Ամանորը «մերն ուրիշ է» տարբերակով կամ փորձություն՝ երեք փուլով…

Ամանորը «մերն ուրիշ է» տարբերակով կամ փորձություն՝ երեք փուլով…
…Եղջերուներ լծասարքին, աստեղնային երամների ուղեկցությամբ սուրում է նա՝ նոր-նոփ տարին…



Եվ ուր որ է տեղ կհասնի…



Հիրավի, Ամանորն աշխարհի ամենասիրված տոնն է: Ինչպես էլ կոչվի ՆԱ՝ Կաղանդ պապ, Սանտա կամ դեդ Մորոզ, մեծ ու փոքր նրանից ենք ակնկալում մեր լավագույն երազանքների իրականացումը:



…Երանի թե մարտաշունչը դառնար մարդաշունչ, բթությունը փոխվեր գթության, անտերությունը դադարեր լինել մեղք ու թերություն…



Այս աշխարհում այնքա՜ն բան կա ծուռ ու ծերատ…



Բայց արի ու տես, որ ի սկզբանե ազնվախորհուրդ այս տոնը փորձություն է դառնում մեծաթիվ հայ ընտանիքների համար: Մեկեն ծախսվում է տարվա ընթացքում զրկանքներով խնայվածը, թեկուզ վաշխառուական տոկոսադրույքով գումար ձեռք գցելու հույսով թակում են վարկային կազմակերպությունների ու բանկերի դռները: Կա նաև այլ «ելք». անգրավ ապառիկով սնունդ վաճառող խանութները… Հայկական «նոու հաու»: Տեսնես որևէ այլ երկրի գործարարների մտքով անցե՞լ է հասարակությանը պատուհասած նախատոնական տենդին նոր լիցք ու եռանդ հաղորդելու հարցում նման «կրեաԾիվ» մոտեցում ցուցաբերել:



Տմարդաբար հոշոտվում են եղևնուտներ ու սոճուտներ: Այն դեպքում, երբ կանաչ գեղեցկուհիները մի քանի օր անց հայտնվելու են վառելիքի կարգավիճակում, երբ կան բոլոր առումներով միանգամայն համարժեք արհեստական բազմօգտագործելի տոնածառեր: Բայց չէ՜… բա հարևանն ունենա, մենք չէ՞… Շարունակում ենք ապրել հարևանի համար, հարևանի կյանքով ու կամքով…



Եվ այսպես, փորձության առաջին փուլը հաղթահարածներին սպասվում է երկրորդը՝ խանութ-խոհանոցային մրցավազքը. «ո՞վ ավելի շատ ու շքեղ» կարգախոսով: Եվ այն ընտանիքների սեղաններին, որոնց երեխաները մուլտֆիլմերում են արքայախնձոր տեսնում, փետրաձև տերևներով զարդարուն սիրամարգի պես բազմում է անանասը: Ընդսմին, որքան շատ առկա լինեն էկզոտիկ անուններով մրգերը, այնքան տպավորիչ ու ներկայանալի… Կիվիով ու բանանով արդեն չես զարմացնի, իսկ, ա՛յ, պամելան ու ֆեյխուան …. Ու սեղանը գցվում է ավելի շատ եկողին զարմացնելու ու բարեկեցության պատրանք ստեղծելու համար: Ու ամենաանհեթեթն այն է, որ այս քաղքենիական կարծրատիպն ունի՛ ջատագովներ. «Բա տեսա՞ր, Անուշի սեղանին նուշ չկար, Սիրուշի հնդուհավն էլ հսկա էր…» Արդյունքում, ամանորյա՝ ի ցույց և ի տես սեղանն ավելի շուտ հիշեցնում է ցուցահանդես, քան հյուրասիրություն: Թվում է՝ հենց ձեռքդ մեկնես գեղագիտորեն պճնած հնդկահավին, աչքի տակով անթաքույց քեզ հետևող տանտիրուհին սրտի կաթվածից գետնին կփռվի…



Հապա մեր տանտիրուհինե՜րը… Քափ-քրտինք մտած, խոհանոց-հյուրասենյակ անփոփոխ ուղեծրով շարժվող, օրեր անդադրում՝ իրենց ինքնակամ դատապարտած ուտեստապատրաստման տաժանակիր աշխատանքին, տոլմա-բլինչիկային իրարանցման մեջ սեփական անձն ու արտաքինը մոռացած… Տասներկուսը զարկելուն պես հևալով իրենց գցում են հյուրասենյակ, ինչ-որ մեկի՝ ձեռքը խոթած բաժակով խմում նոր-ի կենացը…



Դեռ առջևում է փորձության երրորդ փուլը. սկսվում են հաշվետու ու հաշվարկված փոխայցերը, որոնք ուղեկցվում են աղբամաններում հանգրվանող աղցանների անմխիթար բույրով ու պատմական հիշարժան անցյալ դարձող, հնությունից նամշող խմորեղենի տխրող տեսքով…



Կրկին ընդգծեմ, որ սա այն դեպքում, երբ տվյալ ընտանիքը տարվա ընթացքում հաճախ չէ նշված ուտեստների երեսը տեսնում: Այն դեպքում, երբ իրական փորձությունը՝ վարկ ու պարտքի մարումը, բյուջետային ճեղքվածքի կարկատումը դեռ առջևում է: Եթե հավելենք նաև, որ վերջերս արմատանում է միմյանց ամանորյա նվերներ տալու սովորույթը, պատկերը տոնական լինելու փոխարեն կհիշեցնի նար-դոսյան նեղ օրերից մեկը…



Ասածս ինչ է. սոցիալական նման լարվածության պարագայում այս արհեստածին ծախսատար իրարանցմանը տուրք տալու հարկ չկա: Սա սիպ սպասումների, հոգևոր ներդաշնակության, արարող բարության տոն է: Չմոռանանք, որ Ամանորը նշվում է Սուրբ Ծննդին նախորդող օրերին, որը, ըստ եկեղեցու՝ պասի, ինքնամաքրման շրջան է: Մեր իսկ կամոք չհայտնվենք վարկային թակարդում: Գաղտնիք չէ, որ մեր շուկան զգայուն է նախատոնական առևտուրների հանդեպ ու գնաճն արծվենի թռիչք է արձանագրում: Տարվա մեջ մի քանի օր ենք անցկացնում հոգսերից ազատ ու տխրությունից զատ, այն էլ պարտքերում խեղդվելու առիթ չդառնա…



Վայելենք նորը, գալիքը՝ հնարավորինս ուրախ ու թեթևասիրտ ընդունենք հեքիաթի խորհուրդն ու հրաշքի սպասումը…



Գա՛լդ բարի, Ամանո՛ր, թող տոն լինի ամե՛ն օր…



**Նելլի Բրագինա**, Գավառի պետական համալսարանի ուսանողուհի