Գողերն ու ազնիվները

Գողերն ու ազնիվները
Մենք հակասական ազգ ենք՝ մեր մեջ ե՛ւ բարությունն է շատ, ե՛ւ չարությունը։ Երբեմն կարող ենք շատ իմաստուն լինել, երբեմն՝ անչափ հիմար։ Կարող ենք նեղին հասնել ազգովին, իսկ չնչին սխալ թույլ տված մարդուն ոչնչացնել։ Մեր մեջ լիքը աշխատասեր մարդիկ կան, բայց ծուլությունն էլ քիչ չէ։ Մեր վատը շատ վատն է, մեր լավը՝ շատ լավը։ Մենք հպարտանալու շատ բան ունենք, բայց ամաչելու իրողություններ էլ կան։



Օրերս անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել «Հրապարակի» խմբագրությունից՝ մեզ զրկելով մեր աշխատանքի համար շատ անհրաժեշտ տեխնիկայից՝ տեսաֆոտոխցիկներից։ Ես ամաչում եմ, որ նման մարդիկ կան մեր շրջապատում։ Տեխնիկան թանկ է, դժվարությամբ ձեռք բերված, եւ Աստված գիտի, թե երբ կկարողանանք այդ կորուստը լրացնել։ Իսկ դա նշանակում է՝ տուժելու է մեր աշխատանքը, ընկնելու է աշխատանքի որակը։ Չգիտեմ՝ գողն ինչ է շահելու, որտեղ է իրացնելու կամ գուցե չի էլ իրացնելու խմբագրությունից տարած տեխնիկան, բայց որ մեզ լուրջ վնաս հասցրեց դրանով՝ փաստ է։ Մի հայ մարդ՝ վատ մարդ, մեզ զրկեց լիարժեք աշխատելու հնարավորությունից։ Բայց այնպես չէ, որ գողությունը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին է բնորոշ, եւ այնպես չէ, որ բոլոր նրանք, ովքեր գողանալու հնարավորություն ունեն, օգտվում են դրանից։ Օրեր առաջ Հյուսիսային պողոտայի «Լ օրանժ» սրճարանի սանհանգույցում մատանի էի մոռացել եւ այդ մասին հիշել 12 ժամ անց։ Կեսգիշերին մոտ, բոլորովին հույս չունենալով, որ գտնելու եմ, գնացի սրճարան։



Պարզվեց՝ մատանիս ինձ է «սպասում»։ Եթե գտած ու պահած չլինեին, բացարձակապես չէի զարմանա՝ օրվա ընթացքում ինչքան մարդ է մտել-դուրս եկել այնտեղ։ Բայց հաճելի էր, որ 50 հազար դրամանոց զարդն ավելի գայթակղիչ չէր եղել, քան կորցրածն ինձ վերադարձնելու հաճույքը։



**Արմինե Օհանյան**