Լույսի մեջ

Լույսի մեջ
Մարդու կորուստը ցավալի է, կրկնակի ցավալի է օգտակար, խելացի, պրոֆեսիոնալ մարդու կորուստը։ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը ոչ միայն բարձր պրոֆեսիոնալ էր, այլեւ մեղմ ու դրական, հասարակությանը շատ օգտակար մարդ։ Միայն նրա նախագծած կառույցների ցանկը մի քանի էջ կզբաղեցներ, բայց մի քանիսն առավել մնայուն են, ըստ իս։ Արցախի կառավարության եւ Ազգային ժողովի շենքերը, վերակառուցված «Երեւան» հյուրանոցը, Աշտարակի Սուրբ Հովհաննես գողտրիկ եկեղեցին եւ Վահագնի թաղամասի գլխավոր հատակագիծն ու թաղամասի տեղի ընտրությունը։ Համլետ Խաչատրյանի նման ճաշակով, նրբազգաց, տեղանքի ոգին զգացող, բնության ու բնական միջավայրի արժեքն իմացող ճարտարապետներ մեզանում քիչ կան։ Նա եւ Հյուսիսային պողոտա գծող ճարտարապետները հակոտնյա ճամբարներում էին, շատ բան մեր քաղաքում նրան դուր չէր գալիս, բայց երբեք ոչ մի ճարտարապետի հասցեին որեւէ վատ խոսք նրանից չէիր լսի։



Միայն հորդորում էր սպասել՝ չշտապել, թողնել, որ երկիրը կայանա, նոր ձեռնամուխ լինել քաղաքաշինական խնդիրների լուծմանը։ Ամենակարեւորը՝ դեմ էր քարապատելուն, ամեն ինչ կառուցապատելուն։ Իսկ այս տարվա մայիսին մեզ տված հարցազրույցում հերթական խելամիտ առաջարկն էր անում․ «Եթե մտածելակերպ փոխվի՝ որ ասֆալտի փոխարեն կանաչ անեն, այդպես ավելի արագ կկանաչապատվի Երեւանը։ Թող տանիքները կանաչապատեն, պատշգամբներից ծաղիկներ կախեն։ Այդ մանրուքները շատ մեծ էֆեկտ են տալիս։ Երեւանը մի քիչ վերեւից նայեք ու պատկերացրեք, որ այդ պայթած տանիքների փոխարեն կանաչ այգիներ լինեին, տեսեք քանի՜ հեկտար կլիներ։ Այդ կարգի բաներ արդեն ստիպված պետք է անենք, որովհետեւ քաղաքն այնքան են քարապատել, բետոնապատել, որ օզոնի նոր աղբյուրներ պետք է ստեղծենք քաղաքի կենտրոնում»։



**Արմինե Օհանյան**