Ռուսական ռազմակայան Թուրքիայու՞մ

Ռուսական ռազմակայան Թուրքիայու՞մ
Ադրբեջանական մի քանի լրատվամիջոց, հղում անելով թուրքական մամուլի հրապարակումներին, գրում է, որ հավանական է՝ մինչեւ 2019 թվականը Թուրքիայի տարածքում կստեղծվի ռուսական ռազմակայան: Դա կորող է տեղի ունենալ Թուրքիայի կողմից ռուսական C 400 զենիթահրթիռային կայանքների առքուվաճառքի մասին համաձայնագրի շրջանակներում: Ըստ տեղեկությունների, Թուրքիան այդ կայանքները կստանա մինչեւ 2019թվականը:



Թուրքական մամուլի տեղեկացվածությամբ՝ հիշյալ կայանքների երկու մարտկող կտեղադրվի Սիրիայի հետ սահմանին, մեկը՝ Թուրքիայի միջերկրածովյան, մյուսը՝ սեւծովյան տարածաշրջանում: Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել, որ C 400 զենիթահրթիռային համակարգի մեկ մարտկոց կտեղադրվի թուրք-հայկական սահանի մոտ: Ինչպես երեւում է, Թուրքիան ավելի լուրջ խնդիրներ ունի, քան Հայաստանի հետ օդային սահմանի վերահսկողությունը: Մամուլի հրապարակումներից, այդուհանդերձ, պարզ չէ, թե Թուրքիայի տարածքում որտե՞ղ է Ռուսաստանը մտադիր ռազմակայան հիմնել: Ըստ երեւույթին, խնդիրը կապված է C 400 զենիթահրթիռային կայանքների շահագործման եւ տեխնիկական սպասարկման հետ:



Բացառված չէ, որ Ռուսաստանը Թուրքիային տեխնոլոգիաներ տրամադրելու փոխարեն իր վրա է վերցնում ԶՀԿ-ների մարտական հերթապահությունը, ինչն իրականացնելու համար էլ հարկ կլինի, որ Թուրքիայի տարածքում ռուս զինվորական մասնագետներ աշխատեն: Այդ համագործակցությունն էլ, հավանաբար, ներկայացվում է որպես Թուրքիայում ռուսական ռազմակայան ստեղծելու ծրագիր: Անշուշտ, բացառված չէ, որ թուրքական մամուլը ցանկալին իրականության տեղ է ներկայացնում: Բայց ամեն դեպքում տեղեկատվությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Մանավանդ եթե նկատի ենք ունենում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Եւ չկա նախադեպ, երբ այդ դաշիքնի անդամ որեւէ երկրի տարածքում ռուսական ռազմական ներկայություն լինի: Վերջին ժամանակներս ավելի հաճախ է խոսվում ՆԱՏՕ-ում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքից: Հնարավոր է՝ իր տարածքում ռուսական ռազմակայան ստեղծելու մասին տեղեկատվությունը շրջանառության դնելով՝ Թուրքիան նաեւ փորձում է ՆԱՏՕ-ում ծագած խնդիրները քննարկելիս ունենալ հավելյալ խաղաքարտ:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**