Սևանա լճի մակարդակն իջել է

Սևանա լճի մակարդակն իջել է
Բնապահպանության նախարար **Արծվիկ Մինասյանն** այսօր իր տարեկան անփոփիչ ասուլիսում ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները 2017 թվականին:



Նա, խոսելով Սևանա լճի մասին, ասաց, որ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ իջել է: «Սևանա լճի մակարդակը 2017 թ. դեկտեմբերկ 25-ի դրությամբ կազմում է 1900.42 մետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ նվազել է 0.05 մետրով (նախորդ տարի 1900.47 մ էր)»-ասաց նա` հիշեցնելով, որ այս տարի Սևանա լճից ոռոգման նպստակով մոտ 270 մլն խմ ջուր է բաց թողնվել: ԱԺ-ում ներկայացված այս որոշումը, հիշեցնենք, մեծ աղմուկ ու դժգոհություն բարձրացրեց բնապահպանների մոտ, բայց կառավարությունն ու խորհրդարանը մնացին անդրդվելի` ընդունելով Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու որոշումը:



Փաստորեն բնապահպանները չէին սխալվում, երբ ասում էին, որ Սևանից հավելյալ 100 խմ ջրառը կարող է բացասական ազդեցություն ունենալ լճի մակարդակի վրա: Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ 2017 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն խմ ջրաքանակ, ինչը 10.559 խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի ջրի թափանցիկությունը 2017 թվականին եղել է 13 մետր:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**