Կարտոֆիլի, թարս խիարի եվ Խոսրով Հարությունյանի աննախադեպ աշխատասիրության մասին

Կարտոֆիլի, թարս խիարի եվ Խոսրով Հարությունյանի աննախադեպ աշխատասիրության մասին
Սերժ Սարգսյանը, մասնակցելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ն անցկացված տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին, հանդես է եկել ընդարձակ ելույթով, որը քիչ է ասել` ապագա վարչապետի ելույթ էր:



Որոշ լրատվամիջոցներ շտապեցին այդ ելույթը «գողական» որակել եւ կանխատեսել Հայաստանի «գողական» ապագան, բայց մենք համամիտ չենք այդ տեսակետին: Ինչո՞ւ:



Նախ` շատ մանրակրկիտ ելույթ էր, իրավիճակի հստակ իմացությամբ, ճշգրիտ գնահատականներով, նոր սկսված եւ նախկինից եկող գործընթացների փոխկապակցման եւ դրանց վերջնական հանգրվանների մասին տեսլականներով: Ի լրումն այս ամենի, Սերժ Սարգսյանը չմոռացավ նշել, որ ինքը «նրանցից» չէ, որ նստում են նոր պաշտոնին եւ իրենց մարդկանց շուրջը հավաքում: Ով լավ է աշխատում, կարողանում է աշխատել` կպահի, ով չէ` կասի հաջողություն: Սա էլ` ի գիտություն քաղաքական ուժերի եւ գործիչների` անկախ պատկանելությունից:



«Գողական սխոդկաների» ժամանակ հազիվ թե «ասողն» այսքան ջանք թափեր: Մեր խնդիրը, սակայն, այդ ելույթին վերջնական եւ օրիգինալ գնահատական տալը չէ: Դա իմ անմիջական պարտականությունների մեջ չի էլ մտնում: Կա վարչապետ, կա կառավարություն, կա բանկի կառավարիչ, մարզպետներ ու համայնքապետներ, թող հա՛մ գնահատական տան, հա՛մ հետեւություններ անեն: Բանուգործների անունն ի՞նչ է: Խնդրեմ, նախագահն ասում է. «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք, եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության»: Մեկն ինձ այսպես դոշով պաշտպաներ, կյանքս չէի խնայի նրա համար, բայց մեր վարչապետն ու կառավարությունը լռում են: Իսկ գիտե՞ք ինչու: Լռում են, որովհետեւ չեն կարող ասել. «Այ Ազատիչ ջան, ախր խեղճ համայնքապետերն ի՞նչ անեն, որ նրանց առաջարկած ծրագրերի համար փող չկա, ու այդ պատճառով են դրանք մերժվել»:



Չեմ ուզում մտնել նախագահ-վարչապետ-կառավարություն խառը հաշիվների մեջ: Իմ կարծիքով` ես մեկ այլ, ոչ պակաս կարեւոր բան եմ գտել նախագահի այդ ելույթում: Սերժ Սարգսյանը, փաստորեն, Դիլիջանում տվել է ժամանակին (եթե չեմ սխալվում` դարձյալ Տավուշում էր) մեծ հնչեղություն ստացած հարցի պատասխանը, թե ինչու է ոմանց «խիարը» թարս աճում: Այսինքն. «Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր եւ տեսնում ենք, որ նույն աշխատուժն ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակն ուղղակի խղճահարություն է հարուցում»: Այս հարցադրումը կատարելուց առաջ Սերժ Սարգսյանը լսարանին նախապես առաջարկել էր, որ եթե մեկը գիտի պատասխանը, թող ամբիոնից ասի: Բայց ո՞ւմ դարդն էր կտրվել, որ մտներ նախագահի «իրավասության» այդ ինքնատիպ դաշտը, մանավանդ որ, չսպասելով որեւէ մեկի «կարծիքին», նախագահն ինքն էլ պատասխանել է. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունն ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու, եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»: Այսպիսով` ամրագրումը կատարված է` ով վատ է աշխատում կամ քիչ, նրա «խիարը» թարս է աճում:



Այս ելույթի նախօրյակին ՀՀԿ համամասնական ցուցակի 2 կարկառուն ներկայացուցիչ, կարելի է ասել, արդեն հող էին նախապատրաստել, որպեսզի նախագահի ելույթի «անհաջողակների» հատվածը շատ չգրգռի հասցեատերերին` թարս բուսած «խիարով» ՀՀ քաղաքացիներին, որոնց թիվը բավականին մեծ է: Այո, խոսքը «կարտոլի» զգլխիչ սկանդալի մասին է, որ պայթեց Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի հայտարարություններից հետո: Պայծառատես երեսփոխաններն արդարացրել էին աննախադեպ գնաճը` նշելով, որ այն չի կարող ազդել «կարտոֆիլ նախընտրող» աղքատների վրա, որոնք միս, կարագ եւ այլ թանկ բաներ գնել չեն կարողանում:



Իսկ հիմա փորձենք ի մի բերել «խիարի» եւ «կարտոլի» փոխլրացնող այս պատմությունները: Ինչպե՞ս է ստացվել, որ միմյանց հետ անկախության ճանապարհին ոտք դրած Խոսրով Հարությունյանն ու, օրինակ, Էդիկ Անդրեասյանը տարբեր սոցիալական վիճակում են: Նայում ես՝ առաջինի տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուսի տանն էլ։ Այդ համայնքում (Երեւանում) կարծես ասֆալտը գրեթե նույնն է, ջրի եւ հոսանքի վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկն ապրում է շատ լավ տան մեջ, խանութից միս ու կարագ է առնում, իսկ մյուսը` ԽՍՀՄ-ի տված 2 սենյականոց ձրի բնակարանում եւ միայն «կարտոլ» է ուտում»: Կարելի՞ է, արդյոք, սրանից ենթադրել, որ բարձրագույն կրթությամբ, իր գիտակցական կյանքում միշտ 2 տեղ աշխատած Էդիկ Անդրեասյանն աշխատել չի սիրում, իսկ Խոսրով Հարությունյանն ահավոր աշխատասեր է: Ամոթ քեզ, Էդիկ Անդրեասյան: Ահավասիկ, Խոսրով Հարությունյանը «երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա ունի: Որոշ տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարագրած բնակարաններից մեկը Հյուսիսային պողոտայում է, ինչպես նաեւ ավտոկայանատեղին: Բացի այդ՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում: Նրա դրամական միջոցները 40 հազար դոլար են: Բավական հարուստ է նաեւ նրա որդին` Ռոբերտ Հարությունյանը, ով արտաքին գործերի փոխնախարար է: Նա ունի շենք, շինություններ, երկու հողամաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 եւ NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենաներ: Փոխնախարար որդին երեք ընկերություններում ունի 5 մլն․ 605 հազար դրամի բաժնեմաս, իսկ դրամական միջոցները կազմել են 25 մլն․ դրամ եւ 200 հազար դոլար: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է աշխատավարձը` ամսական 343 հազար դրամ, եւ մեկ ընկերությունից ստացած 9 մլն․ 408 հազար դրամի չափով շահաբաժինը: ԱԳՆ-ում են աշխատում նաեւ Հարությունյանի դուստրն ու փեսան՝ իրենց հերթին հասցնելով կուտակել մեծ միջոցներ: Փեսան՝ Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար է, ավելի վաղ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր. նա էլ հայտարարագրել է 26 հազար եվրո եւ 162 մլն․ դրամ: Իսկ Խ. Հարությունյանի դուստրը՝ Էլենը, հայտարարագրել է 172 մլն․ դրամ եւ 5 հազար եվրո»:



Այսքան բանն իմանալուց հետո ո՞ւմ «խիարը» թարս չէր աճի: Բայց ես առանձնապես նախանձ չեմ, եւ եթե շատ չդրդեն, ոչ մեկին էլ գող չեմ ասի: Այդուհանդերձ, ինձ չի թվում, որ Խոսրով Հարությունյանը, նախագահի ասած` երազանքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել կարտոֆիլին «պրիզնատ» չգալու իր հնարավորությունը: Հայաստանում հալալ աշխատանքով եւ պաշտոնյայի աշխատավարձով ազնվորեն հարստանալու նախադեպեր չկան: Սրա մասին է խոսքը:



 



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**