Սամվել Ալեքսանյանը քնից շուտ արթնացավ ու որոշեց Արթիկը զավթել

Սամվել Ալեքսանյանը քնից շուտ արթնացավ ու որոշեց Արթիկը զավթել
Կառավարությունը նախօրեին պետգույքի վարչության տնօրինության տակ գտնվող Արթիկի թիվ 7 դպրոցի շենքը անհատույց օգտագործման իրավունքով 20 տարով հանձնել է «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին։ Օպտիմալացման արդյունքում թիվ 3 եւ 7 դպրոցները միացվեցին, եւ թիվ 7 դպրոցի շենքն ազատվեց: Հնչեղ անունով այս ընկերությունը սովետական ժամանակների վերհուշ արթնացրեց, երբ հարգի էին չեխական ապրանքները՝ ժամացույց, սպասք, կահույք, հագուստ եւ այլն: Հայ-չեխական կապիտալով ընկերությունը հագուստ է արտադրելու ու հայերիս հնարավորություն է տալու չեխերի հետ կիսել «չեշսկի» ապրանքների  զիլ համբավը:



Ընկերության նպատակն է ՀՀ տարբեր քաղաքներում եւ սահմանամերձ գոտում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն եւ արտահանել ՌԴ, եվրոպական երկրներ: Ընկերությունը պարտավորվել է 3 տարում կատարել 1 մլն․ դոլարին համարժեք ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգմանը եւ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաեւ ստեղծել 500 աշխատատեղ: Ընկերության հայկական կողմը կարի ու տեքստիլի բնագավառում մոնոպոլիա ստեղծելու հայտ ներկայացրած ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է՝ ի դեմս իր դստեր: Այն, որ նա աչք ուներ այդ շենքի վրա, գիտեինք վաղուց:



Նա դեռ ամռանն էր, ինչպես տեղացիներն էին մեզ հայտնել, «մի քանի հաստափորերի» եւ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ուղեկցությամբ այցելել Արթիկ՝ ապագա ֆաբրիկան տնտղելու: Ամիսներ առաջ էլ գնել էր Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան: Ուշագրավն այն է, որ Արթիկում այս տարվա հունվարին բացվեց ուսումնական կենտրոն, որտեղ 4-ամսյա դասընթացներից հետո տեղացի կանայք պիտի աշխատանքի անցնեին ստեղծվելիք կարի գործարանում, որտեղ 400 աշխատատեղ էր լինելու: Արթիկում տեքստիլ ֆաբրիկան հիմնվելու էր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի եւ Արթիկի քաղաքապետի եղբայր Դավիթ Վարագյանի միջոցով, ով հայտնի գործարար է եւ Ղազախստանում սփյուռքի նախարարի խորհրդականն է: SASSTEX ընկերության տնօրեն Գելեջին դեռ հունվարին հայտարարել էր, թե ֆաբրիկայի համար նոր շենք չի կառուցվի, կընտրվի պարապուրդի մատնված որեւէ հարմար շինություն եւ կհիմնանորոգվի: Ակնկալվում էր, որ դպրոցների օպտիմալացումից հետո Արթիկի թիվ 4 դպրոցը կհատկացվի SASSTEX-ին, որի մի հատվածն էլ կդառնա մանկապարտեզ՝ աշխատակիցների երեխաների համար:



«Արթիկում մենք մտադիր ենք 2 գործարան հիմնել. մեկում բանվորական հագուստ կկարեն, մյուսում՝ հագուստ՝ «ZARA» բրենդի համար: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է Եվրոպա»,- հույս էր հայտնել Գելեջին: Նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով Արթիկի գործարանում նախատեսվում էր մինչեւ 1 մլն․ եվրոյի ներդրում անել: Պարզվում է, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ զարմանալի բիզնես-հոտառություն ունեցող Սամվել Ալեքսանյանը կարողացավ մեծացնել տեքստիլի արտադրության աշխարհագրությունը՝ հասնելով Շիրակի մարզ (խոսք կա, որ մտադիր է նաեւ Գյումրիում ու Վանաձորում կարի արտադրություն հիմնել):



Մենք զրուցեցինք Արթիկի համայնքապետի խորհրդական, համայնքապետարանի երկարամյա աշխատակից **Գեւորգ Փթուկյանի** հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը, որ հայ-չեխական ընկերության հայկական կողմն Ալեքսանյանի դուստրն է: Հարցրինք՝  SASSTEX-ի գործե՞րն ինչպես են, մասնավորապես՝ ընկերությանը դպրոցի շենքը հանձնելու գործընթացն ի՞նչ փուլում է: Փթուկյանը նշեց, որ ամեն ինչ անում են ընկերությանը շենքային պայմաններով ապահովելու համար:



«Նախատեսվում էր թիվ 4 դպրոցի շենքը տեղափոխել թիվ 5 դպրոց։ Դա, իհարկե, կրթության եւ գիտության նախարարության որոշումն էր, սակայն առայժմ այդ դպրոցի ճակատագիրն անհայտ է: Մենք աշխատում ենք այդ՝ երկրորդ կարի ֆաբրիկան էլ ունենալ, սակայն առայժմ դրա շենքային պայմանների հնարավորությունները չկան: Մենք կառավարության առջեւ հարց ենք բարձրացրել՝ ընկերությանը շենքային հարմարություններով ապահովելու համար, սակայն առայժմ նման հնարավորություն չկա, սակայն ընկերության հետ շարունակում ենք ինտենսիվ կերպով աշխատել»: Իսկ ի՞նչ են անելու վերապատրաստում ստացած կանայք: Համայնքապետարանի աշխատակիցը նշեց, որ վերապատրաստվածները, որոնք պիտի  աշխատանքի անցնեին SASSTEX-ի բացվելիք գործարանում, այժմ սպասում են աշխատանքի: Դավիթ Վարագյանը, ըստ Փթուկյանի, շարունակում է համագործակցությունը SASSTEX-ի հետ, սակայն շենքային պայմանների բացակայության պատճառով արտադրությունն առայժմ առկախված է: «Կա՛մ նոր գործարան պիտի կառուցվի, որը ֆինանսատար է, կա՛մ էլ թե չէ՝ մենք պետք է նոր շենք գտնենք: Իրենք պատրաստակամ են ներդումներ կատարել՝ մինչեւ 1.5 մլն․ ԱՄՆ դոլար, պարզապես շենքային պայմաններ չկան»: Մեր հարցին՝ իսկ «Չեխարմինվեստի» գործունեությունը SASSTEX-ի եւ Վարագյանների գործին «չի՞ խփի»։ Պրն․ Փթուկյանն արձագանքեց. «Ոչ, ոչ, ինչի՞ պիտի խփի, նրանց շուկան առանձին է, նրանցը՝ առանձին, ի՞նչ խփելու խնդիր կա էդտեղ: SASSTEX-ի արտադրանքը  հիմնականում արտահանելու են Գերմանիա, քանի որ գերմանական կողմը կա այդ ընկերության մեջ, նոր գործարանի տերերն էլ՝ այլ շուկա: Այնպես որ, այս երկու ընկերություններն իրար խանգարելու խնդիր չունեն»:



Բայց միայն այն փաստը, որ Սամվել Ալեքսանյանի համար շենք գտնվեց, իսկ Վարագյանի համար՝ ոչ, արդեն խոսուն է: «Դե, ով քնից շուտ է արթնանում, նա շահում է ընդհանրապես, էդպես չէ՞»,- նկատեց Փթուկյանը եւ նշեց, որ Արթիկում «չոփը չոփին դնելու», նոր աշխատատեղեր ստեղծելու ամեն մի քայլ ոգեւորում է անձամբ իրեն ու արթիկցիներին:



**ՀԳ**. Օրերս Սյունիքի մարզպետն էլ վարչապետին էր ներկայացրել մարզի ներդրումային ծրագրերն ու նշել, որ 2018 թ. հունվարի վերջից Սյունիքի Գեղի համայնքում կսկսի աշխատել տրիկոտաժի ֆաբրիկա՝ մոտ 500 հազար դոլար ներդրումային արժողությամբ, 100 աշխատատեղով, արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա: Նաեւ  բանակցություններ են ընթանում իտալացիների հետ՝ Կապանում տրիկոտաժի արտադրություն բացելու նպատակով, որը կապահովի 600-ից ավելի աշխատատեղ: Եթե այսպես գնաց, Հայաստանը հայտնի կդառնա ոչ միայն որպես ծիրանի, այլ նաեւ «տեքստիլի երկիր»:



 



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**