Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահելու, եթե ինչ-որ մեկը խոցի Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։

Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահելու, եթե ինչ-որ մեկը խոցի Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որի համաձայն «Martin Avagyan» ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ անունով հանդես եկող Ռոբերտ Քուրքյանը հատուկ խումբ է ստեղծել՝ պատրաստվելով Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Հայաստանի Հանրապետության գոյության գրեթե ամբողջ ընթացքում հանրության գաղափարական տիրույթում ահաբեկչական տրամադրությունները միշտ էլ արդիական են եղել։ Ճիշտ է, ասվածը չի վերաբերվում հասարակական լայն շերտերին, զենքի ուժով պայքարի կողմնակիցներն ու պրոպագանդիստները միշտ էլ փոքր խմբեր են կազմել, բայց եղել են նաև այնպիսի նախադեպեր, երբ զենքի միջոցով իշխանության հասնելու միտումները չափազանց մեծ ժողովրդականություն են վայելել։

Ընդհանրապես պետության անցնցում զարգացման առաջնային գրավականներից մեկը իշխանության խաղաղ փոխանցման ինստիտուտի առկայությունն է: Հայաստանում այդ ինստիտուտը տասնամյակների ընթացքում իշխանությունների կողմից հետևողական կերպով ոչնչացվել է՝ հիմք նախապատրաստելով մեկ կուսակցության և մեկ անձի միահեծան իշխանության հաստատման համար։ Այսինքն իշխանություններն էլ իրենց կողմից ամեն ինչ արել են հանրային միջավայրում զենքի ուժով պայքարի խմորումներ առաջացնելու համար, քանի որ, եթե խաղաղ պայքարի բոլոր ճանապարհները արգելափակված են, ապա պետք է ասպարեզում հայտնվեն ծայրահեղական տրամադրությունները։

Եթե բարեփոխումների գնալ չես պատրաստվում և ավելին՝ փորձում ես հավերժ մնալ իշխանության, ապա նաև պետք է ամեն պահ պատրաստ լինես ավտոմատներով հեղափոխության: Սա պարզ ճշմարտություն է, որի ներգործության արդյունքում զենքի ուժով պայքարը դառնում է օրինաչափ: Ընդհանրապես ավտոմատներով քաղաքական պայքարը իմ համար ոչ ընդունելի է և ոչ էլ ընկալելի, բազմիցս դրա մասին բարձրաձայնել եմ, բայց չի կարելի կեղծ փարիսեություն անել և առանց պատճառահետևանքային կապը հաշվի առնելու վերցնել ու միանշանակ գնահատականներ տալ: Ես կողմնակից չեմ Սասնա ծռերի գործողությունների կրկնությանը, ավելին՝ կարծում եմ հանրային տիրույթում անհրաժեշտ է գնալ այնպիսի արմատական փոփոխությունների, որ զինված պայքարի պահանջարկը անէանա: Բայց, եթե փոփոխություններ տեղի չունենան, ապա զինված ապստամբությունը նորից կլինի տրամաբանական:

Պետությունը կենդանի օրգանիզմ է, համակարգ: Եթե համակարգի մեջ խցանում է տեղի ունենում և չի հաջողվում այն վերագործարկել, ապա պայթյունը անխուսափելի է: Սոցիալ-տնտեսական ճգնաժամը, անարդարությունը, քաղաքական մտքի խցանումը և ռեֆորմների անհեռանկար թվալը նպաստավոր պայմաններ են ստեղծում զենքի կիրառման համար: Այս պատճառների վրա չի կարելի ուշադրություն չդարձնել:

Այնուամենայնիվ, եթե շատ հակիրճ փորձենք ներկայացնել իրականություն դարձած ահաբեկչական ակտից հետո կանխատեսվող իրականությունը, ապա կստացվի հետևյալ պատկերը՝ Վազգեն Սարգսյանը բռնապետ էր, բայց նրա սպանությունը Հայաստանին ոչինչ չտվեց, ընդհակառակը՝ պետությունն էլ ավելի գլորվեց դեպի անդունդը։ Այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը նորից ոչինչ չի շահելու, եթե ինչ-որ մեկը խոցի Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ Դա էլ ավելի է խորացնելու ճգնաժամը։