Տոլման և՛ արդբեջանցիներինն է և՛ հայերինը

Տոլման և՛ արդբեջանցիներինն է և՛ հայերինը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Հայաստանում չափազանց մեծ աղմուկ է բարձրացել, հայու գենն ու արժանապատվությունը վիրավորվել է։ Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ աշխարհում ամեն ինչ պետք է ստեղծված լինի Հայաստանում, իսկ «դավադիր» աշխարհը պետք է հաշվի նստի այդ փաստի հետ։

Օրինակ՝ Պիցցան որպես այդպիսին իտալական է, բայց դրա դրսևորումները տարածվել են ամբողջ աշխարհով մեկ և հիմա պիցցայի նախնական հիմքի վրա հազար ու մի ճաշատեսակներ են ստեղծվել՝ ըստ աշխարհագրական դիրքի և տարբեր ազգերի տարբեր նախասիրությունների: Բայց ոչ ոք դրա մասին չի էլ մտածում և ավելին՝ մարդիկ չեն էլ մտածում, որ այդպիսի հարցի մասին կարելի է մտածել: Միայն փոքրիկ Անդրկովկասում երկու փոքրիկ, քարտեզի վրա նորմալ չերևացող էթնիկական խմբեր անդադար վիճում են, թե ի վերջո ո՞վ է առաջինը տոլմա փաթաթել, կամ ո՞վ է առաջինը լավաշ թխել:

Բայց կարելի է չէ՞ տոլմայի մակարդակից մի փոքր ավելի վեր բարձրանալ ու հասկանալ, որ և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում տոլմա ուտելու դեպքում, միևնույնն է, վերջաբանը նույնն է լինելու: Ինչու՞ է հայաստանցիներին թվում, թե տոլման հենց միայն հայկական է և չի կարող լինել և՛ հայկական և՛ ադրբեջանական, ավելին՝ տոլմայի աշխարհագրությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից։ Բալկանյան թերակղզուց մինչև Իրան տարբեր ժողովուրդներ պատրաստում են տոլմա և բոլորի համար էլ այն ազգային ճաշատեսակ է։ Այսինքն՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքում գրեթե բոլոր ժողովուրդները տոլմա են պատրաստում և չափազանց դժվար է ասել, թե որտեղ է այն առաջացել, երևի իմաստ էլ չկա։ Տոլման բոլորինն է՝ հայերինը, ադրբեջանցիներինը, հույներինը և այսպես շարունակ։

Կա նաև մեկ այլ տարբերակ։ Չի բացառվում, որ տոլման առաջին անգամ պատրաստվել է Հայաստանում և դուրս գալով հայկական իրականությունից տեղայնացվել է նաև այլ մշակութային միջավայրերում՝ դառնալով նաև ադրբեջանական։ Կամ էլ հակառակը, կարծում եմ էական էլ չէ, կարևորն այն է, որ տոլման չափազանց համեղ է և բոլորն էլ այն սիրում են։ Քանի դեռ հայաստանցիները փորձում են պատմության երևացող և չերևացող փոշին հայացնել, այս գավառական միջավայրում երբևէ նոր արժեք չի ստեղծվի։

Ծաղրանկարը՝ Ադրբեջանից արտաքսված հայտնի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում տոլմա ուտելուց հետո արդյունքը նույնն է լինում։