«Հայանտառը» տալիս են բնապահպանությանը՝ ՀՅԴ-ն այդպես է ուզում

«Հայանտառը» տալիս են բնապահպանությանը՝ ՀՅԴ-ն այդպես է ուզում
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նոյեմբերի 30-ի նիստում ներկայացրեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը եւ համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվող հիմնական փոփոխությունն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե եւ տեղափոխվում բնապահպանության նախարարության ենթակայության ներքո։ Որոշման հիմքում այն մտայնությունն է, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն: Իրականում խնդիրն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Հայ հեղափոխական դաշնակցության տրամադրության ներքո է՝ այստեղ տնօրեններն անհիշելի ժամանակներից նշանակվում են ՀՅԴ-ից, նախկինում Մարտուն Մաթեւոսյանն էր, հիմա՝ Միքայել Մանուկյանը։ Դաշնակցական է նաեւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, եւ ՀՅԴ-ն որոշել է իր «ունեցվածքը» կենտրոնացնել մի տեղում, որ ե՛ւ կառավարելը հեշտ լինի, ե՛ւ խնդիրները՝ փոքր։ Որ ամեն մի հատված ծառի համար ստիպված չլինեն պատասխան տալ։ Մանավանդ՝ բնապահպանության տեսչական մարմինն էլ է բնապահպանության նախարարության ենթակայության տակ։ Այնպես որ՝ ստուգողն ու պատժողն էլ է ՀՅԴ-ին ենթարկվելու։



Ի դեպ, «Հայանտառը» շարունակ փոխել է ենթակայությունը։ Այն սովետական տարիներին՝ 1966-ին, կազմավորվել է որպես Անտառային տնտեսության պետական կոմիտե, 1988-ին վերանվանվել է «Հայանտառ»։ 1991-ին, անկախանալուց հետո, ուղիղ ենթարկվում էր Նախարարների կոմիտեին, այսինքն՝ կառավարությանը։ Իսկ 1992-ից ընդգրկվել է գյուղատնտեսության եւ պարենի նախարարության կազմում։ 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության եւ պարենի նախարարության «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի նախարարության ենթակայությանը եւ վերակազմավորվել որպես Հայաստանի անտառային ազգային ծառայություն` «Հայանտառ» պետական ձեռնարկություն: Իսկ  1997 թվականին բնապահպանության նախարարի հրամանով «Հայանտառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերություն։ Ինչը նշանակում է, որ այն դարձավ շահույթ հետապնդող ընկերություն։ Բայց այդ նույն ժամանակ վերահսկողական ֆունկցիաները վերապահվեցին բնապահպանության նախարարությանը, ինչի արդյունքում անտառը չշահեց, այլ՝ տուժեց։ Սա անգամ «Հայանտառի» պաշտոնական կայքում է արձանագրված․ «Տվյալ կարգավիճակը եւ նվազագույնի հասցրած ֆինանսավորումը չնպաստեցին անտառային սեկտորի բարելավմանը: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելացան ապօրինի հատումները, նվազագույնի հասցվեցին նախատեսված անտառտնտեսական միջոցառումների ծավալները, հատկապես անտառվերականգնումը, անտառապատումը, անտառպաշտպանությունը եւ այլ կարեւորագույն աշխատանքներ: 1997-1998թթ. «Հայանտառ» ՊՓԲԸ ենթակայությունից դուրս բերվեցին պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանը, եւ դենդրոպարկերը հանձնվեցին ՀՀ բնապահպանության եւ ընդերքի նախարարության անմիջական ենթակայությանը: Տեղի ունեցան անտառկառավարման համակարգի եւ ինստիտուցիոնալ կառույցների զգալի փոփոխություններ: ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն՝ «Հայանտառը» կրկին հանձնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը»:



Այսինքն՝ այն ժամանակ հասկացան, որ չեն կարող անտառը պահպանողն ու վերահսկողը լինել նույն գերատեսչության կազմում։ Դա նման է գառը գայլին պահ տալուն։ Ուստի «կառավարման եւ  պետական վերահսկողության գործառույթներն» առանձնացրին՝ գրված է «Հայանտառի» կայքէջում։ Նույն տեղում կարդում ենք նաեւ․ «Կառավարության 2002 թ․ հուլիսի 25-ի որոշմամբ ստեղծվեց «Հայանտառ» ՊՈԱԿ (պետական ոչ առեւտրային կազմակերպություն), որը պետական գրանցում ստացավ 2005 թ․ հունիսին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հուլիսի 19-ի հրամանի հիման վրա 2005 թ․ հոկտեմբերի 1-ից կազմավորվեցին 22 մասնաճյուղեր: Ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունի 19 մասնաճյուղեր, այդ թվում` Լոռու մարզում` 7, Տավուշի մարզում` 4, Սյունիքի մարզում` 3 եւ մեկական մասնաճյուղեր՝ Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում»: Այս բոլոր կազմավորում-վերակազմավորումներից, ենթակայության փոփոխություններից հետո, փաստորեն, կառավարությունը որոշել է դարձ ի շրջանս անել եւ վերադառնալ իրեն չարդարացրած ձեւին, որի պայմաններում հատումները շատանում են, գողությունը՝ մեծանում։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Միայն այն պատճառով, որ Դաշնակցությո՞ւնն է այդպես ուզում։



 Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար **Հովհաննես Հովհաննիսյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայանտառի» տեղափոխումը գյուղնախից իրենց նախարարություն տեղի կունենա այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանն ստորագրի հրամանագիր Անտառային կոմիտե ստեղծելու մասին․ «Ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ կառավարությունը ներկայացրել է արդեն նախագահին կոմիտեի ստեղծման հարցը, որը լինելու է բնապահպանության նախարարության համակարգում։ Դրանից պետք է բխի մեր եւ գյուղատնտեսության նախարարության կանոնադրություններում փոփոխությունների կատարումը եւ կոմիտեի կանոնադրության, կառուցվածքի հաստատման որոշումները, որով հստակ կսահմանվեն մեր նախարարության գործառույթները, խնդիրները, նպատակները, ինչպես նաեւ կոմիտեի գործունեության նպատակները, խնդիրները եւ գործառույթները»։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**