Դեսպանները մրցանակներ հանձնեցին համընդհանուր իրավունքների պաշտպանության առթիվ

Դեսպանները մրցանակներ հանձնեցին համընդհանուր իրավունքների պաշտպանության առթիվ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը այսօր Մատենադարանում հրավիրել էին միջոցառում՝ նվիրված Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը։ «Խիզախ կին» մրցանակը հանձնվեց Անի Բալխյանին՝ մարդասիրական առաքելության, մարդկային կյանքեր փրկելու, փախստականների պաշտպանությունն առաջ մղելու իր բացառիկ նվիրվածության եւ Սիրիայից տեղահանված ընտանիքների ինտեգրմանն ուղղված նրա խիզախ քայլերի համար։



«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին պարգեւատրեց «Արդարության եւ թափանցիկության խթանում» մրցանակով։ ԵՄ դեսպանը նշեց, որ ինքը կարեւորում է, որպեսզի արդարությունը լինի հիմա, ոչ թե ուշացած։ Նա նշեց նաեւ, որ դպրոցները պետք է զերծ մնան քաղաքական շահարկումներից։ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը հանձնեց Վիգեն Քոչարյանին։ Մամուլին էլ մրցանակ հասավ։ «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանձնեց «Մեդիա գերազանցություն» մրցանակը։ Իսկ կրոնի եւ հավատամքի ազատության պաշտպանության համար «Ազատության պաշտպան» մրցանակը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը հանձնեց Իզաբելլա Սարգսյանին։