Երեւանն է «պատմում»

Երեւանն է «պատմում»
Սփյուռքի որեւէ գաղթօջախում հրատարակված գրքերը, որքան էլ տարօրինակ թվա հայաստանաբնակներիս,- որոշ վերապահումներով, տակավին անհասանելի են, իսկ մերօրյա պայմաններն ու հնարավորությունները բոլորովին այլ բան են «հուշում»՝ ի ապացույց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների «աննախադեպ զարգացման» մասին ճամարտակողների անգործության եւ Սփյուռքը դեռեւս աշխարհագրական տարածք համարողների մտքի անմեղսունակության... Ընդհանրապես, երկկողմ համագործակցությունը, իրավ, կամրջում պետք է լինի ոչ թե ՀՀ պետական բյուջեի «ցամաքեցման» եւ տասնամյակներ շարունակ չարդարացված, հետայսու էլ, վստահ ենք, չարդարացվող համաժողովների, այլաբնույթ-մտացածին միջոցառումների հաշվին: Հայաստանյան ներկա պայմաններում հսկայական գումարներ մսխելով՝ մանկական հիվանդություն «բուրող» կարգախոսներով ո՛չ սփյուռքահայը կհայրենադարձվի, ո՛չ էլ երկիրը սմքող արտագաղթի ընթացքը կկասեցվի: Եվ այն միջնորդ, հույժ հոգեւոր շաղկապումը որ գրի եւ գրականության շնորհիվ ու միջոցով է ցարդ հատվածական մեր ժողովուրդներին ոգեկոչել, հայի ազգային ինքնությունը դարբնել՝ գրականությունն է եղել...



Այս խորապատկերի վրա է մեր մտահոգության «միտք բանին», եւ սա ամենեւին մտահոգություն չէ այն դեպքում, երբ ամենատարբեր լեզուներով ու տարաբովանդակությամբ հսկայական գրական-հրատարակչական արտադրանք է ներմուծվում Հայաստան: Քավ լիցի, որեւէ նպատակ չկա խնդրո առարկայի ներմուծմանը «դեմ քվեարկելու»: Բայց որ Սփյուռքում հրատարակվող հայալեզու գրականությունն է մեզ անհասանելի՝ պետականորեն կազմակերպված մի որոշակի հրատարակչական-առեւտրային կազմակերպության չգոյությամբ, այս մասին է խոսքը. (ցավալիորեն՝ հոգնել ենք այս եւ այլ առումներով հրեաների փորձառությունը վկայակոչելուց: Պետություն-ազգային համայնքներ ունեցած նրանց կապը, որ «բաց դաս» պետք է լինի մեզ համար, անտեսում ենք դասը չսերտած դպրոցահասակի կախգլուխ համառությամբ): Միով բանիվ, այս «չսկսված» եւ չշարունակվող համագործակցությունից տուժում ենք երկուստեք եւ… ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, դեռեւս 2010 թ. արեւմտահայերենը «մտցվել» է «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ՝ ստանալով հաստատապես վտանգված (իմա՝ անհետացող) կարգավիճակը... Արեւմտահայերենի՝ իբրեւ աքսորյալ լեզվի,- ինչպես ժամանակին այդ լեզուն կրողների,- դառը եւ, Աստված մի արասցե, անդառնալի ճակատագրի մտահոգությամբ չապրելու համար ո՞ւմ մեղադրենք: Նորի՞ց մեր աշխարհագրական դիրքը վկայակոչենք, թե՞ թշնամիներով շրջափակված լինելու տերողորմյան «գործի դնենք»:



Ճիշտ այս առումով Հովհ. Թումանյանը ներքին թշնամու իր դարակազմիկ միտքը կշեշտադրեր, որն անպակաս է մեզնից, սերտաճած է մեզ, ամրորեն կապարակնքված մեր ներսից ու դրսից: Մեր բանականությունն ամայացնող: Այսպես շարունակաբար... Այս մտածումների առիթը լիբանանահայ գրող Ժիրայր Վահե Մալճյանի «Անդրդվելին» վեպն էր. այն խմբագրելու եւ առաջաբանելու պատեհությունն ու պատիվն ունեցել եմ: Եվ, ցավոք՝ այն վերստին անհասանելի է շատերին: Եվ ինչո՞ւ հատկապես այս վեպի պարագային մտածումներիս «ժայթքումը» տեղի տվեց, քանի որ կփափագեի, որ վեպը շատերը կարդային այն պարզ պատճառով, որ Ժ-Վ. Մալճյանի ներկայացրած իրականությունն աննախադեպ է մեր գրականության պատմության մեջ: Վեպ-ինքնապատումը 60-ական թվականների սփյուռքահայ մի ուսանողի ոդիսականն է՝ Հայաստան-Սփյուռք աշխարհագրական, նաեւ մարդկային-հոգեբանական խաչմերուկին: Ամենեւին նպատակադրված չենք վեպը ներկայացնել դիպաշարային անցումներով, գործող անձանց նկարագրով ու ժամանակի իրականությանը վերաբերող գրողական հայացքով: Խնդիրը վիպական չափազանց ուշագրավ «փաստի» սոսկական արձանագրումն է:



Ավելին՝ 60-ական թվականների Երեւանում,- իրականում՝ Հայաստանում,- առկա մարդկային-հասարակական այն միջավայրը, որտեղ հայի իր ինքնության կենսակերպն էր փնտրում սփյուռքահայ երիտասարդ ուսանողը (ուսանողները) ու փնտրում էր անվերջորեն, որ ինչ-որ տեղ նույնական է հայի սկիզբը փնտրելու եւ չգտնելու չարչրկված առասպելի հետ: Նույնական, բայց ժամանակի մի տարածքում ամբողջացած, ներքին պայքարով՝ ջղագրգիռ ու երբեմն չհավասարակշռված, չչափորոշված, դրանով իսկ՝ գուցե դրամատիկ ու, ըստ էության՝ առեղծվածային: Այստեղ եւ այսպես է վեպի հերոսը՝ Հովսեփը, նույնանում սփյուռքահայ այն ուսանողների հետ, որոնց փափագը հայրենիք տեսնելն էր ու, իրենց իսկ խոսքով՝ «կոփուիլը»... Գրականության միջոցով մենք կապ ենք ստեղծում անցյալ եւ ներկա ժամանակների միջեւ: Անցյալն այլեւս անցյալ է, բայց իր «ներկայությամբ» ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ մեզ ուղղորդող... եւ գրականությունն է ըստ ամենայնի մեզ այդ հնարավորությունը տալիս: «Անդրդվելի» վեպը պատմություն է նաեւ մեր ներկայի մասին... ներկա, որ անբաժան է պատմությունից, իսկ պատմության չսերտած դասերը սովորելու ունակ երբեւէ եղե՞լ ենք, մանավանդ ոչ հեռավոր անցյալի, այն նախեւառաջ պետք է ճանաչենք՝ ոչ հպանցիկ, հարեւանցիորեն, այլ... անդրդվելիորեն:



**Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ**