ՊԵԿ-ի ամանորյա «նվերը» տնտեսվարողներին

ՊԵԿ-ի ամանորյա «նվերը» տնտեսվարողներին
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հաճախ է հայտարարում այն մասին, որ ՊԵԿ-ը բիզնեսի գործընկերն է, ոչ թե տնտեսվարողին սոսկ տուգանող մարմին։ Նա նաեւ պնդում է, որ իրենք սկսել են մեղմ վարչարարություն կիրառել հատկապես փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ՝ կենտրոնանալով ավելի շատ խոշորի վրա։ Բայց ՊԵԿ փոքր հարկատուների տեսչություն-վարչության վերջին օրերի վարքագիծը լրիվ այլ բան է հուշում։ Մեր տեղեկություններով ու հստակ տեղեկանքներով՝ ՊԵԿ վերոնշյալ վարչությունը թվով 38 փոքր բիզնեսի ներկայացուցիչների յուրահատուկ ամանորյա «նվեր» է մատուցել Նոր տարվա շեմին՝ 5 օրով կասեցնելով նրանց գործունեությունը։ ՊԵԿ-ը չորս այսպիսի որոշում է կայացրել մեկ շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 14-21-ը ընկած հատվածում։ Դրանց մի մասի գործունեությունը կասեցվել է մինչեւ դեկտեմբերի 24-ը, մյուսներինը՝ 26-ը, կան նաեւ մինչեւ ամսի 30-31-ը կասեցված որոշումներ։



Բնականաբար, ՊԵԿ-ից կարող են ասել, որ մարդիկ խախտում են արել, իրենք էլ տուգանել են։ Խախտումն էլ կարող է լինել, օրինակ, 150 դրամանոց կրակայրիչի վաճառքից հետո ՀԴՄ կտրոն չտրամադրելը, ինչն էլ կարող էր առիթ դառնալ հարկային տեսուչների համար տվյալ տնտեսվարողին տուգանել 150-300 հազար դրամով, ընդհուպ ժամանակավորապես կասեցնել նրա գործունեությունը։ Եվ սա այն դեպքում, երբ առջեւում Նոր տարի է, եւ տնտեսվարողները հենց սրան են սպասում, որ տոնական այս օրերին գոնե նորմալ առեւտուր անեն։ Այդ 38 ընկերությունների մեծ մասը գործում է մարզերում։



Սա գուցե օրինական է ՊԵԿ-ի կողմից, բայց այն արդարացի կդիտվի, եթե նույն փութաջանությամբ ստուգվեն, տուգանվեն ու երբեմն էլ ժամանակավորապես փակվեն, դիցուք, «Արքայաձոր», «Գուդ թայմ» ժամացի կենտրոնները կամ «Ինտեր-լիմենս» ընկերությունը (անուններն ընտրված են պատահականության սկզբունքով)։ Հետաքրքիր է՝ ՊԵԿ-ում բիզնեսի գործընկեր լինելն այսպե՞ս են պատկերացնում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**