Երբ 2-ը հավասար է 3-ի

Երբ 2-ը հավասար է 3-ի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում կա քաղաքացիների ընդունելության բաժին, որտեղ երևում է, թե որ ամսին քանի քաղաքացի է հերթագրվել ընդունելության համար։ Եվ այն բավականին ուշագրավ արդյունքներ է ցույց տալիս։ Այցելելով նախարարության msy.am կայքի քաղաքացիների ընդունելություն բաժինը՝ պարզեցինք, որ սպորտի նախարարությունում նոր հորիզոններ են նվաճել թվաբանության հարցում։ Պյութագորասը վկա, այս նախարարությունում 2-ն իր թվային արժեքով միշտ չէ, որ հավասար է հենց 2-ի։ Այն երբեմն կարող է նաև 3 լինել։



Ահավասիկ, քաղաքացիների ընդունելության բաժնի հերթագրված քաղաքացիների ցանկի վերևի հատվածում գրված է․  «2017 թվականի հոկտեմբեր ամսին ընդունելության համար հերթագրվել է 2 քաղաքացի»։ Բայց արի ու տես, որ ցանկում այդ երկու քաղաքացին իրականում երեքն են՝ Հայկ Հայրապետյանը, Անուշ Գասպարյանն ու Հայկուհի Սեդրակյանը։ Ուշագրավ է նաև այս քաղաքացիների՝ նախարարությունում ընդունելության համար հերթագրվելու առիթը։ Նրանցից մեկը նախարարին է դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով, մյուսը՝ արևելյան մարզաձևով մարզվելուն աջակցելու խնդրանքով, երրորդն էլ ուղղակի նախարարից ֆինանսական աջակցություն է խնդրել։



Հետաքրքիր է նաև, որ նախարարության կայքում ընդունելության վերաբերյալ վերջին թարմ տվյալը սա է՝ հոկտեմբեր ամսին հերթագրվածների այս ցանկը։ Նոյեմբերին ու դեկտեմբերին, փաստորեն, ընդունելություն չի եղել կամ եղել է, չեն ցանկացել իրազեկել։ Կայքի նույն բաժնում մեկ էլ առկա է նախկինում կատարված ընդունելության արդյունքների մասին տեղեկատվություն, համաձայն որի՝ 2017 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել է 13 քաղաքացու ընդունելություն։ Նրանցից 12-ի դիմումներին տրվել է դրական լուծում, մեկը մերժվել է։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**