Batman-ը կփրկի աշխարհը

Batman-ը կփրկի աշխարհը


Մի քանի դիտարկում անենք Batman-ի և նրա մասնակցությամբ ֆիլմերի մասին («Batman Begins», «The Dark Knight», «The Dark Knight Rises», «Batman v Superman: Dawn of Justice», «Justice league»): Առաջին երեքը, որոնք նկարահանվել են Քրիստոֆեր Նոլանի կողմից, իսկապես հզոր գործեր են: Ինձ առաջին հերթին գրավել են եռապատման մեջ առկա երկխոսությունները, որոնք փիլիսոփայական, այսինքն՝ բարոյագիտական ու գոյաբանական բավականին լուրջ ազդակներ են հաղորդում: Իսկ Զաք Սնայդերի նկարած վերջին երկու ֆիլմերը այդքան էլ երկխոսային չեն, ավելին՝ մի փոքր պրիմիտիվացված են: Բնականաբար ֆիլմերի պրոֆեսիոնալ-մասնագիտական գործիքակազմերը, ձայնը, լույսը, նկարահանման որակը, դերասանների խաղը ինձ այդքան էլ չեն հետաքրքրում և ես կենտրոնացել եմ մի փոքր այլ խնդրի վրա, որի մասին վստահ եմ ինձնից առաջ խոսել են շատերը, պարզապես ես տեղյակ չեմ: Դասախոսությունների ընթացքում մեր պրոֆեսորը հաճախ է ասում. «Չեմ հիշում, ես եմ ասել, թե Հեգելը» ու սկսում է հսկայական միտք զարգացնել: Հիմա նույնը այս դեպքում՝ կարևոր չէ, թե ով է ասել, առաջնայինը միտքն է:



Batman-ը կապիտալիստական աշխարհի հերոսն է կամ էլ մշակութային այդ միջավայրի ծնունդը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա ավելի քան ակնհայտ է երկու փոխլրացնող իրականությունների շեշտադրված լինելը: Մի կողմում Gotham city-ի բնակչությունն է, որը դատապարտված է չիմացության, անօգնական է, տգետ և վերածվել է լյումպենացված գորշ զանգվածի: Մարդկային ստորաքարշ տարրերը պետք է ինքնաոչնչացվեն, քանի որ նրանք չեն հասկացել մարդկային կյանքի էությունը, չեն կարողացել հաղորդակցվել «հավերժական» գոյի հետ:



Բայց հանկարծ հայտնվում է մեկը՝ երկնային ու երկրային ճշմարտության կրողը, լոգոսը Gotham city-ի և այդ մեկը ամենևին էլ Ալբերտ Այնշտայնը չէ, այլ՝ կապիտալիստ Բրյուս Ուեյնը: Նա պետք է արթնացնի չիմացության խորը թմբիրի մեջ թաղված քաղաքի գորշ բնակչությանը ու փրկի: Այո՛ կապիտալիստները պետք է փրկեն ու քաղաքակրթեն աշխարհը, իսկ մարդիկ պետք է հպատակվեն բուրժուաների քաղաքակրթական էքսպանսիային ու խելոք կրթվեն, հակառակ պարագայում պարզապես չեն փրկվի ու կինքնաոչնչացվեն:



«Justice league»-ի էպիզոդներից մեկում Batman-ից հարցնում են, թե դու ի՞նչ ես կարողանում անել: Ֆիլմի բոլոր հերոսները օժտված են գեր հատկություններով, իսկ Բրյուսը՞: Batman-ը պատասխանում է «ես փող ունեմ»: Եվ ահա սրանով ամեն ինչ ասված է. ես կապիտալիստ եմ, փող ունեմ, գտել եմ գերմարդուն հաղթելու միջոցը («Batman v Superman: Dawn of Justice» ֆիլմում նա գտել էր Superman-ին ոչնչացնելու ձևը), բայց ինձ վրա դրված է աշխարհը փրկելու առաքելությունը և ես ձեզ բոլորիդ՝ որպես էլիտա, հավաքել եմ այստեղ, որպեսզի համագործակցենք:



Իհարկե ես ինձ թույլ չեմ տա արվեստը պիտակել որպես պրոպագանդա, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ արևմուտքում ստեղծվող ֆիլմերի մի զգալի մասը գաղափարական լուրջ ազդակներ են պարունակում և աշխարհը կառուցարկում են կապիտալիզմի պոստուլատային դրույթների հիման վրա, որտեղ բուրժուաները մարդկային ստորաքարշ խմբերին առաջնորդելու, փրկելու և քաղաքակրթելու առաքելություն ունեն: Եվ խոսքը միայն Batman-ին չի վերաբերում և որևէ կերպ չեմ էլ պնդում, որ ֆիլմ ստեղծողները այս ամենը միտումնավոր են անում: Պարզապես նրանք a priori այդ ճշմարտության կրողներն են: Ինչպես որ այդ ճշմարտության կրողն էր Ռեդյարդ Քիփլինգը իր «սպիտակամորթ մարդու բեռի» մասին գաղափարով: Կամ էլ Բերոուզի ստեղծած Տարզանը: Ջունգլիների արքա Տարզանը, որն իրականում դասական գաղութարարի արքետիպային հերոսն էր:



Վատն այն է, որ այս ամենը չունի իր մշակութային հակակշիռը: Խորհրդային Միությունն այլևս չկա և բնականաբար նաև չկան Մաուգլին ու ջունգլիների սոցիալական համակեցությունը:



Նորից եմ կրկնում մշակութային այս փոխազդեցությունը միայն Batman-ի ֆիլմերի մեջ չէ, օրինակները բազմաթիվ են՝ «Argo»-ից մինչև «Simba»: Առաջին դեպքում դեմոնիզացվում են Իրանն ու Իսլամական հեղափոխությունը, իսկ երկրոդ դեպքում ներկայացվում են երկու աշխարհներ՝ չար ու բարի, մի դեպքում ազատ կապիտալիստական աշխարհն է, իսկ մյսուս դեպքում՝ երրորդ աշխարհը: