Վարչապետ կլինի նա, ում կառաջադրի Սերժ Սարգսյանը

Վարչապետ կլինի նա, ում կառաջադրի Սերժ Սարգսյանը
Քաղաքական վերլուծաբանների, պրոգնոզիստների օրակարգից այդպես էլ դուրս չի գալիս «ո՞վ է լինելու 2018-ի ՀՀ վարչապետը» հարցը: Սա այն հարցն է, որն անառողջ մտասեւեռումների, ընդհուպ՝ մարազմի հասնող վերլուծությունների դուռ է բացել եւ շարունակում է դուռն այդ բաց պահել՝ դառնալով քաղաքական պրոցեսների հանդեպ հանրային ուշադրությունը միշտ վառ պահելու առիթ:



Մինչդեռ ՀՀ-ում ընթացող ներքաղաքական գործընթացները կանխատեսելի են այնքան, որքան այն, որ առաջիկա կիրակին լինելու է ոչ աշխատանքային օր: Քաղաքական դաշտի սուբյեկտների, իշխանական վերնախավի ձեւավորման սպեցիֆիկան պետք է հուշի, որ չափազանց անկարեւոր է ապագա վարչապետի եւ մյուս՝ նոր Սահմանադրությամբ ավել կամ պակաս լիազորություններով օժտված պաշտոնյաների անուն-ազգանունը: Ի վերջո, ով կամ ովքեր էլ լինեն այդ անձինք, միեւնույն է՝ հրահանգվելու են, տոտալ կոնտրոլի տակ են պահվելու մեկ կենտրոնի կողմից: Իսկ այդ կենտրոնի նստավայրն արդեն առնվազն 10 տարի Բաղրամյան 26-ում է: Ինչպես սիրում է ասել Սերժ Սարգսյանը՝ գաղտնիք չէ, որ ՀՀ-ում ընթացող բոլոր պրոցեսները, սկսած վիճակագրական տվյալներից, դատական աղմկոտ գործերով կայացված վճիռներից, օրենքների բովանդակությունից, թանկացումներից, սոցհարցումներից, վերջացրած գող գյուղապետերի մեղքերին թողություն տալու գործընթացով, վերահսկվում են նախագահի կողմից: Հանուն արդարության ասենք, որ կան, անշուշտ, պրոցեսներ, որոնց վրա Սերժ Սարգսյանը չի կարողանում ազդել, եւ այդ պրոցեսներն ինքնաբուխ են ճիշտ այնպես, ինչպես աղքատների կողմից միս ու կարագ չգնելու սովորույթը:



Դրանք են՝ արտագաղթը, ծննդատներում ծնվող երեխաների սեռական պատկանելությունը, Ադրբեջանի սահմանային սադրանքները եւ, իհարկե, տարերային աղետները՝ կարկուտը, սելավը, մասնավորապես՝ նաեւ անտառային հրդեհները, որոնք այս տարի ուղղակի լցրեցրին ԱԻՆ-ի համբերության բաժակները: Շարքային քաղաքացիների եւ հետաքրքրասեր հատվածի «հանապազօրյա հարցը», արդարեւ, պիտի լիներ ապագա վարչապետի անձը ճշտելը, եթե ՀՀ-ում գործեր դասական դեմոկրատական համակարգ, իշխանության բոլոր ճյուղերը լինեին իսկապես տարանջատ եւ գործեին ըստ Սահմանադրության նորմերի: Որտեղ իշխանությունը ձեւավորված կլիներ ոչ թե խարդախության, «գրդոնի», այլ չկեղծված ընտրությունների միջոցով, այսինքն՝ լիներ լեգիտիմ: Բայց քանի որ ունենք այն, ինչ ունենք, եւ չարժե նույնիսկ դրա նկարագրության վրա տողեր ու ժամանակ ծախսել, ի հայտ է եկել այդ արհեստական հարցը: Կայացած ժողովրդավարական երկրների պարագայում խիստ ինտրիգային է նոր կառավարությունների եւ երկրի ազդեցիկ դեմքերի անձի ու կուսակցական պատկանելության հարցը, քանի որ կայացած դեմոկրատական համակարգը ենթադրում է կայացած հակակշիռների առկայություն:



Երբ ամեն իշխանական թեւ գործում է իրապես մյուսից անկախ, ոչ թե խամաճիկային տրամաբանությամբ, որն իր գործողությունների համար հաշվետու է օրենքի եւ Սահմանադրության առաջ, ոչ թե, դիցուք՝ «Ավենյու 48»-ի կամ «Կրեմլյովսկայա 59»-ի: Նման իրավիճակում կուսակցական ուժերի մրցակցությունը՝ ունենալ ազդեցիկ պաշտոններ եւ քաղաքական հիերարխիայում սեփական քաղաքական գիծն առաջ տանել, բնական է եւ հանրային առողջ հետաքրքրության օբյեկտ: Հենց սա է նորին մեծություն քաղաքականությունը, թող որ այն ընդունված է անվանել անբարոյականություն, բայց որտեղ նույնիսկ անբարոյականությունն ունի տրամաբանություն, պատճառահետեւանքային կապ, արդարացում: ՀՀ-ում, թեեւ քաղաքական անբարոյականությունը երբեմն փայլատակումներ է ունեցել, սակայն այն թույլ արտահայտված իրողություն է:



Մեզանում կա մեկ անձի՝ «պապայի», «օջախի մեծի», «քյոխվայի» իշխանություն, նրա քաղաքական հավակնություններն ու կամակորություններն սպասարկող քաղաքական մեծամասնություն, որը նախաճաշից, լանչից ու ընթրիքից հետո եւ առաջ է ապացուցում իր հավատարմությունը: Եվ խիստ վերահսկելի վարքով, ընդհուպ՝ ստերիլացված քաղաքական փոքրամասնություն, որի «սեռաքաղաքական» ակտիվությունը որքան էլ բարձր նիշերի է ձգտում, սակայն կուլմինացիայի չի հասնում՝ իշխանական ազդեցիկ լծակներին տիրանալու համար: Իսկ, ահա, էքսցենտրիկ ցանկացած քայլ, կենտրոնի հետ չհամաձայնեցված որեւէ գործողություն, գիտենք, թե ինչ հակազդեցության է արժանանում: Այնպես որ, բոլոր այն քաղաքական սուբյեկտները, որոնք 2018-ին էքսցենտրիկ լինելու արկածախնդրության կդիմեն, իրենց աչքի առաջ պետք է ունենան «ծուռ» դառնալու, լավագույն դեպքում՝ քաղաքական «բոմժության» տխուր հեռանկարը` չմոռանալավ նախապես զգուշացնել, որ եթե հանկարծ իրենց հետ մի բան պատահի, ապա դրանում մեղավորը Սերժ Սարգսյանն է (Վիկտոր Դալլաքյանի ականջը կանչի): Նկատենք, սակայն, որ որքան էլ գործող նախագահն իրեն շրջապատել է արտաքուստ հավատարիմ քաղաքական թիմով եւ կարող է հավաստիացնել, որ ситуация под контролем, բայցեւայնպես, նա լեգիտիմության խնդիր ունի նաեւ հարազատ կուսակցության ներսում: Դրա մասին է վկայում նրա՝ ոչ մեկին չվստահելն ու հույժ գաղտնապահությունն իր ապագա պաշտոնի հարցում: Նաեւ՝ կուսղեկի որոշումներից «բեխաբար» ՀՀԿ-ականների կեցվածքը «հայկական հարցի» վերաբերյալ



Մինչդեռ առողջ քաղաքական կառույցը ենթադրում է թափանցիկություն, բացախոսություն, կարծիքների բախում եւ, վերջապես՝ կոնսենսուս: Իսկ այն, ինչ անում է հարազատ կուսակցության հանդեպ Սարգսյանը, դրա հակառակն է եւ մեկ բառով՝ արհամարհանք: Բայց քանի որ տոտալ արհամարհանքը, որը կիրառվում է ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ ՀՀ ժողովրդի կամքի նկատմամբ, քաղաքական կատեգորիա չէ, ուստի ՀՀԿ-ն կշարունակի գլխահակ սատարել ու քվեարկել այն թեկնածուի օգտին, ում կառաջադրի Ս. Սարգսյանը վարչապետի, նախագահի եւ այլ պաշտոններում, կամ էլ կինքնառաջադրվի: Մեկ է՝ ինքն է մենախաղ ցուցադրելու կամ էլ, մնալով ստվերում, բոլորին խաղացնելու է իր մատների վրա:



 



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**