Վարչապետ-2018 հեքիաթն ավարտվե՞ց

Վարչապետ-2018 հեքիաթն ավարտվե՞ց
Գալուստ Սահակյանը, ամենայն հավանականությամբ, դեռ անհիշելի ժամանակներից չի հավատում Ձմեռ պապիի գոյությանը: Ավելին ասեմ․ ինձ թվում է` Գալուստ Սահակյանը Գալուստ Սահակյան է դարձել հենց այն օրվանից, երբ առաջին անգամ այլեւս չի հավատացել Ամանորի հեքիաթին: Մենք բոլորս էլ ինչ-որ պահի, պատահաբար կամ օրինաչափորեն, սկսում ենք չհավատալ, բայց հարցը հավատալ-չհավատալը չէ: Հարցն այն է, թե կուզենայի՞նք արդյոք միշտ հավատալ, թե՞ այսպես, երբ չես հավատում, ավելի լավ է: Ես, օրինակ, չեմ հավատում, բայց շատ կուզենայի, որ միշտ հավատայի, որ հիմա, հիմա, մի հրաշքով… Գուցե մարդու տեսակի հարց է, չգիտեմ, բայց Գալուստ Սահակյանը, բավական չէ, որ ինքը չի հավատում, դեռ մի բան էլ մյուսներին է արգելում հավատալ:



«Քաղաքականության մեջ երբեք անվիճելի հեղինակություններ չեն եղել, պարզապես քաղաքական պայմանների հետեւանքով ընտրվում են իշխանության ներկայացուցիչներ»: Եթե միտումնավոր չասենք, որ այս միտքն Ուինստոն Չերչիլի միտքն է, բոլորն էլ կհասկանան, որ սա Գալուստ Սահակյանն է ասել: Ուրիշ էլ ո՞վ կարող էր այնպիսի ճշմարտություն ասել Հայաստանում, որ անմիջապես գլխի ընկնեիր, թե ինչ է ասում: Պարզ չէ մի բան` ինչո՞ւ է նման բան ասում անվիճելի հեղինակությունների պակաս չունեցող եւ բացառապես իր անվիճելի հեղինակությանը «պրիզնատ» եկող քաղաքական ուժի ներկայացուցիչը: Մեր աչքի առջեւ այն հեքիաթը չի՞ մեռնում, արդյոք, երբ սկսում ենք մի պահ պատկերացնել, որ բազում-բազմաթիվ ՀՀԿ-ականներ են հայտնվել քաղաքականության մեջ ոչ թե տվյալ հեղինակության որոշումով կամ վճռով, այլ «քաղաքական պայմանների հետեւանքով»,- ինչպես ասում է Գալուստ Սահակյանը: Անուններ չտամ, բայց ՀՀ ԱԺ-ի վերջին երկու գումարումների ՀՀԿ-ական ֆրակցիայի պատկերը բոլորովին ուրիշ բանի մասին է խոսում: Երբեք չեմ մոռանա Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ի ցուցակներն ինքն էր կազմում: Գալուստ Սահակյանի հայտարարությունից դուրս է գալիս, որ ՀՀԿ-ի վերջին երկու խորհրդարանական ընտրությունների ցուցակները կազմող չի եղել, այլ դրանք ձեւավորվել են, այսպես ասած, քաղաքական պայմանների բերումով: Փաստորեն, Հայաստանում այնպիսի քաղաքական պայմաններ են եղել, որոնց հետեւանքով խորհրդարանում այսքան անկապ դեմքեր են հավաքվել: Իզուր էլ խոստացա անուններ չտալ:



Բայց գանք ամենակարեւոր` Ձմեռ պապիի հեքիաթին: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանն ապրում է «Ով է լինելու ՀՀ վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո» հարցադրումով, ավելի ստույգ` առեղծվածով կամ հեքիաթով: Պատասխանելով լրագրողների հարցին, թե, արդյո՞ք, 2018թ. վարչապետի միակ անվիճելի թեկնածուն նախագահ Սերժ Սարգսյանն է, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը դրական պատասխան է տվել, ապա «բոցել» բոլոր ՀՀԿ-ականների փոխարեն. «Բոլորը կողմնորոշված են, չեմ կարծում, որ որեւէ մեկին հարցնեք՝ իմ պատասխանը չի տալու»: Այո, ՀՀԿ-ի համար Ձմեռ պապի հեքիաթը վերջացել է, այդ կուսակցությունում այլեւս ոչ ոք հեքիաթների չի հավատում, եւ այսպիսի հարցազրույց-մեկնություններով արդեն մեր հասարակության մնացյալ հատվածին են ցանկանում համոզել, որ ապագա վարչապետի հարցում ոչ մի հեքիաթ էլ չկա:



«Այն անձը, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին՝ անկախություն, պատերազմ, փորձություն, եւ ունի քաղաքական հենարան, դա Սերժ Սարգսյանն է»: Գալուստ Սահակյանի այս ամրագրումը միանգամայն անտեղի է այլեւս: Ի՞նչ իմաստ ունի նման բարդ մտքեր արտահայտելը, եթե արդեն ասել ես, որ ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա, եւ Մելիք-Ադամյան փողոցի սեւ շենքն է այն միակ ցամաքալեզվակը, որին բախվելով՝ փշրվում են քաղաքական եւ, առհասարակ, բոլոր տիպի հեքիաթները:



ԶԼՄ-ները, որոնք շուտով տարին կլրանա, որ քննարկում են Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան «մրցակցությունը», քիչ է ասել` ահաբեկված են: Հուսահատությունը կատարյալ է, արդեն հոդվածներ են գրում այն մասին, թե ինչ է հակադրելու Սերժ Սարգսյանի թեկնածությանն ընդդիմությունը, եւ կա՞ արդյոք ընդդիմություն, որ մի բան հակադրի: Նո՞ր հասկացանք, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցակցություն չկա առհասարակ, իսկ գուցե դեռ ուզում էինք էլի՞ հավատալ, որ Ձմեռ պապը կարող է մի հրաշքով գալ…



Է՛խ, Գրիգորիչ, Գրիգորիչ, արժե՞ր միանգամից այսքան առաջ տալ ՀՀԿ-ի տանկը ու նրա թրթուրների տակ տրորել հեքիաթի վերջին փշրանքները. «Եթե նա (Կարեն Կարապետյանը՝ Էդ. Ա.) այնպիսի քաղաքական ուժ ունենար, առանձին քաղաքական ուժ ունենար, գուցե կարողանար... Ես չեմ մտածում, որ անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Ոչ թե քննարկումներ պետք է լինեն, մարդիկ մտածեն՝ ով կլինի, ես ասում եմ, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը»: Իսկ եթե Սերժ Սարգսյանը չուզենա՞… «Ամեն ինչ պետք է անենք, որ նա ուզենա»: Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ-ն որոշել է Սերժ Սարգսյանին բռնի ուժով վարչապետ նշանակել:



Օֆ, դե եսիմ: Բոլոր հեքիաթներն էլ, ի վերջո, ավարտվում են` անկախ մեր ցանկությունից: Այնպես որ, կարիք չկա այսքան ափսոսալ հերթական հեքիաթի համար, մանավանդ որ Գալուստ Սահակյանը նոր Սահմանադրություն չի հնարել: Նրա կուսակցությունը հաղթել է ԱԺ ընտրություններում եւ իրավունք նվաճել վարչապետի թեկնածու առաջադրել, ինչն էլ ամենայն համարձակությամբ անում է Գրիգորիչը: Իսկ հաղթողներին, սովորաբար, չեն դատում:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**