Դավիթը չի պարտվել, վճռական պայքարը դեռևս առջևում է

Դավիթը չի պարտվել, վճռական պայքարը դեռևս առջևում է

Դավիթ Պետրոսյանը դուրս եկավ հացադուլից: Լավ արեց: Ինչ որոշում էլ կայացներ, միևնույնն է մեր համար լինելու էր ընդունելի և ընկալելի, որովհետև նա արդեն իսկ իր կարճատև գործունեությամբ հիմնավորել է իր գաղափարական ճշմարտացիությունն ու գործնական սկզբունքայնությունը:

Չնայած ընդամենը երկու ամիս է, ինչ ճանաչում եմ Դավիթին, բայց այն համոզմունքն ունեմ, որ նա իմ գաղափարական ընկերն է, նրա հետ արժի ճանապարհ անցնել, հաղթել, պարտվել, բարիկադների վրա կանգնել, խմել, եթե պետք լինի նաև քիմիայի դասատու թաղել և այսպես շարունակ:

Դավիթը չի պարտվել, վճռական պայքարը դեռևս առջևում է, Հայաստանը ազգ-բանակ նացիստական որջի չի վերածվելու, թույլ չենք տալու, լինի մեկ ամիս, թե 10 տարի անց, միևնույնն է մենք դրա դեմը առնելու ենք: Բնականաբար հեշտ չի լինելու և ոչ էլ պետք է: Ես հեշտ տրվող հաղթանակ չեմ սիրում, քանի որ դրա մեջ դրամատիզմ ու սիրունություն չկա, կիրք ու հմայք չկա, այլ՝ ունայնություն, ունայնություն և ևս մեկ անգամ ունայնություն: Հեշտ տրվող հաղթանակի ժամանակ ուսանողական հոծ զանգվածները երբեք էլ չեն հասկանա, որ չի կարելի Դավիթի կողքին կանգնել միայն շարժման վերելքի փուլում, երբ ամեն ինչ կարգին է ու զիլ, այլ՝ հատկապես դժվար ժամանակներին, երբ մարդը միայնակ պայքար է մղում պողպատյա անբարոյականությամբ օժտված իշխանությունների դեմ: Այ էս ամեն ինչը հասկանալ է պետք՝ միասին սկսելու, դժվար օրեր տեսնելու, ձեռք ձեռքի տված նահանջելու, հաղթելու ու նույնիսկ պարտվելու կայֆը, չնայած, որ նորից եմ կրկնում. Դավիթը չի պարտվել:

Մի քանի օր առաջ ֆեյսբուքում մի տեսանյութ աչքովս ընկավ և առաջին բառը, որ մտքովս անցավ տեռորն էր՝ հեղափոխական տեռոր: ԵՊՀ ուսանողը դիմել է հացադուլի, իսկ պատճառն ավելի քան կոնֆլիկտային է ու վերաբերվում է բոլոր-բոլորներին՝ կրթական համակարգին և բանակին, իսկ ԵՊՀ Ուսանողական խորհուրդն այդ նույն ժամանակ ուսանողների մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակում ու տարածում: Արժեքային անկում կամ էլ անկման եզրին կանգնած արժեքներ, ինչպես ուզում եք բնորոշեք, խնդրի էությունը դրանից չի փոխվի: Եվ թող ՈւԽ նախագահ Արմեն Խաչիկյանը, որն իմ լավ բարեկամն է, հանկարծ չնեղանա, այլ այս խոսքերն ընդունի որպես ի գիտություն. Ուսանողական խորհուրդը ստալինյան ժամանակաշրջանի կոլխոզի տրամաբանություն ունեցող կառույց է: Որքան էլ պնդեք, թե դուք այս կամ այն հարցում ըմբոստացել եք համալսարանի ղեկավարության դեմ, բայց այնուամենայնիվ ֆիքսենք, որ ՈւԽ-ն ուսանողներին ամորֆ զանգված դարձնող և իշխանությունների համար որպես ամուր պատվար ծառայող կազմակերպություն է: Ես չեմ հասկանում, ձեր համալսարանական ընկերը համապետական խնդրի շուրջ հացադուլ է անում, իսկ դուք էն աստիճան թքած ունեք, որ զվարճանու՞մ եք: Ինչ կարող եմ ասել այդ անհոգ ու զվարթ ուսանողներին, ինչպե՞ս նրանց հասկացնել այն պարզ ճշմարտությունը, որ ուսանողական կառույցը զուտ երգել-պարելու, թեյ խմելու և ասմունքելու տիրույթ չէ:

Ի դեպ ՈւԽ-ի այս անբարեհույս վիճակը կարելի է շտկել: Խնդիրն ունի իր դեղատոմսը, որի մասին խոսել ենք նաև դեկտեմբերի 21-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ: Մեր ընկերներից Արտյուշ Չիբուխչյանը շատ կոնկրետ երկարաժամկետ ծրագիր առաջարկեց, այն է՝ ստեղծել այլընտրանքային ուսանողական կազմակերպություն, որը կհակակշռի գործող Ուսանողական խորհրդին և վերջինս, հայտնվելով մրցակցության մեջ, որակ կարտահանի: Այո՛, խնդիրը ուսանողական ակտիվ զանգվածին մի տիրույթում գերկենտրոնացնելու մեջ է, որը հանգեցրել է ռեսուրսների մոնոպոլիզացիայի: Պետք է ի հայտ գան այլընտրանքային ուսանողական հանրույթներ՝ նույնիսկ ընդհատակյա: Ուսանողները պետք է հասկանան, որ իրենք միայն գիրք կրծող ու գերազանցիկության սինդրոմով տառապող գորշ զանգվածներ չեն, այլ՝ սուբյեկտայնություն ունեցող անհատականություններ:

Խոսենք նաև մեկ այլ հարցի շուրջ, որն ինձ այս օրերի ընթացքում չափազանց նյարդայնացրել է: Ուսանողներից շատերը պայքարին չէին միանում՝ պատճառաբանելով, թե քննությունների ու ստուգարքների մեջ են: Ազնիվ խոսք, հարցրել եմ ու այս պատասխանն եմ ստացել, այսինքն դա պատասխան էլ չէ, այլ՝ ապտակ, քացով հարված պայքար հասկացության դեմ: Այսինքն գործ ունենք մի մեծ մանկապարտեզի հետ, որն ուզում է պայքարել, բայց չի պայքարում, որովհետև դարձել է քննությունների ու ստուգարքների ստրուկը: Գերազանցիկ, պուպուշ, խելացի երեխաներ են էլի: Չեք պատկերացնի, բայց հենց այս պահին հենց այս տողը գրելիս ես չափազանց հուզված եմ:

Ուսանողներից շատերը ասում են, որ իրենք պայքարող են, մասնավորապես՝ պայքարել են Բաղրամյանում: Բայց բանից պարզվում է, որ նրանք այն պայքարողներն են, որոնք հայտնվել են միայն այն ժամանակ, երբ փողոցը փակ էր, ամեն ինչ ապավով էր ու հանգիստ, եկան քոչարի պարեցին, գնդակ խաղացին, արևածաղիկ չրթեցին ու անհետացան: Բայց ջրցանի, ծեծ ու ջարդի ժամանակ չկային, որովհետև կոնֆորմիստներ են, գալիս են, երբ վտանգ չկա, պայքարում են, երբ քննություններ չկան, չգիտեմ էլ ինչ ասեմ: Այ քեզ զգույշ երեխաներ:

Պայքարն առանց ինքնազոհության ոչինչ է, պարզապես գոյություն չունի: Եթե դու պայքարում ես, ապա հանուն այդ պայքարի պետք է քեզնից ինչ-որ մասնիկ պոկես ու անվերադարձ նվիրես պայքարին, հակառակ դեպքում՝ դուք ֆեյքեր եք ախպերիկներ ու քույրիկներ:

Եվ վերջում մի բան ասեմ. Չեմ հասկանում, ուսանողը, ջահելը, նորմալ մարդը ինչպե՞ս կարող է այդ աստիճանի գերազանցիկ լինել: Մի անգամ էլ լիկվիդ մնացեք, կայֆի համար համալսարանից դուրս մնացեք, միգուցե այդպես ավելի լավ մասնագետ դառնաք: Ինչպես իմ ընկեր Էդգար Արշակյանն է ասում, գոնե կյանքում մի անգամ թքած ունեցեք այդ պայմանականությունների վրա:

Ի դեպ լիկվիդ մնացողները վերջում տվյալ առարկան ավելի լավ են սովորում, քան՝ նախապես 20 ստացողները: Դե որովհետև նախկինում սովորածդ, նորից ու ավելի մանրամասն ես սովորում՝ առանց շտապելու: Սեփական փորձից եմ ասում ու հենց քեզ եմ ասում այս տեքստը կարդացող, գնահատականի համար լացող, անվճարության համար հետույք թափահարող կրեաԾիվ իմ ուղղափառ:

Էս ամենը մի քանի օր առաջ էի գրել, բայց սպասում էի, որ Դավիթը հացադուլից դուրս գա: Դավիթ ջան, պինդ կաց, բռունցքս՝ բռունցքիդ: