Իսկական էլիտան պարտավոր է իմանալ սա

Իսկական էլիտան պարտավոր է իմանալ սա
Մարդկանց մոտ 10%-ն է ունակ ինքնուրույն մտածելու, մյուսների մոտ կարծրատիպային մտածողություն է, մյուսները փաստերը չեն ստուգում եւ չեն վերլուծում, նրանց տրվում են պատրաստի լեգենդներ, որոնց նրանք ուղղակի հավատում են: Իսկ, ահա, այդ 10%-ի դերակատարությունը շատ մեծ է ամբոխից ազգ ստեղծելու գործում: Նրանք են, որ իրենց որակներով համապատասխանում են «էլիտա» հասկացությանը, քանի որ ստեղծագործ միտք ունեն ու գաղափարական են: Բայց նրանք նաեւ իրենցից մեծ վտանգ կարող են ներկայացնել, որովհետեւ միշտ չէ, որ տրամաբանական մտածողության տեր մարդիկ իրենց մտորումներով հանգում են ճիշտ եզրակացությունների, նրանք հաճախ մոլորությունների մեջ են ընկնում (կրթական համակարգը եւ մասմեդիան աջակցում են դրան) ու իրենց սխալ ու վտանգավոր գաղափարներով վարակում են նաեւ մյուսներին:



Մենք գտնվում ենք պատմական մի այնպիսի շրջանում, երբ կա՛մ կոչնչանանք որպես տեսակ, կա՛մ էլ վերջապես կկայանանք որպես ազգ եւ պետություն: Այնուամենայնիվ, պիտի լավատես լինենք ու մեր ապագա էլիտայի ստեղծման մասին մտածենք, պիտի երիտասարդների մեջ գտնենք կրեատիվ ու պասիոնար անհատների եւ սկսենք նրանց հետ աշխատել` նախապատրաստելով նրանց անկախ պետականության կառավարումն ապագայում ստանձնելուն: Նրանց պիտի տրվի ճիշտ ինֆորմացիա այն մասին, թե ով ենք մենք եւ ինչ աշխարհում ենք ապրում, իսկական էլիտաները պարտավոր են իմանալ դա:



Մենք պիտի բացատրենք նրանց, որ, օրինակ, մեր աշխարհը բաժանված է երեք հիմնական գոտիների. 1-ինը, այսպես կոչված՝ արեւմտյան աշխարհն է, որին, որոշ վերապահումներով հանդերձ, կարելի է անվանել ազատ աշխարհ։ Դա զարգացած երկրների ընկերակցությունն է (ոսկե միլիարդ)։ Այդ երկրներում հասարակական, քաղաքական եւ տնտեսական կացութաձեւերը կառուցված են բացառապես լիբերալ սկզբունքների վրա, դրանք ժողովրդավարական ու սուվերեն երկրներն են:



2-րդը զարգացող երկրներն են, որոնք ունեն հեռանկարում զարգացած երկրների ընկերակցությանը մաս կազմելու հնարավորություն, եւ այս երկրներում սահմանափակ լիբերալիզմն ինչ-որ կերպ համադրվում է ավտորիտարիզմի հետ։ Սրանք սահմանափակ սուվերենություն ունեցող երկրներ են, որտեղ մարդկանց կյանքի որակը զիջում է արեւմտյան աշխարհի երկրներում բնակվող մարդկանց կյանքի որակին, բայցեւայնպես, այստեղ ավելի բարեկեցիկ են ապրում, քան թե 3-րդ կատեգորիայի մեջ մտնող երկրների բնակիչները:



3-րդ կատեգորիայի մեջ են մտնում հետամնաց ու աղքատ երկրները, որոնք չունեն սուվերենություն ու փաստացի գաղութներ են, որոնցում ավտորիտարիզմը հաճախ վերաճում է տոտալիտարիզմի: Հայաստանն այսօր իր բոլոր հատկանիշներով արդեն համապատասխանում է 3-րդ կատեգորիայի երկրներին: Սա ուղղակի աղետ է եւ պիտի միանշանակորեն գիտակցվի բոլորի կողմից: Դրա պատճառն այն է, որ մեր երկիրը բռնազավթված է, օտարները կարողացել են զավթել մեր երկիրը, որովհետեւ մեր ժողովուրդն այսօր քաղաքակրթական այն մոդելի կրողն է, որը հակոտնյա է լիբերալիզմին, որը կառուցվել է քոչվորների կուլտուրական ավանդույթների վրա: Իհարկե, մեր հեռավոր նախնիները բոլորովին այլ կուլտուրական միջավայրից էին, այն միջավայրից, որի ավանդույթների վրա է կառուցվել արեւմտյան լիբերալ մոդելը, սակայն այսօրվա դրությամբ պատմականորեն ստացվել է այնպես, որ մենք հեռացել ենք մեր նախնիների որակներից ու ընդգրկվել օտար քաղաքակրթական համակարգի մեջ: Ահա այս հարցերը պետք է ներկայացնել գոնե այն նեղ խմբին, որն էլիտա դառնալու ամբիցիաներ ունի, որ նա հասու լինի այն աքսիոմատիկ ճշմարտություններին, առանց որի կմխրճվեն տգիտության ու մոլորությունների ճահճում եւ չեն համապատասխանի էլիտա կոչվելու չափորոշիչներին: Պիտի այդ մարդկանց բացատրվի եւ ուսուցանվի, թե ինչ է ազգը, ինչ է ազգային իդեան, ինչ է պետությունը, ինչ են իրենցից ներկայացնում լիբերալիզմը, ավտորիտարիզմը, իմպերիալիզմը։ Ինչ ասել է կյանքի որակ, ինչ է քաղաքակրթական մոդելը, ու քանի այդպիսի մոդելներ կան, ինչ է ժողովրդավարությունը եւ ինչ է բռնակալությունը: Պիտի այդ մարդիկ գոնե մինիմում գաղափար ունենան ազգային ու անդրազգային քլիտաների մասին, պիտի հասկանան, թե ինչ ինքնության կրող են իրենք, թե ինչ են պատմությունն ու պատմական հիշողությունը: Պետք է տնտեսության մասին իրական (արհեստականորեն մոգոնված կաղապարներից դուրս) գաղափար ունենան: Այս ամենին մեր կրթական համակարգը կա՛մ չի անդրադառնում, կա՛մ էլ անդրադառնում է՝ բացառապես պսեւդոգիտական կեղծ մոտեցումներ ցուցադրելով: Այս ամենը պիտի ներկայացվի մարդկանց` պարտադիր կերպով մեր երկրին վերաբերող իրողությունների պրիզմայի միջով անցկացնելով, որպես այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուր, քանի որ իշխանությունն ամեն կերպ արգելափակում է ճշգրիտ եւ գիտականորեն հիմնավորված ցանկացած ինֆորմացիայի հոսքը։







**Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ**



քաղաքագետ