Գործ չկա

Գործ չկա

Զգացե՞լ եք, որ մեր վրա մունաթ են գալիս: Ինչ-որ անհայտ գործատուներ պարբերաբար թափուր աշխատատեղերի հայտարարություններ են հրապարակում, որպես կանոն՝ #գործ կա անասնային վերնագրով: Մի՞թե «գործ կա» լոզունգից ավելի նողկալի երևույթ կա էս աշխարհում: Երիցս ո՛չ։ Դրա իմաստը հետևյալն է․ ամեն ինչ կարգին է, գործ կա, թափուր աշխատատեղերը վխտում են, իսկ դուք՝ ձրիակեր, անհաջողակ, ծույլ միջատներդ, չեք աշխատում, պարապ ֆռֆռում եք, բայց չեք աշխատում, եկեք աշխատեք, որ սոված չսատկեք: 14 ժամ աշխատանքի համար 60 հազար դրամ ենք վարձատրում, բայց ոչինչ, աշխատեք, ստրուկներ ջան։ Այսինքն ինչ-որ մեկը ենթադրենք սնունդի առաքման բիզնես է նախաձեռնել, 10 թափուր աշխատատեղեր ունի ու Հայաստանի աղքատ բնակչության վրա մունաթ է գալիս․ #գործ կա։

Այդ տրամաբանության համաձայն Հանրապետությունում առկա սոցիալական անարդարությունը, զանգվածային գործազրկությունը, մարդկանց աշխատանքային անբարեհույս պայմանները, աշխատավորների իրավունքների ոտնահարման փաստերը սուտ են, պարզապես ժողովուրդը ծույլ է, անկապ-աննպատակ արտագաղթում է առանց հասկանալու, որ իրականում երկրում գործ կա, մի քանի առաքիչի գործ կա։ Գիտե՞ք ցինիզմը որն է, երբ #գործ կա լոզունգի շրջանակներում ժողովրդի վրա մունաթ եկող գործիչները սկսում են շրջանառության մեջ դնել չափազանց հուզիչ պատմություններ: Այդ պատմությունները չափազանց լպրծուն են ու մակերեսային: Այսինքն ինչ-որ մեկը դրամատիզացված կերպով սկսում է պատմել իր կյանքի հուզիչ պատմությունը, ինքն ամբողջ կյանքը աշխատել է, չի ծուլացել, չարչարվել է և վերջապես արդյունքի է հասել, դուք էլ մի՛ ծուլացեք և անպայման արդյունքի կհասնեք:

Խոստովանենք, որ չափազանց հուզիչ է: Հիմա նույն տրամաբանությամբ ես էլ կարող եմ պատմել իմ պատմությունը (որը ոչ պակաս լպրծուն կհնչի)՝ կարծելով, որ եթե կյանքը ինձ մի քիչ ավելի թեթև պայմաններում գումար աշխատելու հնարավորություն է տվել, ապա ամեն ինչ կարգին է՝ թքած սոցիալական անարդարության վրա, չկա նման բան, պարզապես մարդիկ ծույլ են: Ինչ նողկալի է չէ՞ հնչում: Բարդ է մարդկանց բացատրել, որ նույնիսկ սոցիալական անարդարության պայմաններում հնարավոր է մի քանի հաջողված կարիերայի դեպքեր արձանագրվեն, բայց դա չի նշանակում, որ երկրում ամեն ինչ կարգին է և կարելի է սեփական հուզիչ պատմությունը մտցնել ուրիշների աչքը, թե բա աշխատեք, այ ծույլ «համբալներ»: Սա դեռ մի կողմ, աշխատանքի հայտարարության բովանդակություններն են ամենասպանիչը: Որպես կանոն դրանց մեջ պետք է հանդիպի կրեատիվ բառը՝ «Ծ» հնչեղությամբ, այսինքն՝ կրեաԾիվ: Հա՛, իրենց կրեաԾիվ աշխատողներ են անհրաժեշտ: Ի՞նչ է դա, էդ ի՞նչ հիմար բառ է, ո՞րն ա դրա իմաստային չափորոշիչը: Օրինակ՝ ինձ հանդիպած բոլոր կրեաԾիվ անհատականությունները ունեցել են նույն կացին դեմքի արտահայտությունը, դրանց հայացքը, բառերը, նախասիրությունները գրեթե չեն տարբերվում:

Կազմակերպում են նաև թրեյնինգներ, որոնց ժամանակ կարելի է հանդիպել Սիերա Լիոնեի ակցենտով անգլերեն անկապ բառեր օգտագործող ու «քյութ» բառը չարաշահող աղջիկների ու տղաների, որ ինչ-որ իդիոտ, բայց իրենց համոզմամբ խորը մտքեր են արտահայտում, հասկանու՞մ եք՝ խորը, ինքը խորը անհատականություն է՝ պոստմոդեռնիստական դեպրեսիայի հորձանուտի մեջ ընկղմված: Այ կրեաԾիվները սրանք են՝ սնոբիզմով տառապող խորը հիփստերները, որոնք մունաթ են գալիս հայաստանցիների վրա՝ նրանց պիտակելով որպես ծույլ, քյարթ ու աշխատել չսիրող: Իսկապես զզվելի են այդ թրեյնինգներն ու սեմինարները։

Նկատե՞լ եք, որ հայաստանցիներին ինչ-որ ճշմարտություններ են սովորեցրել, իբրև թե դրանք հայկական մենթալիտետի մի մասնիկն են: Էս բառը կիսագրագետները ոնց պատահի բռնաբարում են: Մարդկանց գլուխները մտցրել են, որ հայաստանցիները աշխատել չեն սիրում, կաշառակեր են և այդ ամենը հնարավոր չէ փոխել, որովհետև դա նստած է մենթալիտետի մեջ: Սա շարքային անողնաշար տգիտություն է: Հետաքրքիր է, որտեղի՞ց մարդկանց այդքան վստահություն, որ նրանք կարողանում են էթնոսի և սոցիումի վերաբերյալ վերդիկտներ սահմանել, մշակութային ու փիլիսոփայական պիտակումներ տալ, որտե՞ղ է այդ վերբնական գիտելիքի աղբյուրը: Ի դեպ, այս շրջանառվող մտայնությունների սնուցող աղբյուրը իշխանություններն են, նրանց ձեռնտու է, որպեսզի ազգը և սոցիումը հայտնվեն բարոյական լուսանցքից այն կողմ, կորցնեն արժանապատվությունն ու ինչ-որ բան փոխելու վճռականությունը: Հայաստանցիներին պետք է բացատրել, որ մենթալիտ կոչվածը մի փոքր այլ ժանրից է, դա ավելի շատ գիտական հետազոտության թեմա է, և կաշառակերությունն ու ծուլությունը իրականում հայերի մենթալիտեդի աբաժանելի մասնիկները չեն: Մի խոսքով՝ #գործչկա։