Ռեսուրսը ֆինանսը չէ

Ռեսուրսը ֆինանսը չէ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին երեկ մեր թղթակիցը հարցրել է, թե ինչով է զբաղվում կուսակցությունը, ինչու է պասիվ։ Մարտիրոսյանի պատասխանում ցավալի, ճշմարիտ, բայցեւ անհամոզիչ փաստարկներ են հնչել։ «Պետությունն ամբողջովին ռեսուրսազրկել է ընդդիմադիր կուսակցություններին, նրանց անդամների նկատմամբ իրականացրել եւ իրականացնում է հետապնդումներ, որոշներին գայթակղել է»։



Բացի այդ՝ ««Ժառանգությունը չունի որեւէ կայքէջ, չկա ֆինանսավորում»։ «Ինչպե՞ս եք պատկերացնում նրա ակտիվությունը, երբ ընտրությունները կեղծվեցին, եւ որոշ ընդդիմադիրներ նպաստեցին դրան։ Ինչպե՞ս կարող է կուսակցությունն ակտիվ լինել, երբ հասարակությունը հիասթափված է եւ խիստ ապատիկ վիճակում միակ ելքը տեսնում է արտագաղթի մեջ։ Կուսակցության գործունեությունը միայն այն չէ, որ հանրահավաքներ հրավիրի։ Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ կուսակցությունն օրը 24 ժամ հանրահավաք է հրավիրում եւ դրանով իր ակտիվությունն է ցուցաբերում։ Տեղեկատվական դաշտն էլ իշխանության ձեռքում է․ կուզեն՝ ակտիվություն ցույց կտան, կուզեն՝ ցույց չեն տա։ Եվ դրա համար այն, ինչ կատարում է «Ժառանգությունը», քաղաքական առումով հերոսություն է»,- ասել է փոխնախագահը։



Ռեսուրսների իմաստով համաձայն ենք, բայց ընդդիմադիր կուսակցությունները հզոր են ոչ միայն ռեսուրսներով՝ ֆինանսական ու տեղեկատվական, այլ իրենց գործի ճշմարտացիությամբ, հասարակական դժգոհության առկայությամբ։ Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ «տեղեկատվական դաշտն իշխանության ձեռքում է՝ կուզի ակտիվություն ցույց կտա, չի ուզի՝ ցույց չի տա», կտրականապես համաձայն չեմ։ Եվ դրա մասին են վկայում մեր բազում եւ հաճախ ապարդյուն ջանքերը՝ «տեղեկատվական դաշտ» բերելու ընդդիմադիրներին։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**