Միեւնույնն է՝ նախագահը չի որոշում երկրի ճակատագիրը․ Վարդան Մալխասյան

Միեւնույնն է՝ նախագահը չի որոշում երկրի ճակատագիրը․ Վարդան Մալխասյան
«Ճահճացած»,- այսպես արձագանքեց ազատամարտիկ **Վարդան Մալխասյանը**՝  պատասխանելով մեր հարցին, թե ինչպես կբնութագրեր Հայաստանի ներքաղաքական կյանքը։



«Իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի մասշտաբով։ Եվ բոլորը սպասում են, թե ինչ զարգացումներ են լինելու առաջիկայում»,- ասաց մեր զրուցակիցը։



Հարցին, թե ինչ տպավորություն է ստացել Սերժ Սարգսյանի ելույթներից, արդյո՞ք նա պատրաստվում է հեռանալ իշխանությունից, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Սերժ Սարգսյանը որդեգրել է մի գիծ՝ երկիրը կառավարել խաբելով, ժողովրդին հասցնել բնազդների մակարդակի։ Այնքան ստեր են ասել, որ արդեն եթե ճիշտ բան էլ են ասում, մարդիկ չեն հավատում։ Քանի որ ժողովրդին հիմարացրել են, հիմարներին հեշտ է կառավարելը։ Իսկ Սերժ Սարգսյանն ու իր Հանրապետական կուսակցությունը զբաղված են ժողովրդին խաբելով։ Այդպես ժամանակ են շահում, որ ելք գտնեն եւ վերարտադրվեն։ Իրենք սարսափում են իշխանությունը կորցնելուց։ Իրենք գիտեն, որ եթե օրինական ընտրված իշխանություն լինի, ապա քանդվելու է ծանր հանցագործությունների կծիկը»։



ԱԺ-ում «Ելք» դաշինքը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, որի կենսագրությունը միայն վստահություն է ներշնչում հանրությանը։



«Կարո՞ղ է այդ նախաձեռնությունը պսակվել հաջողությամբ»,- հետաքրքրվեցինք Վարդան  Մալխասյանից։



«Իրենք փոխեցին սահմանադրությունը, դարձավ խորհրդարանական հանրապետություն, երկրի վարչապետն է առաջին դեմքը։ Հիմա ես ճանաչում եմ Արտակ Զեյնալյանին, ինքը խելացի է, մասնակցել է արցախյան պատերազմին, ծառայություններ ունի երկրին մատուցած։ Բայց եթե նա ընտրվի երկրի նախագահ, միեւնույնն է, նախագահը չի որոշում երկրի ճակատագիրը, որոշողը վարչապետն է։ Վարչապետին էլ ԱԺ-ն կընտրի»,- ասաց մեր զրուցակիցը։