Թուրքմենստանում սկսվել է պարենային ճգնաժամ

Թուրքմենստանում սկսվել է պարենային ճգնաժամ
Թուրքմենստանում արդեն զգալի է հիմնական պարենային ապրանքների դեֆիցիտը եւ երկիրը կանգնած է սննդամթերքի ճգնաժամի առաջ: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, այս տարվա նոյեմբերին Թուրքմենստանի Ախալսկի եւ Մարիյսկի մարզերում երկու անգամ թանկացել է ալյուրը եւ քաղաքացիները սկսել են մասսայաբար գնել ալյուր` դեֆիցիտից խուսափելու համար: Արդեն դեկտեմբերի սկզբին ալյուրի դեֆիցիտը վրա հասավ երկրի բոլոր մարզերում եւ արդեն մարզաբնակները սկսել են գնել մայրաքաղաք մտած ալյուրի գրեթե ողջ խմբաքանակը: Արդյունքում էժանագին հացը թանկացել է գրեթե մեկուկես անգամ, իսկ մայրաքաղաք Աշխաբադում`նույնիսկ ավելի:Այդ ամենից սկսել է օգտվել մասնավոր սեկտորը, որը 0,28 դոլարանոց էժանագին հացը սկսել է վաճառել մինչեւ 3 դոլարով /թվային տվյալները բերվում է դոլարով որպես միջազգային արժույթ եւ ոչ թե ազգային արժույթ մանաթով/: Աշխաբադում 50 տոկոսով թանկացել է նաեւ ձուն եւ նույնիսկ մտցվել է ձվի լիմիտավորում, օրական մեկ անձին վաճառել թույլատրվում է մինչեւ 30 ձու` պետական խանութներում: Մասնավոր սեկտորում սահմանափակումներ չկան, սակայն գները շատ ավելի բարձր են: Փողոցներ են դուրս բերվել ոստիկանական ուժեր, որոնք լրագրողներին արգելում են նկարել խանութների առաջ գոյացած հերթերը: Կրկնակի թանկացել են մրգերի, բանջարեղենի, կանաչեղենի մանկական հագուստի, հրուշակեղենի գները: Թանկացել է ողջ արդյունաբերական արտադրանքը: Տեղի պաշտոնյաները նշում են, որ գնաճի պատճառները փոխադրման հետ կապված խնդիրներն ու սահմանափակումներն են: Նշվում է, որ երկրի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը նույնիսկ հատուկ պարենային ապահովման եւ սննդամթերքի հավասարաչափ մատակարարման հանձնաժողով է ստեղծել, որն էլ զբաղվելու է քաղաքացիներին պարենային ապրանքների արդարացի  եւ հավասարաչափ մատակարարման հարցերով: