Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:



Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների եւ հետագա անելիքների մասին զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:



ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրին»: Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ:



Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին եւ հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:



Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռեւս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց»-ը կատարելագորման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաեւ ահաբեկչության զարգացման եւ ձեւափոխության միտումները, ինչին եւ միտված է փաստաթղթի նախագիծը:



Ահաբեկչության դեմ պայքարի առումով Հանրապետության Նախագահը, որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարեւորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը եւ միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը: