Հակոբ Հակոբյանի որդին ապօրինի ճանապարհով 17 հեկտար հող է ստացել

Հակոբ Հակոբյանի որդին ապօրինի ճանապարհով 17 հեկտար հող է ստացել
Գեղարքունիքի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել է չարաշահումների հետ կապված սկանդալային պատմության մեջ։ Մասնավորապես՝ վերջինիս նախկին խորհրդական Վարդան Գրիգորյանը, որն առաջադրվել էր նաև ՏԻՄ ընտրություններում, ժամանակին նրան մեղադրում էր մի շարք լրջագույն հանցագործությունների մեջ՝ նշելով, թե համայնքապետն ուռճացրել է գյուղապետարանի հաստիքացուցակը. նախատեսված 21 հաստիքներից գործել են 19-ը, մյուս երկուսը՝ ավտովարորդը և օպերատորը, որպես այդպիսին, գոյություն չեն ունեցել: Բացի այդ նա հայտնել էր, թե իր երբեմնի ղեկավարը թալանել է համայնքի բյուջեն, բնակիչներից գաղտնի է պահել ավագանու նիստերը, աճուրդով վաճառքի է հանել համայնքի սեփականություն հանդիսացող հողերը՝ կոպտորեն խախտելով ՀՀ հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջները, ինչի արդյունքում իր որդին գնել է մեկ հեկտար հող: Յուրացվել են նաև աղբահանության, բնապահպանության և տրանսպորտային միջոցներին ուղղված գումարները, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերանների, մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարների մի մասը:



Ի պատասխան այս մեղադրանքների` Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակի» հետ [զրույցում](https://www.hraparak.am/posts/5a32170034400b0647fc9c54) հերքել էր նախկին տեղակալի կողմից բերված բոլոր փաստերը՝ նշելով. «Գրիգորյանն աշխարհի ամենագող, հանցագործ, խաբեբա մի տիպ ա, բա ինչի՞ ա փախել Հայաստանից ընտանիքի հետ, տղուն էլ փախցրել ա Ռուսաստան, որ բանակից ազատի: Ինքը թող իրա բարոյական կողմերը պահի, նոր ուրիշներին մատնացույց անի: Հասկացա՞ք: Մորով, քրերով, ախպերներով էս տարի փախել ա, ՌԴ քաղաքացիություն ա ձեռք բերել, նա սկի ՀՀ քաղաքացի էլ չի հիմա»։



Մինչդեռ Աստղաձորի համայնքապետի նախկին խորհրդական Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում, պատասխանելով համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանին, նշեց, որ ինքը վերջին մի քանի տարիներին չի հեռացել Հայաստանի Հանրապետությունից և գտնվել է Աստղաձոր գյուղում, ու փաստորեն համայնքապետը տեղյակ չէ իր համայնքի բնակիչներից։ Գրիգորյանը նորից ներկայացրեց համայնքապետի կողմից արված հանցագործությունների մանրամասները։ Մասնավորապես, նրա խոսքով՝ 2016 թ. հունիսին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը), սակայն մի քանի ամիս անց գործը կարճվել էր հանցադեպի եւ հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի կարճումը Գրիգորյանը բողոքարկել էր Գեղարքունիքի մարզի դատախազին և ՀՀ գլխավոր դատախազություն: Մի քանի օր անց նրան կանչել ու ասել էին, թե գործը կրկին կուղարկվի նախաքննության: Սակայն մեկ ամիս անց հայտնել էին, որ իր բողոքը թողնվում է առանց քննության, որովհետեւ լրացել է դատարան դիմելու ժամկետը:



«Նրանք դիտավորյալ ուշացրին պատասխանը, որպեսզի ես չկարողանամ դիմել դատարան, իսկ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ոչ միայն ստորադաս դատախազությունում, այլ նաև Գլխավոր դատախազությունում շահագրգռված են կոծկելու համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումները»,- նշեց Գրիգորյանը՝ պնդելով, թե համայնքապետը վայելում է «վերևների» հովանավորությունը, և արդյունքում գործը չի հասնում ՀՀ գլխավոր դատախազին։ Իսկ այն հարցին, թե ո՞վ է համայնքապետի հովանավորը, Գրիգորյանը պատասխանեց, որ Ռոբերտ Խաչատրյանի գլխավոր հովանավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Թունելի Հակոբը)։ Գրիգորյանի խոսքով` քանի որ համայնքապետը Հակոբ Հակոբյանի թիմի անդամ է, աջակցել է վերջինիս ընտրությունների ժամանակ, իսկ պատգամավորն էլ դրանից ելնելով պարտավոր է պաշտպանել նրան։ Նրա համոզմամբ` որպես այդ պաշտպանության պատասխան, պատգամավորի որդին՝ Պարույր Հակոբյանը, Աստղաձորում անօրինական ճանապարհով ձեռք է բերել 17 հեկտար հող։