Հայ-գերմանական հարաբերությունների կարեւորագույն իրադարձությունը

Հայ-գերմանական հարաբերությունների կարեւորագույն իրադարձությունը
Դեկտեմբերի 16-ին Երեւանում՝ Մհեր Մկրտչյան 1 հասցեում տեղի ունեցավ Գյոթեի կենտրոնի բացումը, որն առայժմ ինստիտուտի կարգավիճակ չունի, բայց նկատի առնելով, թե ինչ ռեկորդային կարճատեւ ընթացքում է այս կենտրոնը ստեղծվել, ինստիտուտի կարգավիճակն էլ հեռու չի թվում:



Ինչ է նշանակում երկրում Գյոթեի ինստիտուտ կամ կենտրոն ունենալ: Դա նշանակում է ունենալ գերմանական մշակույթի, լեզվի, պատմության, հասարակության ներկայացման կենտրոն, ինչը գերմանական soft power-ն է տվյալ երկրում: Երկրագնդի վրա գոյություն ունեցող շուրջ 200 պետություններից համարյա 100-ում գործում է Գյոթեի ինստիտուտ կամ կենտրոն, ինչը տվյալ երկրի նկատմամբ գերմանական հետաքրքրության վկայությունն է: Իհարկե, Գյոթեի ինստիտուտը Հայաստանում ծրագրեր իրագործել է նաեւ նախկինում. մասնավորապես գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնները Գյոթեի ինստիտուտի նախաձեռնությունն էին: Սակայն այժմ գերմանական բոլոր մշակութային-կրթական-լեզվական նախաձեռնությունները միավորվում են մեկ հարկի ներքո, ինչը նշանակում է Հայաստանով Գերմանիայի հետաքրքրվածության, գերմանական ներկայության եւ ազդեցության որակապես նոր մակարդակ:



Երեւանում Գյոթեի կենտրոնի բացման առիթով Գերմանիայից ժամանել էր Գյոթեի ինստիտուտի համաշխարհային կառույցի նախագահը` դոկտոր Կլաուս Դիտեր Լեհմանը: Որքան հասկացանք, պրն. Լեհմանին դուր է եկել Հայաստանը, քանի որ նա 2017-ի ընթացքում արդեն երկրորդ անգամ էր Հայաստանում, եւ որքան հասկացա իր հետ կարճ զրույցից` հույս ուներ կրկին Երեւան գալ փետրվարին: Իսկ նախորդ անգամ պրն. Լեհմանը Երեւանում էր եղել հունիսին կամ հուլիսին, հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարների հետ: Այդ ժամանակ էլ ձեռք են բերվել Գյոթեի կենտրոնի բացման պայմանավորվածությունները, կամ ինչպես կենտրոնի բացման առթիվ իր շնորհավորական խոսքում պրն. Նալբանդյանն ասաց` կազմվել էր «ճանապարհային քարտեզը»:



Ենթադրելի է՝ այդ ճանապարհային քարտեզի վերջնական հանգրվանը երեւանյան կառույցին ինստիտուտի կարգավիճակ շնորհելն է, սակայն այս պահին կենտրոնն էլ միանգամայն տպավորիչ ձեռքբերում է: Հնարավոր չէր չտպավորվել նրանից, ինչ պատմեց Երեւանի Գյոթեի կենտրոնի ղեկավարը` տիկ. Նաթիա Միքելաջե-Բաչսոլիանին, ով ազգությամբ կես-վրացուհի է, կես- գերմանուհի։ Կենտրոնի տարածքը Մհեր Մկրտչյան 1 հասցեում ձեռք է բերվել ընթացիկ հոկտեմբերին եւ ընդամենը երկու ամիս անց այն այնքան էր հարդարված, լսարանները, ընթերցասրահները ցուցասրահները կահավորված, որ ամբողջ շնորհանդեսի արարողություն եւ «Երեւան`իղձերի մայրաքաղաք» խորագրով ցուցահանդես էր հյուրընկալել: Ցուցադրությունը տեւելու է մինչեւ փետրվար, իսկ փետրվարին ժամանելու է նաեւ կենտրոնի կահույքի այն մասը, որը շնորհանդեսին չկար` սեղաններ, աթոռներ, եւ այլն, որոնք ցուցադրության կուրատորների մտահղացմամբ նախընտրելի էր որ բացակայերին: Կգան նաեւ նոր գրքեր, թեեւ կենտրոնն արդեն լեցուն էր գրքերով։



Գյոթեի ինստիտուտն իր գործունեությունը սկսել է ավելի քան 60 տարի առաջ, որպես գերմաներենի ուսուցիչների կատարելագործման ծրագիր, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է մշակութային հաստատության, ինչը նշանակում է գրականությունից մինչեւ վիզուալ արվեստներ, ռադիո, հեռուստատեսություն, երաժշտություն, թատրոն ներառվում են Գյոթեի ինստիուտուտի գործունեության դաշտում: Այդքանից հետո ավելի քան բնական էր Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պր. Մաթիաս Քիսլերի գնահատականը: Իրեն հարցրեցի. «Պրն. դեսպան, հայ-գերմանական հարաբերություններում այս տարվա ամենակարեւոր իրադարձությունը ո՞րն էր` այս`Գյոթեի կենտրոնի բացո՞ւմը, թե՞ ուրիշ մի իրադարձություն»:



Պատասխանն էր. «Իհարկե Գյոթեի կենտրոնի բացումը, հաստատապես սա»։ Սպառիչ գնահատական էր եւ հայ-գերմանական մերձեցման մի նոր հանգրվանի արձանագրում: Իսկ հատկապես Գերմանիայի ճանաչումն ու մերձեցումը Հայաստանի համար ավելի քան կարեւոր է, որովհետեւ շատ երկար Գերմանիայի ընկալումը Հայաստանում խորհրդային կամ ռուսական պրիզմայով է անցել, ինչը նշանակում է աղավաղում: Որքան արագ Գերմանիան ճանաչենք գերմանական աղբյուրներից եւ մոռանանք ռուսներին ու Խորհրդային Միությունը, այնքան լավ:



**Լուսինե Պետրոսյան**