Ինչու է Հայաստանը դժբախտ՝ տնտեսագետի հայացքով

Ինչու է Հայաստանը դժբախտ՝ տնտեսագետի հայացքով
ՄԱԿ-ի Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը 122-րդ հորիզոնականում է` տարածաշրջանում ամենատխուր երկրներից մեկը։ 156 երկրում անցկացված ուսումնասիրության շրջանակներում երջանիկ երկիր համարվելու համար հաշվի առնված 6 չափորոշիչներով՝ համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տեւողություն, սոցիալական աջակցություն, վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն եւ այլն, Հայաստանն ստորին հորիզոնականներ է զբաղեցնում: Այնքան վատ, որ մեր երկիրն իր դիրքով զիջում է անգամ 94-րդ եւ 114-րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին եւ Մոզամբիկին: Այս բոլոր ցուցանիշների հանրագումարը տնտեսագիտության մեջ կոչվում է կյանքի որակ:



Տնտեսագետ **Գագիկ Մակարյանի** գնահատմամբ՝ առանց այն էլ այս ցուցանիշով փայլուն տվյալներ չունեցող Հայաստանը վերջին տարիներին պետք է ավելի վատացրած լինի իր դիրքերն առողջ կյանքի տեւողության ցուցանիշով:



«Մեր վատ սնվելը, էկոլոգիական խնդիրները, ներվային իրավիճակը, աղքատության, գործազրկության մտահոգությունները, որովհետեւ այսօր չորս-հինգ հոգանոց ընտանիքին, միջինին մոտ ապրելու համար, 600-700 հազար դրամ գումար է պետք: Իսկ դրանից պակաս վաստակի դեպքում ընտանիքն արդեն վատ է ապրում: Բոլոր այս գործոնները մեր առողջության գործակցի վրա շատ վատ են անդրադարձել, որովհետեւ դրա արդյունքն է, որ մենք երկու հարյուր քսան հազարից ավելի հաշմանդամներ ունենք, տարիքավոր մարդիկ եւ մի քանի հիվանդություններ՝ քաղցկեղ, սրտանոթային եւ այլն, որոնք բավականին մեծ տոկոսայնություն են կազմում Հայաստանում: Բնակչության շատ մեծ թվով մարդիկ, լավագույն դեպքում՝ իհարկե, անընդհատ ախտորոշիչ կենտրոններում են՝ իրենց առողջական վիճակը հետազոտելու համար»,- թվարկում է տնտեսագետը: Գագիկ Մակարյանի ամփոփմամբ՝ սննդի, փողի եւ սթրեսային վիճակների պատճառով բնակչության առողջության ինդեքսը վատացել է՝ անկախ նրանից, թե ինչ ցուցանիշներ են ներկայացվում: Այս համատեքստում նշենք, որ Եվրոպական միության երկրներին հանձնվողների մի ստվար հատված էլ եվրոպացիներին ասում է, որ Հայաստանում իմանալով հիվանդության մասին, որը ֆինանսական ահռելի ռեսուրսներ է պահանջելու, գերադասում են գնալ, այնտեղ անձնագրերը պատռել ու ստանալ նորմալ բժշկական բուժում եւ խնամք:



Հայտնի է, որ սոցիալական պաշտպանվածության առումով՝ նվազագույն սպառողական զամբյուղում, առողջ լինելու համար, պետք է լինի որոշակի կալորիաների եւ սննդամթերքի` սպիտակուցների՝ մսի, ձկան, ածխաջրերի, վիտամինների որոշակի առկայություն: Այս առումով` ցուցանիշներն անմխիթար են, քանի որ աղքատների զամբյուղից հանված են միսը, ձուկը, կաթնամթերքը, ձմռան ամիսներին՝ նաեւ մրգերն ու բանջարեղենը, եւ նույն գումարի շրջանակներում փոխարինված են կարտոֆիլով, հացով, մակարոնեղենով եւ ձվով` սպիտակուցի փոխարեն:



Սոցիալական աջակցություն. նպաստները, ըստ Մակարյանի, համարյա վերացած են, եւ հիմա արդեն երրորդ տարին է՝ պետական բյուջեում ամենամեծ գումարը սոցիալական պաշտպանության ծախսերն են:



«Բայց հանրապետությունն արդեն ճռռում է այդ բեռի տակ, որովհետեւ հեշտ չէ ողջ բյուջեի մեկ երրորդն անընդհատ տրամադրել այս ծախսերին»,- ասում է Գագիկ Մակարյանը:



Դե, իսկ սեփական ապագայի նկատմամբ վստահության ցուցանիշի ամենախոսուն ապացույցը Հայաստանից արտագաղթի տեմպերն են:



Այս համատեքստում տնտեսագետը բերում է Գյումրիի օրինակը` ասելով. «Հասարակ բան. Գյումրիի երկրաշարժից հետո հազարավոր ընտանիքներ բնակարանի կարիք ունեին, անցել է 29 տարի, եթե նկատի ունենանք, որ այդ ժամանակ ծնվել են երեխաներ, նրանք հիմա 29 տարեկան են, ապա այդ երեխաներն իրենց կյանքի՝ երիտասարդության ամենալավ տարիներն ապրել են առանց բնակարանի, տնակներում, ցրտի ու սովի մեջ: Էդ շրջանում այս երեխան իր ապագայի ու ամուսնանալու վերաբերյալ ի՞նչ հեռանկար պետք է ունենա»։



Ինչ վերաբերում է համախառն ազգային արդյունքին, ապա Հայաստանն ամենավերջին տեղերում չէ, բայց ԱՊՀ շատ ու շատ երկրներից հետ է՝ հաշվի առնելով, որ մեկ շնչին ընկնող արդյունքը 3600 ԱՄՆ դոլարի սահմաններում է: Մեզնից մի քիչ ավելի վատ են Մոլդովան ու Ղրղզստանը, բայց մյուս երկրներին այս ցուցանիշով զիջում ենք, առավելապես՝ եվրոպական ու արաբական երկրներին: Համեմատության համար նշենք, որ Դանիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 55 հազար դոլար է, Գերմանիայում՝ 46, ՌԴ-ում՝ մոտ 16 հազար:



Հիշեցնենք, որ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե պետք է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասցնել տասը հազար դոլարի:



Նշենք, որ, ըստ համացանցային տվյալների, Հայաստանը տարեցտարի ավելի ու ավելի դժբախտ է դարձել. World Happiness Report-ի ցուցանիշները մեր երկրի համար տարեցտարի վատթարացել են:



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**