Արամ Սիմոնյանը ուսանողներին մեղադրում է

Արամ Սիմոնյանը ուսանողներին մեղադրում է
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նորից հացադուլ է սկսել։ Նրա հետ է նաև Յուրի Ավագյանը։ Հացադուլն ընթանում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ Դավիթն իր չորս ընկերների հետ միասին հացադուլ էր անում։



Նա ֆեյսբուքյան իր էջում այսօր տեղադրած տեսանյութում նշել է, որ մեկ ամիս տևած բանակցությունները արդյունք չեն տվել։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այս ամենի վերաբերյալ նշել է, թե նման քայլն այժմ ժամանակավրեպ է, և հիշեցրել, որ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում և գուցե հանձնարարություն է ստացել դրսից։



Փաստորեն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը նորից դուրս է եկել վերահսկողությունից և իշխանությունները խնդիր են դրել հեղինակազրկել նախաձեռնության անդամներին, ինչպես տեսնում ենք այդ աշխատանքը իրականացվում է համալսարանի ղեկավարության մակարդակով։



Իսկապես Դավիթ Պետրոսյանը եղել է Լեհաստանում և համալսարանի ղեկավարությունը փորձում է այդ փաստը շահարկել ի վնաս նախաձեռնության՝ ներկայացնելով կոնտեքստից կտրված փաստեր։ Նշենք, որ Դավիթը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմում բազմիցս դիտորդական առաքելություններ է իրականացրել և դրանից ելնելով ավելի քան օրինաչափ է, որ նա կարող է մեկնել ԵՄ անդամ երկրներ ու մասնակցել տարատեսակ ֆորումների։



Փաստորեն մինչ ուսանողական շարժման մեջ ներգրավվելը Դավիթը հանդես է եկել նաև որպես դիտորդ, վերահսկել է ընտրություններն ու թույլ չի տվել որպեսզի դրանք կեղծվեն։



Հաճախ Դավիթին արժևորելու համար մատնանշվում է նրա բանակում ծառայած լինելն է ու պատերազմին մասնակցելը՝ մոռանալով, որ առաջին հերթին նա իրավագիտակից քաղաքացի է։ Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ուսանողների հետ լեզու գտնելու փոխարեն նրանց մեղադրում է դավադրությունների տեսությունների մեջ։