Հնարավոր է և Հենրիխ Մխիթարյանը արժանի չէ խաղալ մեկնարկային կազմում

Հնարավոր է և Հենրիխ Մխիթարյանը արժանի չէ խաղալ մեկնարկային կազմում

Երբ-որ ասում եմ գործ ունենք աներևույթ դիցարանի հետ, ինձ չեն հավատում: Իսկապես «հայ մեծերի» դիցարան է գործում, որը հավերժական շրջափուլի մեջ է և պետք է պարբերաբար թարմացվի: Հայաստանը մարգինալ ու մոռացված երկիր է, այն դուրս է աշխարհի քաղաքական ու մշակութային իրականությունից, այստեղ լուրջ պրոցեսներ տեղի չեն ունենում, իսկ լուրջ պրոցեսներն էլ իրենց հերթին հեռու են այստեղից: Գավառականը ինչպե՞ս կարող է մասնակցել աշխարհի անցուդարձին, իհարկե չի կարող, առավելագույնը, ինչ նա կարող է անել իր գավառականությամբ հպարտանալն է: Կամ էլ հպարտանալ, երբ իր գավառական եղբայրը կարողացել է դուրս պրծնել գավառից և աշխարհում հայտնի դառնալ: Հա՛, հա՛, նացիոնալիստ գավառականները ամբողջ օրը դրանով են զբաղված, հպարտանում են նախկին գավառականներով, որոնք տեղափոխվել են մեգապոլիս ու հաջողության հասել:

Դրանք «հայտնի հայ» կոչվածներն են: Երբ նրանց մասին ֆիլմ են նկարահանում հայաստանցիները հպարտությամբ բացականչում են. «տելեվիզորով մեզ են ցույց տալըմ, տեսեք մենք հին քարտեզի վրա կանք, իսկ Ադրբեջանը չկա, հիհի» և այսպես շարունակ: Այ, օրինակ` Հենրիխ Մխիթարյանը: Նա կարողացել է դուրս գալ նեղ հայկական իրականությունից ու տեղափոխվել անգլիական Մանչեստր։ Այս դեպքում ֆուտբոլն ու սպորտը ետին պլան են մղված, Հենրիխն արդեն իսկ մուտք է գործել «հայտնի հայերի» դիցարան՝ դառնալով գավառական նացիոնալիստների կուռքը։ Վերջիններս Հենրիխին պաշտում են զուտ այն բանի համար, որ նա գավառը աշխարհում հայտնի է դարձնում։ Սա է միակ պատճառը։ Մոտեցումն այս տասնամյակների ընթացքում վերածվել է շիզոֆրենիայի, ստեղծվել է «հայ մեծերի» անձեռնմխելի դիցարան, որը պարբերաբար շարունակում է լցվել դատարկությամբ: Դատարկություն ոչ այքնան հայկական ծագում ունեցող մարդկանց որակների տեսանկյունից, այլ՝ դիցարանի վերաբերյալ մարդկանց ընկալումների: Այսինքն մենք կասկածի տակ չենք դնում Հենրիխի մարդկային ու ֆուտբոլային որակները, այլ այն՝ թե որքան լպրծուն է հայերի վերաբերմունքը նրա նկատմամբ։ Արժևորել մարդուն զուտ ազգային-կլանային փառամոլության նեղ տեսանկյունից, իսկապես նողկալի է։ Անդեմ զանգվածները չեն էլ հասկանում, թե ինչու են ուզում, որ ինչ-որ մեկը Հայաստանը աշխարհում հայտնի դարձնի, մի՞թե դա հենց Հենրիխը պետք է անի, արդյո՞ք Հայաստանը աշխարհին հայտնի չէ կամ ի վերջո ի՞նչ են ուզում ապացուցել ու ցույց տալ։

Այդ մարդն իր աշխատանքն է անում, ի՞նչ կապ ունի դա ձեր ազգային հպարտությունների ու իղձերի շիզոֆրենիկ դրսևորումների հետ: Կարելի պարզապես նրան ընկալել որպես ֆուտբոլիստ և վերջ, հավանել նրա խաղը կամ՝ ոչ։ Ինձ թվում է շուտով շիզոֆրենիան կհասնի այնտեղ, որ Հենրիխից կպահանջեն Մանչեստրում բարձրացնել հայու գենի պահանջատիրության հիմնախնդիրը։ Իսկապես «հայ հայտնիների դիցարանը» այդ սկզբունքով է լցվում։ Գիտնականները պարզել են. ինչ-որ հայտնի մեկը հայ է, այն մեկի շունն էլ է հայ, իսկ նրա՝ երգչուհի մայրիկը... մայրիկը հայ է: Նրանք պետք է զբաղվեն Հայաստանի լոբբինգով, եթե չանեն, նժդեհագետները կհանեն ու դուրս կշպրտեն դիցարանից՝ պիտակելով որպես դավաճան, ծախված և այսպես շարունակ: Օրինակ՝ հայտնի հայերը պարտավոր են ֆինանսապես օգնել Հայաստանին, դե կառավարությունը չի կարողանում քաղցածներին կերակրել, հո սովից չե՞ն սատկելու:

Վերադառնանք Մխիթարյանին։ Համացանցում ինչ-որ ֆլեշմոբ է սկսել #Հենո Դուխով հեշթեգով։ Սա գավառական-կլանային պարզունակ դրսևորում է։ Ոչ ոք հաշվի չի առնում այն հանգամանքը, որ խոսքը սպորտի, ֆուտբոլի մասին է, չեն կարողանում հասկանալ, որ հնարավոր է և Հենրիխը իսկապես թույլ մարզավիճակում է ու արժանի չէ խաղալ թիմի մեկնարկային կազմում։ Բայց ո՛չ։ Կլանի կուռքին «նեղացրել» են և դրանով ամեն ինչ ասված է, չէ՞ որ նա «Էրգիրը» ճանաչելի է դարձնում աշխարհում։

Մեծ հաշվով՝ վերջին տարիների դիտարկումները այնպիսի տպավորություն են ձևավորել, որ հայ հանրությունը ինքնասահմանափակված է ինչ-որ անհաղթահարելի բարդույթների մեջ: Կարծես թե հանրությունը որպես հավաքականություն ինքնաբավարարման մեծ պակաս ունի կամ էլ այդ հավաքականությունը ձևավորող առանձին ատոմները (մարդիկ) խորին համոզմունք ունեն, որ հանրությունը դեռևս չի գտել իր տեղն ու դերը արևի տակ և դրանից ելնելով աշխարհին ինչ-որ բան ապացուցելու խնդիր է դրված: Սա բարդագույն հոգեբանական ախտանիշ է, որի սրացումները հանգեցնում են ծայրահեղական ինչու չէ նաև շիզոֆրենիկ դրսևորումների: Աշխարհայացքային այս տիրույթում ձևավորվել է ճշմարտությունների մի ամբողջ փաթեթ, որը սնուցում է մարդկանց հայրենասիրական զգացմունքներն ու նկրտումները: Այդպիսի ճշմարտությունների մեջ թերևս առաջին հերթին պետք է առանձնացնել աշխարհ-Հայաստան փոխհարաբերությունների առանձնահատուկ կերպը, որը դրսևորվում է Մենք և Նրանք սևուսպիտակի պարզունակ տրամաբանությամբ: Մարդկանց թվում է, թե աշխարհը հայերին չի ճանաչում, տեղյակ չէ, թե ինչպիսի բացառիկ մշակույթ և ազգային առանձնահատկություններ ունեն հայերը, դեռ ավելին՝ Եվրոպայում և Ամերիկայում նույնիսկ չեն էլ կասկածում, որը հայերը աշխարհի հնագույն ժողովուրդն են, քաղաքակրթության բնօրրանը և վերջապես Հայաստանն է առաջինը Քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն: Հաջորդաբար գալիս են կոնյակը, ծիրանը, հայկական վանքերը, բնությունը, ջուրը, ցեղասպանությունը և վերջապես բռենդի կարգավիճակ ունեցող Հենրիխ Մխիթարյանը: Մի կողմից բացառիկության, իսկ մյուս կողմից այդ բացառիկության չգնահատվածության բարդույթները աշխարհին հակառակի մեջ ապացուցելու անհրաժեշտություն են առաջացնում: Վերոհիշյալ պահանջմունքը բավարարելու համար են ստեղծվել տաղանդավոր մարդկանց հավաքածուները: Այդ հավաքածուն, ինչպես նշեցինք, ստացել է աշխարհի հայտնի հայեր անվանումը:

Սա չարիք է, որը պայմանականորեն կարելի է ձևակերպել որպես շիզոֆրենիկ ֆունդամենտալիզմ: