նրանք աշխատելու և սեփականություն ունենալու իրավունք չունեին. ընտանիքի հողերը, շենք-շինությունները , անասուններն ու աշխատանքի միջոցները ընտանիքի հոր սեփականությունն էին համարվում, ու միայն նա էր տնտեսական գործունեություն ծավալում: Ահա հենց դրա համար էլ նա էր պարտական ապահովել ընտանիքի տնտեսական կարիքները, իսկ հիմա, երբ դրսում 21-րդ դարն է ու կանայք իրենց ամուսիններին հավասար իրավունքներ ունեն կապված սեփականության և մյուս բաների հետ, ու երբ ստանում են նաև նույն կրթությունը, ինչի՞ց ելնելով պիտի չկիսեն տղամարդկանց հետ ընտանիքի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները, առավել ևս, որ հիմա Հայաստանում կանանց համար գործ գտնելն ավելի հեշտ է, քան տղամարդկանց:



Կամ՝ ինքներդ ձեզ երբևէ հարց տվել եք, թէ ինչու՞ պիտի երիտասարդ տղաները պարտադիր ծառայեն բանակում` երկու տարի սահմանափակելով իրենց իրավունքներն ու ազատությունները, իսկ աղջիկները` ոչ: Կամ պատերազմի ժամանակ ինչու՞ է տղամարդկանց զորակոչը պարտադիր, իսկ կանանցը` ոչ, ինչու՞ են առաջնագծում միայն տղամարդիկ կանգնում: Սա նույնպես անցիալի մնացուկ է, անցիալում կռվում էին միայն տղամարդիկ ու դրա հիմնական պատճառը թերևս այն էր, որ վճռորոշը մարդու ֆիզիկական ուժն էր, թուրն ու նիզակն էին զենքերը, իսկ հիմա պատերազմելու համար ֆիզիկական ուժը ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի, զենքերը ընդամենը մեխանիկական ու էլեկտրոնային սարքավորումներ են, որոնց տղամարդկանց հետ հավասար կարող են տիրապետել նաև կանայք. թե՞ Երևանի ասֆալտապատ ճանապարհներին մեքենա վարել կարող են, իսկ ահա Արցախի լեռներում զրահամեքենա վարել չեն կարող: Սա սեռային ֆակտորով պայմանավորված իրավական սեգրեգացիայի փայլուն օրինակ է: Ու այսպիսի օրինակներ դեռ շատ կարող եմ թվարկել...



**Թորոս Ալեքսանյան**