Մանվել Գրիգորյան․ սպայի պատիվ չունեցող ռամիկը

Մանվել Գրիգորյան․ սպայի պատիվ չունեցող ռամիկը

Մանվել Գրիգորյանն իր միջավայրի զոհն է։ Նրան խաբել են՝ համոզելով, թե ինքն ազգի հերոս է՝ գեներալն ամենայն հայոց, տիրակալն Էջմիածնի ու խորհրդանիշը պատերազմի։ «Գիքորի» աշխարհայացքով խե՜ղճ գյուղացի, հավատացել է ու այն էլ ամենայն լրջությամբ՝ առանց հասկանալու, որ ինքն ընդամենը ընտրությունների ժամանակ ձայն հավաքող ու ԱԺ-ի մի անկյունում ծառայության դիմաց որպես փոխհատուցում նստող ամորֆ մարդաքանակ է։ Նրա մասին հյուսել են վիպերգեր ու առասպելներ, իսկ դրանք կարող են ունենալ ընդամենը մեկ նպատակ՝ հանրային միջավայրում արհեստական պատկառանք ձևավորել, տվյալ մարդուն ավելի վերահսկելի դարձնել ու «վասալական» ծառայության համար մոտիվացիա ստեղծել։ Ահա՛, այս ամենի արդյունքն է պատգամավոր Մանվել Գրիգորյանը, սա է պատճառը, թե ինչու են այդ մարդուն հերոս դարձրել ու իր կամքին հակառակ բերել, նստեցրել պառլամենտի շենքում։

Ինչ որ մեկը վերջապես պետք է Մանվել Գրիգորյանին բացատրի, որ ինքը հերոս չէ, ընդամենը պատերազմի մասնակից է, իսկ մասնակցությունը դեռևս հերոս լինելու համար բավարար չափորոշիչ չէ։ Նա նույնիսկ գեներալ էլ չէ, որովհետև գեներալ լինելը միայն գեներալական աստղեր ունենալը չէ։ Մանվել Գրիգորյանն ի վիճակի չէ ամենն այս հասկանալ, պարզապես վայրի ռամիկի աշխարհընկալումը թույլ չի տալիս։ Գրիգորյանն ապրում է անցյալով, նա կարոտում է իր երբմնի «ԶԻԼ» բեռնատարը։ Հիշում է, թե ինչպես էր հայհոյելով վերանորոգում այն, իսկ հաջողության չհասնելու դեպքում էլ նույնիսկ հարվածում, ծեծում, ավելի թունդ հայհոյում։ Եվ այս աշխարհայացքով մարդը, իր կամքից անկախ հայտնվելով ԱԺ-ում, երբեմն պառլամենտի շենքը շփոթում է իր հին բեռնատարի հետ։

Այսօր Մանվել Գրիգորյանը հարձակվել է «Հրապարակ» օրաթերթի լրագրողի վրա՝ նրան անվանելով ոջիլ, հիվանդ, նույնիսկ փորձել է հարվածել, բայց ընկերները թույլ չեն տվել՝ հիշեցնելով․ «Մանվել ջան, գեներալ ջան ԶԻԼ-իդ մեջ չես, հանգստացի»։ Նա մեղք չունի, նրան պառլամենտ բերողներն են մեղավոր։ Ինչպե՞ս կարելի է սպայի պատիվ չունեցող գավառական վայրենուն գեներալ դարձնել, իսկ այնուհետև բերել պառլամենտ։ Ընթերցողները պետք է ճիշտ հասկանան, մենք չենք փորձում որևէ կերպ նսեմացնել գյուղացիներին, գավառականներին ու բանվորներին, ընդհակառակը՝ այդ մարդիկ պետության հարստությունն են, բարձրագույն արժեքը, բայց չի կարելի նրանց բերել Ազգային ժողով և ծաղրի առարկա դարձնել։ Այսպիսով՝ նաև արժեզրկել պետական այդ բարձրագույն ինստիտուտը, որը կոչված է ներկայացնել ժողովրդի կամքն ու իրավունքը։

Բայց Մանվել Գրիգորյանը չի հասկանում, որ նա ծաղրի առարկա է դարձել, նա մարտնչող վստահությամբ է քայլում ԱԺ միջանցքներում, միշտ էլ այդպես է եղել, մարտնչող տգիտությունը պետք է ինքնավստահ ու ինքնասիրահարված լինի։ Բայց լրագրողներն էլ գոնե այդքանը հասկանում են չէ՞, երևի դրանից ելնելով էլ չեն հակադարձում այդ մարդուն, ասում են․ «դե լավ գեղցի մարդ ա, ոչինչ»։

Չափազանց ինքնագոհ «գեներալի» մտքով չի էլ անցնում, որ Ղարաբաղում դեռևս մարդիկ կան, որոնք հիշում են 1992-94 թթ․ պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ նրա գլխավորած զորաջոկատի հայտնի փախուստը, որի արդյունքում մի շարք կարևորագույն տարածքներ զբաղեցվեցին ադրբեջանական զորքերի կողմից։ Ի դեպ խոսակցություններ են շրջանառվում, որ Գրիգորյանի փախչող զինվորներին կանգնեցրել են «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի տղաները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։ Իհարկե ես չեմ կարող հաստատել, պարզապես ղարաբաղցիներն են պատմել։