Վախեցեք, բայց ձեր վախը մեր վզին մի փաթաթեք

Վախեցեք, բայց ձեր վախը մեր վզին մի փաթաթեք
Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնց մոտ բոլոր բնազդներից ամենաուժեղը վախն է։ Վախը, որը մոռացնել է տալիս սեփական շահը, սեփական խնդիրները, հետին պլան մղում սեփական արժանապատվությունը, դարձնում անգործունակ, ողորմելի, ծառայամիտ, կասկածամիտ։ Վախն ամենակազմալուծող, ամենաայլասերող զգացումն է, որի հետեւանքով մարդը դադարում է մարդ լինել, մտածել իր հեղինակության, իր ապագայի, իր երկրի մասին։ Ստիպում է՝ շարունակ հետ նայել, ամեն ինչի մեջ վտանգ տեսնել։ Եւ ամենակարեւորը արդարացնում է ցանկացած ստորություն։ Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնց փորձում ես պաշտպանել, մղել պայքարելու, հորդորում ես, որ իր դիրքերը չզիջի, չնահանջի բռնության ու անօրինականության առաջ։



Իսկ նա սկսում է քեզ մեղադրել՝ իրեն վտանգի ենթարկելու, իր շահերին վնասելու մեջ։ Հավանաբար, բոլոր լրագրողները բախվել են այս խնդրին՝ երբ դու քո օգնությունն ես առաջարկում, պատրաստ ես անգամ նրա հետ կիսել վտանգներն ու պատասխանատվությունը, դուրս գալ ահուսարսափ տարածող տարբեր անձանց դեմ, բայց նա, ով պետք է օգտվի այդ օգնությունից, խոսի, բացահայտի ու պայքարի, վախենում է եւ նահանջում։ Մենք բազմիցս հայտնվել ենք նման իրավիճակում։



Երբեմն այդ անձինք ուղղակի ծանր դրության մեջ են մեզ դրել՝ պայքարի կեսից հրաժարվելով եւ մեր հրապարակումները «սուտ» հանելով։ Երբեմն օրեր շարունակ աշխատել ենք որեւէ հոդվածի վրա, չարչարվել, վերջին պահին «զոհը» խնդրել-աղաչել է հրապարակում չանել եւ մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ՝ հրապարակե՞լ մեր ուսումնասիրած ու հայտնաբերած փաստերը, թե՞ հրաժարվել այդ մտքից, քանի որ մարդը, ում օգնելու համար արվելու է այդ հրապարակումը դեմ է դրան։ Այլ իրավիճակներ էլ են եղել՝ երբ գրել ենք մարդու, կազմակերպության, համակարգի օգտին եւ քարկոծվել հենց նրանց կողմից։



Ամիսներ առաջ մի հրապարակում էինք արել այն մասին, որ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետներին են դեսպան նշանակում, ոչ թե համապատասխան կրթություն ստացած՝ միջազգային հարաբերություններ ուսանած անձինք են նշանակվում դիվանագիտական աշխատանքի, այլ տարբեր պատահական մարդիկ՝ դիվանագիտության հետ կապ չունեցող մասնագիտությունների տեր, հաճախ քաղաքական նկատառումներով եւ տարբեր զարտուղի ճանապարհներով, մինչդեռ արտաքին գործերի նախարարության կաբինետներում տասնամյակներ աշխատած պրոֆեսիոնալ դիվանագետներն այդպես էլ մնում են՝ իրենց հերթին սպասելով։



Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ մեզ սկսեցին քարկոծել հենց նրանք՝ ԱԳՆ շարքային աշխատակիցները, որոնք, գուցե նաեւ հրահանգված, քոմենթներ էին թողնում մեր հրապարակման տակ։ Ամենաթարմ դեպքը․ երկու օր առաջ գրել էինք Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրության մասին, որտեղ առաջադրված միակ թեկնածուն, շուրջ հինգ տարի նույն դպրոցը ղեկավարած Անահիտ Վարդանյանը «չէր անցել», ստացել էր չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին՝ 5 ձայն։ Եւ քանի որ հանրապետությունով մեկ դպրոցի տնօրենների ընտրության համակարգը վերջին տարիներին լիովին ձեւականացվել է, իսկ նշված խորհուրդները, որպես կանոն, մարզպետ-քաղաքապետների խամաճիկներն են, հասկանալի էր, որ ընտրությունը միտումնավոր տապալվել է Արարատի մարզպետի, մարզպետարանի կողմից։ Ժամանակին Հովիկ Աբրահամյանի կողմից նշանակված տնօրեններին զտելու գործընթաց նախաձեռնած Արամայիս Գրիգորյանը որոշել էր ազատվել այս կնոջից։ Ընդ որում, նրան չէր օգնել նաեւ այն, որ նա սիրահոժար ընդունել էր նոր մարզպետի «կրոնը»։



Ահա այս լուրը հարուցել էր տապալված տնօրենի զայրույթը, նա զանգահարել էր թերթի խմբագրին՝ մի բոցաշունչ ճառ պատրաստած, որ ինչպե՞ս չեք ամաչում՝ մեր մարզպետն աշխարհի ամենաօբյեկտիվ, ամենալավ մարզպետն է, իսկ մեր դպրոցում աշխարհի ամենաարդար ընտրություններն են տեղի ունեցել եւ դրանց արդյունքում ես՝ «անարժանս» չեմ ընտրվել։ Ճառի սկիզբը՝ «դուք շատ վատ, շատ սխալ բան եք գրել» լսելով, ես արդեն սրտի կաթիլներ էի պատրաստում՝ մտածելով, որ սխալ է գրվել՝ երեւի տնօրենն ընտրվել է, իսկ մեր լրագրողին ապակողմնորոշել են՝ սխալ տեղեկատվություն տրամադրել, բայց պարզվեց՝ ամեն ինչ ճիշտ է, ուղղակի մենք մարզպետին «վարկաբեկել ենք», ինքը ոչ մի կապ չունի ընտրության հետ, իսկ թիվ 1 դպրոցի խորհուրդն այն եզակի խորհուրդներից է, որտեղ միայն ազնիվ ու անաչառ, օբյեկտիվ ու դպրոցի շահերի մասին մտածող մարդիկ են հավաքված։ Պարզապես «պատմությունը լռում է», թե՝ ինչու են այդ մարդիկ դեմ քվեարկել 5 տարի պաշտոնավարած տնօրենին։



Եթե նա վատ տնօրեն է եղել՝ ինչու են ժամանակին ընտրել, եւ ինչու են թույլ տվել, որ նա 5 տարի պաշտոնավարի։ Եւ առհասարակ՝ եթե երկրորդ թեկնածու չի եղել, ինչպես է պատահել, որ 3 անձ դեմ է քվեարկել միակ թեկնածուին։ Ես տիկնոջը մի բան ասացի՝ դուք կարող եք հերքել փաստերը, եթե դրանք ճշմարիտ չեն, բայց գնահատականներն ու վերլուծությունը մեր իրավունքն է եւ դրանք պարտավոր չէինք ոչ ձեզ հետ համաձայնեցնել, ոչ ձեր կարծիքը հարցնել։ Բայց այս զանգից հետո, անկեղծ ասած, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է՝ վախկոտ, պաշտոնից զրկվելուց հետո անգամ մարզպետին ու կառավարման խորհրդին քծնող անձն իրավունք չունի ղեկավարել դպրոց։ Մանավանդ եթե այնքան կարեւորել է դա, որ գտել է թերթի խմբագրի ձեռքի համարն ու զանգել՝ ճշմարիտ լուրի դեմ ընդվզելու։



**Արմինե Օհանյան**