Ողջու՜յն, տղե՛րք

Ողջու՜յն, տղե՛րք
«Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին ազգագրական պարի սիրահարները ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի և «Նժդեհ» ազգագրական պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: Մեր օրերում հազվադեպ է պատահում, երբ գիրքը վերահրատարակվում է, քանզի տպաքանակը վաղուց արդեն սպառված է։ 2006 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից հրատարակվեց «Ողջույն տղերք» գիրքը, կարճ ժամանակ անց տպաքանակը սպառված էր, հեղինակը խոստովանեց, որ մի քանի անգամ ինքը մի քանի օրինակով տպագրել է։ Եվ ահա «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ որոշեցին գիրքը վերահրատարակել։ Այն համապարփակ մի ժողովածու է Գագիկ Գինոսյանի տարբեր տարիների ստեղծագործությունների, իսկ վերնագիրն արդեն հուշում է, որ գրքում տեղ գտած համանուն բանաստեղծությունը նվիրված է անմահության ուղին բռնած տղերքին, ովքեր հանգչում են Եռաբլուրում։ Ողջույն, տղերք, դուք նահատակ, Դուք բյուր զոհեր հայ բագինին մատաղ տրված։ Ողջույն տղերք, դուք շատ դաժան գնացիք։



Դուք, որ Ձեզ հետ մեր բաժին մահն էլ խլեցիք ու գնացիք... Ողջույն, տղերք... Դուք առավել արժանի էիք ապրելու, քան ողջերս, Բայց ցավոք մահն էլ է լավագույններին սիրում։ Արցախյան ազատամարտի առաջին կամավորներից էին մտավորականները։ Գագիկ Գինոսյանը ղարաբաղյան հողի ազատագրման համար ռազմաճակատ մեկնած այն արվեստագետներից է, ովքեր հետագայում գրի առան մերօրյա պատմության հերոսական էջերը նրանց մասին, ովքեր ընկան կռիվներում, բայց ապրում է հոգին նրանց ապրողների հոգիներում... «Ինձ համար Եռաբլուրն ամենահպարտություն առաջացնող գաղափարն է, որովհետեւ ավելի քան վստահ եմ, որ տղերքը չեն գնացել, տղերքը մեզ հետ են, տղերքը մեզնից վեր են... Տղերքն իրենց հավերժական խրամատներում են, եւ յուրաքանչյուրն ընտրել է հոգեւոր սահմանագծում լինելու եւ մեզ անընդհատ սթափ պահելու առաքելությունը: Մեր հայրենիքը սկսում է Եռաբլուրից եւ ավարտվում է իրական սահմանով:



Եվ քանի դեռ մենք այդ երկու սահմանը սրբությամբ պահում ենք, որեւէ ոտնձգություն չի կարող լինել հայոց հայրենիքի վրա, բայց պիտի հասկանանք, որ մենք պիտի արժանի լինենք ե՛ւ սահմանին, ե՛ւ Եռաբլուրին: Եվ եթե մեր հոգիները փտախտով չեն տառապում, եւ եթե մենք զգում ենք մեր քաղաքացի լինելը, եւ եթե մենք այնպես ենք ապրում, որ սահմանում կանգնած տղան հասկանում է, որ ինքը իր հոգեւոր հայրենիքն է պաշտպանում, եւ ոչ հոգեւոր անապատը, ապա մենք պետք է շարունակենք հաղթել»: Գրքում զետեղված ուշագրավ բանաստեղծությունները ներկայացվեցին հանդիսատեսին, ծավալվեց քննարկում Գագիկ Գինոսյան գրողի, նրա յուրահատուկ գրելաոճի, բանաստեղծական մտքերի խորության մասին։ Սակայն Գինոսյանի մասնակցությամբ երեկոն անհնար է պատկերացնել առանց խրոխտ պարերի։ Պարը մարմնի երգն է և նկարչություն է մարմնի միջոցով: Պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը:



Պարը կնոջ հեզ նազանքն է և տղամարդու զորեղ զարկը: Եվ ահա պարահրապարակում են ազգագրական պարի սիրահարները, ովքեր պարբերաբար Նարեկացի արվեստի միությունում մասնակցում են Գագիկ Գինոսյանի «Մեր պարերը և մենք» հայկական պարերի բաց դասերին։ Ասում են ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր: Հայկական ծիսական պարերի մեջ առանձնահատուկ տեղ ունի ռազմական պարը, որը հայոց ընկալումներում կապված է երկնային ուժերի, տարերքների եւ այդ ուժերը տնօրինող ռազմի դիցերի, երկնային մարմինների՝ աստղերի, լույսի, արեւի հետ։ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը ներկայացնելով Գագիկ Գինոսյան անհատին, մտավորականին, պարուսույցին, նրան կոչեց հայոց պարապետ։ Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Կարին» և «Նժդեհ» ազգագրական պարախմբերը։ Եվ վերջապես իր անզուգական պարով բեմում էր Գագիկ Գինոսյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Գագիկ Գինոսյանը հայտնեց, որ Նարեկ Հարությունյանի հետ որոշել են գրքի երկրորդ հատորն էլ հրատարակել...Գրքի խմբագիրն է Հրաչյա Մաթևոսյանը, նկարիչը՝ Էդվարդ Սարիբեկյանը, իսկ շապիկի նկարի հեղինակը Մեսրոպ Քամալյանն է։ Գիրքը նվիրվում է ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին, «Արծիվ մահապարտներ» գումարտակի «X» գաղտնի դասակի հրամանատար Ալեքսանդր Թամանյանին և վերջապես բոլոր այն տղաներին, ում մահվամբ ու արյունով կերտվեց մեր երկրի անմահությունը։



**Վարդինե Իսահակյան**