Հարյուր տարվա անկախություն

Հարյուր տարվա անկախություն
2018-ի փետրվարին լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Խորհրդանշական է, որ այն սկսվել է Անդրկովկասի Ռուսաստանից անկախանալու, Հայաստանի եւ Ադրբեջանի հռչակման 70-րդ տարում: Գարնանը Հայաստանը եւ Ադրբեջանը կնշեն անկախության 100-ամյակ: Ստեփանակերտում պետականորեն կնշվի Ղարաբաղյան շարժման 30-րդ տարելիցը: Մինչդեռ պատմական փաստերը հիմք են տալիս, որպեսզի նշանավորվի նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության 100-ամյակը: Բանն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հռչակումից շուրջ երկու ամիս անց՝ 1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում գումարվել է Ղարաբաղի բնակչության լիազոր ներկայացուցիչների առաջին համագումարը, որը երկրամասը հռչակել է անկախ վարչաքաղաքական միավոր: Ստեղծվել է Ղարաբաղի ազգային խորհուրդ եւ նրան ենթակա կառավարություն, որի կազմում կար յոթ նախարարություն:



Այս իրավիճակը շարունակվել է մինչեւ 1919թ. օգոստոս, երբ, ստեղծված աննպաստ հանգամանքների ճնշման տակ, Ղարաբաղի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը կայացրել է Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններ սկսելու որոշում: Արդյունքում կողմերն ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը թողնելով խաղաղության Փարիզի վեհաժողովի տնօրինությանը: 1920թ. մարդին Ադրբեջանը խախտել է ժամանակավոր համաձայնագիրը: Շուշին ավերվել, հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային կոտորածի եւ բռնատեղահանության:



Եւ արդեն ապրիլին Ղարաբաղի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը չեղյալ է հայտարարել 1919թ. օգոստոսյան ժամանակավոր համաձայնագիրը: Փաստերը վկայում են, որ Լեռնային Ղարաբաղը մինչեւ Ադրբեջանի խորհրդայնացումը մնացել է անկախ վարչաքաղաքական միավոր: Նույնիսկ ԼՂ օկուպացումն ռուսական 11-րդ բանակի կողմից չի կանխորոշել նրա կարգավիճակը, ինչը փաստված է հայ-ռուսական՝ 1920թ. օգոստոսի 10-ի զինադադարի մասին համաձայնագրով: Այսպիսով, բոլոր պատմաքաղաքական հիմքերը կան, որպեսզի 2018թ. ամռանը պաշտոնապես նշվի Լեռնային Ղարաբաղի անկախության 100-ամյա հոբելյանը: Զարմանալի է, թե ինչու՞ այդ մասին հայ պատմաբանները, մեկնաբանները եւ քաղաքական գործիչները ոչինչ չեն ասում: Չէ՞ որ դա հնարավորություն է ԼՂ անկախությունը եւս մեկ անգամ դարձնելու միջազգային ուշադրության առարկա:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**