Regnum-ից ծուղա՞կ

Regnum-ից ծուղա՞կ
Regnum-ի հայտնի մեկնաբանը, որ հաճախակի դառնում է նաեւ հայրենական որոշ լրատվամիջոցների վիզավի, ղարաբաղյան կարգավորման թեմայով հերթական հրապարակումը եզրափակել է շատ ինտրիգային ենթադրությամբ: Նրա հայացքով՝ տեսականորեն բացառված չէ, որ Բաքուն վերանայի ԼՂ հակամարտության ընկալումը «[կամ Ստեփանակերտի հետ ինքնուրույն հարաբերությունների հաստատմամբ, կամ կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի ներգրավմամբ](https://regnum.ru/news/polit/2358465)»:



Խնդիրը մեկնաբանի երեւակայությունը չէ, այլ նրա վերջին ձեւակերպումը. «Ի դեպ, մենք տպավորություն ենք ունենում, որ Ռուսաստանը կարող է աջակցել Բաքվի քաղաքականությանը, եթե նա «սուբստանտիվ բանակցությունները» տեղաշարժեր Ստեփանակերտի եւ ուղղությամբ եւ վերանայեր ղարաբաղյան հակամատության վերաբերյալ իր մոտեցման դիրքերը: Այդ ժամանակ կարող է արդյունք արձանագրվել: Հակառակ դեպքում ամեն կմնա ինչպես կա՝ հայտարարությունների եւ թղթերի մակարդակում»: Չափազանց նվազ է հավանականությունը, որ Ադրբեջանը «սուբստանտիվ բանակցությունները կտեղաշարժի Ստեփանակերտի ուղղությամբ» կամ «կվերանայի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրմոտեցման դիրքերը»:



Այլ բան է, որ դա կցանկանար Ռուսաստանը՝ դառնալով ԼՂ կարգավորման բացառիկ միջնորդ: Regnum-ի մեկնաբանի այս տպավորությունը շատ է նման տեղեկատվաքարոզչական ծուղակի, որ մտածված է՝ ելակետ ունենալով, որ հայկական կողմը կարող է տրվել բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության գայթակղությանը եւ ընդունել բանակցություններում Ռուսաստանի առանձնակի միջնորդությունը: Թե ինչ կհետեւի դրան եւ ինչ «արդյունքի» մասին է ակնարկում ռուսաստանցի հեղինակը՝ դժվար չէ ենթադրել: Մանավանդ որ նա հղում է անում ադրբեջանցի անանուն հեղինակին, որի կարծիքով Ադրբեջանը «պետք է տարբերակի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում մոտեցումները»:



Տեսականորն նման ընկալումը կարելի է նույնիսկ «հեղափոխական» համարել: Բայց հարցն այն է, թե գործնականում ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե Ադրբեջանը որոշի ընդունել Ռուսաստանի առանձնակի միջնորդությունը եւ «սուբստանտիվ բանակցությունները տեղաշարժի Ստեփանակերտի ուղղությամբ»: Ամեն դեպքում Regnum-ի այս ենթադրությունը պետք է զգաստացնի: Հնարավոր է՝  առնվազն փորձագիտական մակարդակով ռուս-ադրբեջանական նման քննարկումներ ընթանում են եւ պետք է պատրաստ լինել, որ փորձ է արվելու գաղափարն առաջին հերթին ներդնել Արցախի հանրային -քաղաքական շրջանակներում: Հրապարակման հեղինակն Ստեփանակերտում նուրբ աշխատանք տանելու փորձ ունի:



**Վահրամ Աթանեսյան**