Նախագահի թիվ 1 խնդիրը

Նախագահի թիվ 1 խնդիրը
Սերժ Սարգսյանի վերջին հնգամյակի գործողությունների մեծ մասը թիմակիցները բացատրում են պետության ճակատագրով մտահոգությամբ, արժանի ժառանգորդի փնտրտուքով։ Եվ այն, որ Սահմանադրությունը փոխեց, նախագահական կառավարումը փոխարինեց պառլամենտականով, հիմա էլ, փաստորեն, վարչապետ աշխատելու հայտ է ներկայացնում, չնայած անցյալում հակառակն էր ասել, բացառապես բացատրվում է «երկիրն անտեր չթողնելու» ազնիվ մտահոգությամբ։ Ենթադրենք, իրոք այդպես է, եւ այլ «մերկանտիլ» շահեր դրա հետեւում չկան։ Ի վերջո, ժառանգորդի խնդիրը միշտ եւ բոլոր համակարգերում է բարդ լուծելի, անգամ թերթի խմբագրի պաշտոնի պարագայում։



Բայց երբ դու ոչ թե համակարգ ես ստեղծում, այլ հիերարխիա, եւ քեզ հետ աշխատող մարդիկ ոչ թե գաղափարական համախոհներ են, այլ ընդամենը վարձու աշխատողներ, կարեւոր չէ՝ նախարար են աշխատում, խորհրդական կամ աշխատակազմի ղեկավար։ Եվ նրանց համար գլխավորն իրենց կարգավիճակն է ու վարձատրության չափը, ապա այդ բուրգն իրոք կարող է քանդվել «գագաթը» հեռացնելու պարագայում։ Ի վերջո, եթե երկրի առաջին դեմքը մտահոգված չէ, որ իր իրավահաջորդը ժամանակի ընթացքում անկառավարելի կդառնա ու կարող է իր գործունեությունը փորփրելու, իր մեղքերը բացահայտելու գործընթաց սկսել կամ ունեցվածքի վերաբաշխում, ուրեմն նրա համար պետք է միեւնույնը լինի, թե ում է հանձնելու իշխանությունը։



Այս երկարուձիգ տարիներին ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձանց միայն մի խնդիր պիտի մտահոգեր՝ ինչպես ձեւավորել համակարգ, որտեղ որեւէ անձից կախված չլինի երկրի եւ իրենց ճակատագիրը։ Ինչպես անել, որ այդ համակարգի եւ այն կառավարող անհատների ընտրությունը կատարի հասարակությունը եւ հասարակությունն էլ կրի այդ անձանց գործունեության համար պատասխանատվությունը։



**Արմինե Օհանյան**