Հայաստանին Սահակաշվիլու պես գործիչներ են պետք

Հայաստանին Սահակաշվիլու պես գործիչներ են պետք

Վրաստանը Աթենքը չի, իսկ Սահակաշվիլին էլ՝ Պերիկլեսը, բայց, այնուամենայնիվ, նա 21-րդ դարի ամենահետաքրքիր և հակասական գործիչներից մեկն է: Նրան ծաղրող, ձերբակալող կամ էլ նրա ուղղությամբ բաժակ շպրտող մանր-մունր կաշառակեր չինովնիկները կանցնեն կգնան, պատմությունը կջնջի դրանց մասին հիշողությունը, իսկ Սահակաշվիլին կապրի հավերժ՝ որպես Վրացական նոր պետության հիմնադիր հայր:

Նա, իր թիմի հետ միասին ռեֆորմներ է նախաձեռնել այնպիսի ցավոտ անցումային մի ժամանակաշրջանում, երբ դրանք չէին կարող կյանքի կոչվել առանց սխալների և բացթողումների: Հնարավոր չէ հետխորհրդային փտած տարածքներում թեթև ռեֆորմներով ամեն ինչին իդեալական տեսք տալ: Վրաստանի պես երկրում, որտեղ ինստիտուտներն ու համակարգերը կամ չէին գործում կամ էլ գործում էին թերի, իսկ հասարակության մեծ մասը ներքաշված էր մաֆիայի հետաքրքրությունների ոլորտը, կոշտ վիրահատական միջամտությունը պարտադիր էր, իսկ դա կրկնում եմ չէր կարող ցավոտ չլինել: Ահա սա է պատճառը, թե ինչու արդի Վրաստանում Սահակաշվիլու կերպարը միանշանակ չի ընկալվում։

Բոլորը միաբան են այն հարցի շուրջ, որ ներկայիս զարգացող երկիրը նախկին նախագահի ջանքերի արդյունքն է, բայց, այնուամենայնիվ, զգացմունքային ֆոնի ազդեցության ներքո չեն կարողանում ներել նրան, քանի որ երկրի բնակչության ամեն երրորդը հետապնդումների է ենթարկվել ոստիկանության կողմից։ Խոստովանենք, որ այլընտրանք լինել չէր կարող, մաֆիայի տոտալ տիրապետության տակ գտնվող հանրույթում այլ կերպ հնարավոր չէր։

Միայն տասնամյակներ անց Վրաստանում կհասկանան Սահակաշվիլու արժեքը, բայց ներկայումս կատարվում է այն, ինչն ավելի քան օրինաչափ է ու տրամաբանական: Ռեֆորմատորների ճակատագիրն է այդպիսին, միշտ էլ այդպես է լինում, նրանցից երես են թեքում ու հրաժարվում: Իհարկե մի փոքր անհավատալի է, բայց չի բացառվում, որ հետախուզման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայում ծավալվող ժողովրդական շարժման հիմքի վրա կարող է այդ երկրում նույնպես իշխանափոխություն իրականացնել և դառնալ Կիևի նոր առաջնորդը։ Ժամանակին Վրացական հեղափոխությունն էլ էր անհավանական թվում, իսկ Էդուարդ Շևարնաձեի իշխանությունը՝ անառիկ, բայց եղավ այն, ինչ-որ եղավ։ Եթե նույնիսկ Սահակաշվիլին որևէ հաջողության չհասնի Ուկրաինայում, միևնույնն է, նրա նախաձեռնած պայքարն իր ներգործությամբ չափազանց մեծ ու կարևոր նշանակություն կունենա այդ երկրի համար։ Վրաստանի նախկին նախագահն ու Ուկրաինայի ընդդիմության ներկայիս առաջնորդը միգուցե 21-րդ դարի Չե Գևարա՞ն է, ի՞նչ իմանաս մինչև չիմանաս:

Վստահաբար պետք է փաստել, որ Հայաստանին Սահակաշվիլու պես գործիչներ են պետք: