Պուտինի ներկայությունը

Պուտինի ներկայությունը
Այցելելով Սիրիա, Ռուսաստանի նախագահը հայտարարել է այդ երկրից զորքերի դուրս բերելու մասին: Այդ նշանակալի հայտարարությունն արվել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ նախագահից խոր դժգոհության համապատկերին: Նույն օրը Ռուսաստանի նախագահն այցելել է նաեւ Եգիպտոս եւ Թուրքիա՝ ի ցույց դնելով տարածաշրջանում իր աճող ազդեցությունը: Թուրքիայի նախագահի հետ Վլադիմիր Պուտինը քննարկել է ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այնպես էլ աշխարհաքաղաքական նշանակության հարցեր: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Երուսաղեմի խնդրին:



Ռուսաստանը եւ Թուրքիան համակարծիք են, որ Երուսաղեմի կարգավիճակը միակողմանիորեն չի կարող փոխվել: Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ անցած օրերին դիվանագիտական շփումներ չեն եղել, ինչը նշանակում է, որ հրեական պետությունը Մոսկվայից ակնկալիքներ չունի: Բայց այդ ակնկալիքները չկան նաեւ Եվրամիությունից, որտեղ Իսրայելի վարչապետին մերժել են «ճանաչել իրողությունը»: Երուսաղեմի հարցում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը մնացել են առանց դաշնակիցների: Փոխարենը Մերձավոր Արեեւլքում աճում է Ռուսաստանի ազդեցությունը: Կարելի է ասել, որ Սիրիայից զորքերը հեռացնելու որոշում ընդունելով՝ Ռուսաստանը ոչ թե թողնում է տարածաշրջանը, այլ փաստացի ավելի ամրապնդվում այնտեղ: Արաբական երկրների եւ Թուրքիայի հետ խորացող համագործակցությունը դրա վկայությունն է:



Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Նրա վերընտրությունը որեւէ կասկածի տեղ չի թողնում: Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումն, այսպիսով, ունի նաեւ ներքաղաքական ենթատեքստ: Բոլորի համար էլ պարզ է, որ Ռուսաստանն արդեն երբեք չի թողնի Սիրիան, ռազմակայանները մնում են, կմնան, ամենայն հավանականությամբ, զինվորական խորհրդատուները: Սիրիայի ապագայի հարցն, այսպիսով, լուծվում է ռուսական սցենարով եւ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Մերձավոր Արեւելքում Ռուսաստանն իր համար հեղինակավոր ներկայություն է ապահովել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը, կասկածից դուրս է, մեծապես կսառեցնի ԱՄՆ- արաբական աշխարհ հարաբերությունները: Պուտինի տարածաշրջանային այցը ստեղծված վակուումը լցնելու նպատակ էր հետապնդում:



Գոնե քարոզչատեղեկատվական հարթությունում Ռուսաստանի հաջողությունն ակնհայտ է: Այս համատեքստում ի՞նչ է սպասվում Հարավային Կովկասին: ՆԱՏՕ-ի վերլուծաբաններն օրերս տագնապով գրել էին, որ Ռուսաստանը «կարող է վերցնել Ադրբեջանը»: Կա՞ն նման նախանշաններ՝ դեռեւս պարզ չէ: Բայց մի բան ակնհայտ է՝ Մերձավոր Արեւելքում կայուն եւ ծանրակշիռ ներկայություն հաստատած Ռուսաստանը Հարավային Կովկասում կարող է ավելի անկաշկանդ գործել։



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**